Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հունիս 2015

Թութակաձուկ. ավազի հմուտ վարպետ

Թութակաձուկ. ավազի հմուտ վարպետ

ԻՆՉՊԵ՞Ս Է առաջանում ավազը։ Տարբեր ձևերով։ Այն տարբերակը, որի մասին կիմանանք այս հոդվածում, գուցե զարմացնի ձեզ։ Կա ավազ արտադրող մի հմուտ վարպետ, որի համար որպես հումք ծառայում է կորալը։ Այդ վարպետը թութակաձուկն է։

Թութակաձուկն ապրում է արևադարձային երկրների ափերը ողողող ջրերում։ Իր բերանն առնելով կորալի կտորը՝ նա առանձնացնում է սնունդը, իսկ մնացած մասը վերածում է ավազի։ Դրա համար նա օգտագործում է իր կտուցանման հզոր ծնոտը և ավելի խորն ընկած ամուր ատամները, որոնք չեն մաշվում մինչև կյանքի վերջ, թեև թութակաձկան որոշ տեսակներ կարող են ապրել մինչև 20 տարի։

Որոշ տարածքներում թութակաձկան աշխատանքի՝ մեռած կորալները կրծելու արդյունքում ավելի շատ ավազ է արտադրվում, քան այլ բնական պրոցեսների։ Ըստ մասնագետների որոշ հաշվարկների՝ մի թութակաձուկը տարեկան հարստացնում է միջավայրը մոտ 100 կիլոգրամ ավազով։

Թուխ թութակաձուկ (Scarus niger)

Թութակաձուկը մեկ այլ կարևոր գործ էլ է կատարում։ Շարունակ կրծելով մեռած, մամռակալած կորալները և բուսազանգվածը՝ նա հետևում է կորալների մաքրությանը։ Նրա այս հատուկ սննդակարգը նպաստում է, որ կորալային խութերը մաքուր և գեղեցիկ տեսք ունենան։ Որտեղ բացակայում են այս «կրծողներն» ու իրենց բուսակեր ընկերները, խութերը անմիջապես պատվում են ջրիմուռներով։ «Ոմանք ասում են, որ խութերն այսքան հմայիչ չէին լինի, եթե չլինեին [այս] բուսակերները»,— նշվում է «Կյանքը խութերում» գրքում (Reef Life)։

Ցերեկվա ծանր աշխատանքից հետո այս ջանասեր վարպետը, ինչ խոսք, պետք է գիշերը լավ հանգստանա։ Այստեղ էլ նա զարմացնում է մեզ։ Խութերում գիշերը ապահով չէ, քանի որ շատ գիշատիչներ հենց այդ ժամանակ են դուրս գալիս որսի։ Թութակաձուկը սովորաբար քնում է ժայռածերպերի արանքում, բայց նրա թաքստոցը միշտ չէ, որ կարող է պաշտպանել իրեն քաղցած շնաձկան երախից։

Որպես լրացուցիչ պաշտպանություն՝ թութակաձկան որոշ տեսակներ գիշերը հագնում են «գիշերազգեստ»։ Նրանք արտազատում են լորձ, որը հաստ շերտով պատում է իրենց։ Օվկիանոսագետների կարծիքով՝ տհաճ հոտով այս թափանցիկ շղարշը վանում է գիշատիչներին։

Թութակաձուկը կորալային խութերի հմայիչ և ամենաշատ աչքի ընկնող բնակիչն է։ Թե՛ էգերը, թե՛ արուները ունեն վառ գունավորում, ինչը չափահաս դառնալիս փոփոխության է ենթարկվում։ Այն ջրերում, որտեղ ձկները շատ չեն, այս ձուկը հեշտությամբ ընտելանում է մարդկանց, դրա համար էլ դասվում է ամենահեշտ ուսումնասիրվող ձկնատեսակների շարքին։

Ոչ մի ջրասուզակ, ով մոտիկից է տեսել այս ձկանը և լսել է, թե ինչպես է ախորժակով խրթխրթացնում կորալը, երբեք չի մոռանա իր տպավորությունները։ Այո՛, թութակաձուկը ոչ միայն աչք է շոյում իր գունագեղ «հանդերձանքով», այլև մաքուր և առողջ միջավայր է ապահովում իր հարևանների՝ խութերի մյուս բնակիչների համար։