Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Մայիս 2015

«Աստված դարմանում է մեր հոգու վերքերը»

«Աստված դարմանում է մեր հոգու վերքերը»

ՆԱՏԱԼՅԱՆ ու նրա իննամյա որդին՝ Ասլանը, կուչ էին եկել Զարինայի ու նրա տասներկու տարեկան աղջկա՝ Անժելիկայի կողքին։ Նրանց պես՝ ավելի քան 1000 երեխաներ ու ծնողներ, մինչև ատամները զինված ահաբեկիչների հսկողության տակ, վախի ու անորոշության մեջ սպասում էին։

2004թ. սեպտեմբերի 1-ն էր։ Ալանիայի (հանրապետություն Ռուսաստանում) Բեսլան քաղաքում երեխաները ծնողների հետ հավաքվել էին դպրոցի բակում՝ տոնելու առաջին զանգը։ Հանկարծ ավելի քան 30 զինված տղամարդիկ և մահապարտ-ահաբեկիչներ, օդ կրակելով և բղավելով, խուժեցին նրանց մեջ։ Նրանք ահաբեկված ամբոխին քշեցին դպրոցի սպորտդահլիճ և փակեցին այնտեղ։ Սպորտդահլիճի շուրջը լարերով պայթուցիկներ անցկացրին։

Բանակցություններ և քաոսային վիճակ

Ահաբեկիչների և անվտանգության ուժերի միջև երեք օր շարունակ լարված բանակցություններ էին ընթանում։ «Ես երբեք այդքան շատ չէի աղոթել»,— հիշում է Նատալյան, ով այդ ժամանակ Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։

Ամառվա շոգը դեռ չէր անցել, և սպորտդահլիճում օդը ծանր էր ու հեղձուցիչ։ Ահաբեկիչները պատանդներին ուտելու և խմելու ոչինչ չէին տրամադրում։ Երրորդ օրը պատանդներից ոմանք ստիպված սկսեցին խմել իրենց մեզը և ուտել այն ծաղիկները, որ երեխաները բերել էին ուսուցիչների համար։ Նատալյան պատմում է. «Կողքիս նստած տղան ձեռքիս մեջ մի տերև դրեց։ Ես երկու կես արեցի այն, մեկը տվեցի Անժելիկային, մյուսը՝ Ասլանին»։

Նույն օրը ժամեր անց քաոս սկսվեց։ «Պայթյուններից գետին ընկա, թանձր ծուխը ծածկեց ամեն ինչ, և կրակահերթ սկսվեց»,— պատմում է Նատալյան։ Այդ կրակահերթի տակ Նատալյային ու Ասլանին հաջողվեց սողեսող փախչել այդտեղից։ Ալան անունով մի տղամարդ օգնեց նրանց դուրս գալ  ապահով վայր։ Շատերին, սակայն, չհաջողվեց փախչել։

Ավերակներ մարդկանց հոգում

Անժելիկան մահացավ կրակահերթի ժամանակ

Հարյուրավոր երեխաներ ու մեծեր դարձան այս մարդկային աղետի զոհը։ Նրանց թվում էր Անժելիկան։ Շաբաթներ շարունակ աղեկտուր ողբի ձայնը չէր դադարում Բեսլանում։ Նատալյայի բնակարանի պատուհանից երևում էր դպրոցի շենքը։ Նույնիսկ երբ նոր դպրոց կառուցվեց, Ասլանը չէր կարողանում ոտք դնել այնտեղ, նա նույնիսկ դուրս չէր գալիս բակ՝ խաղալու։ Նատալյան ասում է. «Մենք աղոթում էինք Եհովային, որ օգնի նրան հաղթահարել իր վախը»։ Ժամանակի ընթացքում Ասլանը իր մեջ համարձակություն գտավ գնալու դպրոց։

Նատալյայի համար դժվար էր գնալ ժողովի հանդիպումներին՝ Թագավորության սրահ։ Նա պատմում է. «Երբ տեսնում էի շատ մարդկանց փակ տեղ հավաքված, ինձ թվում էր՝ ուր որ է կհարձակվեն այդ շենքի վրա։ Ամբողջ ընթացքում աղոթում էի, որ նման բան տեղի չունենա։ Որոշ ժամանակ անց դադարեցի հաճախել հանդիպումներին։ Ինձ տանջում էր նաև այն միտքը, որ շատերը մահացան, իսկ մենք կենդանի մնացինք»։

Դարման

Նատալյան ասում է. «Ես շնորհակալ եմ ժողովի անդամներին, ովքեր շարունակեցին օգնել ինձ։ Տատյանա անունով մի Վկա այցելում էր ինձ ամեն երեք օրը մեկ։ Հետո նա սկսեց իր հետ բերել մեկ այլ Վկայի՝ Ուլյանային, որը բարի, նրբանկատ ու մեղմ անձնավորություն էր։ Նա շատ լավ գիտեր Աստվածաշունչը։ Ուլյանան գովում էր ինձ իմ թափած ջանքերի համար և իսկապես լսում էր, երբ կիսվում էի նրա հետ։

«Վերջապես կարողանում եմ խոսել այդ մասին առանց դառնության ու վախի»

Ուլյանան ինձ համար կարդաց Պողոս առաքյալի խոսքերը, որ գրված են 2 Կորնթացիներ 1։9-ում։ Ասիայում կրած դժվարություններից հետո Պողոսն ասաց. «Թվաց, թե մահապատժի ենք դատապարտված»։ Նա նաև կարդաց Եսայիա 40։31 համարը. «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը։ Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով»։ Այս համարները, ինչպես նաև մշտական էմոցիոնալ աջակցությունը, որ տրամադրեցին Ուլյանան և ուրիշները, ուժ տվեցին ինձ, որ երեխաներիս հետ կրկին գնամ ժողովի հանդիպումներին, թեև առայսօր փակ տեղ լինելիս սիրտս անհանգիստ է»։

Զարինան հետագայում դարձավ Եհովայի վկա։ Նա սպասում է այն օրվան, երբ Աստծու Թագավորության ժամանակ կրկին կգրկի իր աղջկան՝ Անժելիկային, ով հարություն կառնի ու իր հետ կապրի գեղեցիկ, խաղաղ երկրի վրա (Մատթեոս 6։9, 10; Գործեր 24։15)։ Նատալյան ու իր երեխաները մկրտվեցին 2009թ.-ին։ Նրանք առաջվա պես ապրում են սպորտդահլիճի ավերակների մոտ, բայց անցյալի սարսափները մնացել են հետևում։ Նատալյան ասում է. «Վերջապես կարողանում եմ խոսել այդ մասին առանց դառնության ու վախի։ Աստված դարմանում է մեր հոգու վերքերը»։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Լավ մարդկանց վատ բաներ են պատահում. ինչո՞ւ

Աստվածաշունչը մատնացույց է անում մարդկային տառապանքի երեք հիմնապատճառները։