Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2015

Արև և մաքուր օդ. բնական հակաբիոտիկներ

Արև և մաքուր օդ. բնական հակաբիոտիկներ

ԵՐԲ 20-րդ դարի կեսերին գիտնականները հայտնաբերեցին հակաբիոտիկները, բժիշկները հույս ունեին, որ այս նոր դեղամիջոցները կվերացնեն որոշ հիվանդություններ։ Սկզբում թվում էր, թե նրանց հույսը իրականանում է։ Սակայն հակաբիոտիկների լայն կիրառումը հանգեցրեց նրան, որ ի հայտ եկան հակաբիոտիկների դեմ կայունություն ունեցող մանրէներ։

Վարակների դեմ նոր միջոցներ գտնելու նպատակով այսօր որոշ գիտնականներ կրկին քննում են հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման անցյալում կիրառված մեթոդները։ Օրինակ՝ նրանք ուսումնասիրում են, թե արևն ու մաքուր օդը ինչ ազդեցություն են ունենում առողջության վրա։

Դասեր անցյալից

Անգլիայում որոշ բուժաշխատողներ կարծում էին, որ արևն ու մաքուր օդը բուժիչ ազդեցություն ունեն։ Օրինակ՝ բժիշկ Ջոն Լետսոնը (1744–1815) տուբերկուլյոզով հիվանդ երեխաներին որպես բուժում նշանակում էր ծովի օդ և արևի ճառագայթներ։ Իսկ 1840թ.-ին վիրաբույժ Ջորջ Բոդինգտոնը նկատել էր, որ դրսում աշխատող մարդիկ, օրինակ՝ այգեգործները, հողագործները և հովիվները սովորաբար չէին հիվանդանում տուբերկուլյոզով, իսկ նրանք, ովքեր շենքի ներսում էին աշխատում, ավելի ընկալունակ էին այս հիվանդության հանդեպ։

Ֆլորենս Նայթինգեյլը (1820–1910), որը Ղրիմի պատերազմի ժամանակ վիրավոր զինվորներին խնամելիս բուժքույրական գործում նորամուծություններ է արել, ասում էր. «Երբևէ մտե՞լ եք ինչ-որ մեկի ննջասենյակը.... գիշերը կամ վաղ առավոտյան, երբ պատուհանները փակ են։ Նկատե՞լ եք, որ այդ ժամանակ սենյակում օդը տհաճ է ու ծանր»։ Ֆլորենսը նաև ասում էր, որ հարկավոր է հոգ տանել, որ հիվանդի սենյակում միշտ թարմ օդ լինի, սակայն պետք է այնպես անել, որ հիվանդը չմրսի։ Նա նաև ասում էր. «Բժշկության մեջ իմ փորձը հստակ ցույց է տալիս, որ հիվանդները առաջին հերթին մաքուր օդի կարիք ունեն, իսկ երկրորդ ամենակարևոր բանը լույսն է.... բայց ոչ թե պարզապես լուսավորությունը, այլ արևի ճառագայթները»։ Շատերը այդ ժամանակ մտածում էին, որ անկողնային սպիտակեղենը և հագուստը արևին տալը նույնպես նպաստում է առողջությանը։

 Թեև 1800-ականներից ի վեր գիտությունը առաջընթաց է ապրել, սակայն մասնագետները այսօր էլ գալիս են միևնույն եզրահանգման։ Օրինակ՝ 2011-ին Չինաստանում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ քոլեջի ուսանողական այն ննջասենյակներում, որտեղ շատ ուսանողներ էին մնում, և բավարար օդափոխություն չէր կատարվում, «շնչառական ուղիների հիվանդությունների դեպքերն ավելի շատ էին»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ բնական օդափոխությունը, այսինքն՝ դրսի թարմ օդի ներթափանցումը սենյակ, մեծ դեր է խաղում վարակների կանխարգելման հարցում։ 2009-ին ԱՀԿ-ի հրատարակած ուղեցույցը հորդորում է օգտագործել բնական օդափոխության մեթոդը՝ որպես արդյունավետ միջոց՝ հիվանդանոցներում վարակների վտանգը նվազեցնելու համար։ *

Բայց թերևս ասեք. «Սա հետաքրքիր տեղեկություն է, սակայն ի՞նչ գիտական հիմնավորում կա դրա համար։ Ինչպե՞ս կարող են արևն ու մաքուր օդը կանխել որոշ հիվանդություններ»։

Բնության հակավարակային միջոցները

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության տարածքներից մեկում կատարված ուսումնասիրությունները որոշ պարզաբանումներ են տալիս։ Այդ ուսումնասիրությունները կատարող գիտնականները ցանկանում էին պարզել, թե Լոնդոնում որքան ժամանակ օդը վտանգավոր կլինի, եթե այնտեղ կենսաբանական զենք կիրառվի, ու օդը ախտահարվի վնասակար մանրէներով։ Որպեսզի մասնագետները իմանան, թե որքան կենսունակ են օդային ճանապարհով փոխանցվող հարուցիչները, նրանք կատարեցին հետևյալ փորձը. ոստայնաթելերին ամրացրին աղիքային ցուպիկ կոչվող մանրէներ և դրեցին մի բացօթյա տեղում։ Նրանք փորձը կատարեցին գիշերը, քանի որ այդ մանրէները ոչնչանում են արևի ճառագայթներից։ Ի՞նչ եղավ արդյունքը։

Մոտ երկու ժամ անց գրեթե բոլոր մանրէները ոչնչացել էին։ Սակայն երբ այդ նույն տեղում մանրէներին դրեցին փակ տուփի մեջ, որտեղ ջերմաստիճանը և խոնավության մակարդակը նույնն էին, ինչ նախորդ անգամ, երկու ժամ հետո այդ մանրէների մեծ մասը դեռ կենդանի էր։ Ո՞րն է պատճառը։ Ակներևաբար, դրսի օդում կա մի բան, որը սպանում է մանրէներին։ Սակայն դեռ լիովին պարզ չէ, թե մաքուր օդում կոնկրետ ինչն է սպանում մանրէներին։ Մասնագետները նշում են, որ օդում կա մի միացություն, որը առաջանում է բնական ճանապարհով և «գործում է որպես հակավարակային միջոց մանրէների ու հարուցիչների դեմ»։

Արևի ճառագայթները նույնպես ունեն բնական հակավարակային հատկություն։ Մի հանդեսում ասվում է, որ օդային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հարուցիչների մեծ մասը ոչնչանում է արևի ճառագայթներից» (Journal of Hospital Infection)։

Այսպիսով, եթե չափավոր ժամանակ անցկացնեք արևի տակ և թարմ օդ շնչեք, ձեր առողջությունը, անշուշտ, կբարելավվի։

^ պարբ. 8 Գուցե հնարավոր չլինի բաց վիճակում թողնել պատուհանները որոշ գործոնների պատճառով, օրինակ՝ դրսի օդի աղտոտվածության, աղմուկի, հակահրդեհային կանոնների կամ անվտանգության։