Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Լավ դաստիարակություն. հազվադեպ երևույթ

Լավ դաստիարակություն. հազվադեպ երևույթ

Վերջին տասնամյակներում արևմտյան երկրներում կտրուկ փոփոխություններ են կատարվել ընտանեկան կառույցում։ Մի ժամանակ ծնողներն էին գլխավորում ընտանիքը, իսկ երեխաները հնազանդվում էին նրանց առաջնորդությանը։ Մինչդեռ այսօր որոշ ընտանիքներում ամեն բան կարծես ճիշտ հակառակն է։ Օրինակ՝ նկատի առնենք որոշ ենթադրյալ իրավիճակներ, որոնք հաճախ լինում են նաև իրական կյանքում։

  • Չորս տարեկան մի տղա խանութում ձեռքը մեկնում է խաղալիքին։ Նրա մայրը փորձում է հետ պահել նրան՝ ասելով. «Դու շատ խաղալիքներ ունես, այդքանը հերիք չէ՞»։ Սակայն դա ասելուն պես նա հասկանում է, որ ընդհանրապես չպետք է հարց տար։ Տղան սկսում է նվնվալ. «Ես ուզո՜ւմ եմ»։ Վախենալով, որ երեխան, ինչպես միշտ, կսկսի կամակորություններ անել ու կընկնի հիստերիայի մեջ, մայրը զիջում է նրան։

  • Հինգամյա մի աղջնակ ընդհատում է իր հորը, որն այդ պահին խոսում է ինչ-որ մեկի հետ, և ասում. «Հոգնել եմ։ Ուզում եմ տուն գնալ»։ Հայրը դադարեցնում է իր զրույցը և կռանալով դեպի իր դուստրը՝ մեղմ ձայնով ասում է. «Մի փոքր էլ կսպասե՞ս, անուշիկս»։

  • Տասներկուամյա Ջեյմսի հորը հայտնում են, որ նրա որդին կրկին բղավել է իր ուսուցչի վրա։ Հայրը շատ է բարկանում, բայց ոչ թե իր երեխայի վրա, այլ ուսուցչի, և ասում է որդուն. «Նա անընդհատ ճնշում է քեզ։ Ես նրա դեմ բողոք եմ ներկայացնելու դպրոցի տնօրինությանը»։

Թեև վերոհիշյալ իրավիճակները հորինված են, բայց հեռու չեն իրականությունից։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ խնդիրներ կան շատ ընտանիքներում, որտեղ ծնողները հանդուրժում են երեխաների անքաղաքավարի վարվելակերպը, միշտ անում են նրանց ուզածը կամ փորձում են ազատել երեխաներին նրանց սխալ արարքների հետևանքներից։ «Ինքնասիրահարվածության համաճարակ» գրքում ասվում է. «Այսօր գնալով ավելի հաճախ ենք տեսնում, որ ծնողները իշխանություն են տալիս իրենց երեխաներին։ Դեռ տարիներ առաջ երեխաները գիտեին, թե ով է տան գլխավորը, ու գիտեին, որ դա իրենք չեն» (The Narcissism Epidemic)։

 Ինչ խոսք, այսօր շատ ծնողներ ջանում են իրենց երեխաների մեջ ճիշտ արժեքներ սերմանել՝ ոչ միայն լավ օրինակ լինելով նրանց համար, այլև հարկ եղած դեպքում սիրառատ ու հաստատակամ կերպով խրատելով նրանց։ Սակայն այդպիսի դաստիարակությունը կարևորող ծնողները, կարելի է ասել, «ընթանում են աշխարհի հոսանքին հակառակ», ինչպես նշվում է նույն գրքում։

Ո՞րն է այս փոփոխությունների պատճառը։ Ինչո՞ւ է լավ դաստիարակությունն այսօր հազվադեպ երևույթ։

Ծնողների իշխանությունը թուլանում է

Որոշ կարծիքների համաձայն՝ ընտանիքներում ծնողների իշխանությունը սկսել է թուլանալ 1960-ականներին, երբ մասնագետները ծնողներին հորդորում էին ավելի հանդուրժողաբար ու մեղմ վերաբերվել երեխաներին։ Նրանք այսպիսի խորհուրդներ էին տալիս. «Երեխաների համար եղեք ընկեր, ոչ թե իշխանություն ունեցող մեկը։ Գովասանքը խրատից լավ է։ Երեխաների սխալներն ուղղելու փոխարեն՝ նկատեք նրանց լավ արարքները»։ Փոխանակ օգնելու ծնողներին հավասարակշռված տեսակետ ունենալու գովասանքի ու խրատի հարցում՝ մասնագետները այն միտքն էին առաջ քաշում, թե երեխաներին հանդիմանելով՝ ծնողները կվնասեն նրանց նուրբ զգացմունքները, և երեխաները հետագայում բացասաբար կտրամադրվեն ծնողների նկատմամբ։

Կարճ ժամանակ անց մասնագետները սկսեցին խոսել նաև այն մասին, թե ինչ մեծ օգուտներ է բերում երեխաների ինքնահարգանքը բարձրացնելը։ Այնպիսի տպավորություն էր, թե անսպասելիորեն հայտնաբերվել է լավ դաստիարակության գաղտնիքը. ամեն բան անել, որ երեխան գոհ լինի ինքն իրենից։ Ինչ խոսք, կարևոր է երեխաների մեջ վստահություն սերմանել։ Սակայն մասնագետները ծայրահեղությունների մեջ էին ընկնում՝ չափից շատ շեշտ դնելով երեխաների ինքնահարգանքը բարձրացնելու վրա։ Նրանք, ըստ էության, ասում էին. «Խուսափեք բացասական բառերից, ինչպես, օրինակ, «ո՛չ» կամ «սխալ է» խոսքերից։ Շարունակ ասեք ձեր երեխաներին, որ նրանք յուրահատուկ են, նրանց նմանը չկա, և որ նրանք կարող են հասնել իրենց ուզածին»։ Փաստորեն, ըստ այդ մասնագետների՝ ավելի կարևոր է այն, որ երեխաները զգան, թե իրենք լավն են, քան թե այն, որ իրականում լավը լինեն։

Ինքնահարգանքը բարձրացնելու «գաղափարախոսությունը» հանգեցրել է նրան, որ երեխաները սկսել են մտածել, թե իրենք առանձնահատուկ իրավունքներ ունեն

Ինքնահարգանքը բարձրացնելու այդ «գաղափարախոսությունը», ինչպես նշում են ոմանք, վերջնական արդյունքում հանգեցրել է նրան, որ երեխաները սկսել են մտածել, թե իրենք առանձնահատուկ իրավունքներ ունեն, ասես ողջ աշխարհը պարտք է իրենց։ Նաև, ինչպես նշվում է «Եսասիրական սերունդ» գրքում, դրա հետևանքով շատ երեխաներ «պատրաստված չեն լինում քննադատության և ձախողումների, որոնք անխուսափելի են իրական կյանքում»։ Այդ նույն գրքում մեջբերվում են մի հոր խոսքեր։ Նա ասում է. «Աշխատավայրում ոչ ոք չի մտածում քո ինքնահարգանքը բարձրացնելու մասին.... Եթե դու  վատ զեկույց ներկայացնես, քո վերադասը չի ասի. «Ոչինչ, կարևորն այն է, որ դու շատ լավ թղթապանակ ես ընտրել»։ Եթե ծնողները իրենց երեխաներին այդպիսի «փափուկ» դաստիարակություն են տալիս, նրանք իրականում վնասում են նրանց» (Generation Me)։

Փոփոխվող տեսակետներ

Քանի որ դաստիարակչական մեթոդները հիմնված են մարդկանց տեսակետների վրա, դրանք բազմիցս փոփոխության են ենթարկվել վերջին տասնամյակների ընթացքում։ Մանկավարժ Ռոնալդ Մորիշը գրում է. «Դաստիարակության մեթոդները անընդհատ փոխվում են։ Դրանք արտացոլում են հասարակության մտածելակերպի փոփոխությունները»։ * Այս ամենի պատճառով ծնողները հաճախ շփոթության մեջ են ընկնում։ Նրանք, ինչպես Աստվածաշունչն է ասում, «ասես ալիքներից տարուբերված և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված» լինեն (Եփեսացիներ 4։14

Հստակ է, որ «փափուկ» դաստիարակության տենդենցը բացասական արդյունքներ է բերել, օրինակ՝ թուլացել է ծնողների իշխանությունը ընտանիքում։ Նաև նման դաստիարակության արդյունքում երեխաները չեն ստանում հարկ եղած առաջնորդությունը, որ ճիշտ որոշումներ կայացնեն և իսկապես պատրաստ լինեն դիմագրավելու կյանքի դժվարություններին։

Իսկ կա՞ արդյոք դաստիարակության արդյունավետ ձև։

^ պարբ. 15 Ընդգծումը մերն է։ Մեջբերված է «Secrets of Discipline: 12 Keys for Raising Responsible Children» գրքից։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս պետք է խրատես երեխաներիդ

Աստվածաշունչը խոսում է արդյունավետ խրատի 3 կերպերի մասին։

Օգնիր քո պատանուն հնազանդվելու կանոններին

Խրատել նշանակում է սովորեցնել։ Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ սովորեցնելու քո պատանուն լինելու հնազանդ և ոչ թե ըմբոստ։

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել

Եհովան երջանիկ Աստված է և ուզում է, որ ընտանիքներն էլ երջանիկ լինեն։ Իմացիր՝ ինչ գործնական խորհուրդներ կան Աստվածաշնչում ամուսնու, կնոջ, ծնողների և երեխաների համար։