Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2015

 ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Հրովարտակներ, որոնք բաժանեցին մայրցամաքները

Հրովարտակներ, որոնք բաժանեցին մայրցամաքները

Երբ 1493-ին Քրիստափոր Կոլումբոսը վերադարձավ դեպի Ամերիկա կատարած իր առաջին ճանապարհորդությունից, Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորների միջև տարաձայնություններ ծագեցին կապված այն հարցի հետ, թե ով պետք է վերահսկի նոր հայտնաբերված երկրների գաղութացումը և առևտուրը։ Իսպանիան ակնկալում էր, որ Հռոմի պապ Ալեքսանդր VI-ը կօգնի լուծելու այդ վիճելի հարցը։

ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՄԵՋ

Առաջին անգամ չէր, որ Իսպանիան, Պորտուգալիան և Հռոմի պապը որոշում էին, թե ում պետք է պատկանեն նոր հայտնաբերված տարածքները։ Օրինակ՝ 1455-ին Հռոմի պապ Նիկողայոս V-ը պորտուգալացիներին բացառիկ իրավունք շնորհեց հետազոտելու Աֆրիկայի արևմտյան ափին մոտ գտնվող կղզիները և իրենց իշխանության տակ վերցնելու այն տարածքները, որ կհայտնաբերեին։ 1479-ին Ալկասովաշի համաձայնագրով Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու V-ը և նրա որդին՝ արքայազն Ժուանը, Կանարյան կղզիները հանձնեցին Իսպանիայի գահակալներ Ֆերդինանդին և Իզաբելին։ Իսկ Իսպանիան ճանաչեց Պորտուգալիայի մենաշնորհը Աֆրիկայի առևտրի նկատմամբ և նրա իշխանությունը Ազորյան, Կանաչ հրվանդանի և Մադեյրա կղզեխմբերի վրա։ Դրանից երկու տարի հետո Հռոմի պապ Սիքստոս IV-ը վերահաստատեց այդ երկու երկրների համաձայնագիրը՝ նշելով, որ Կանարյան կղզիներից դեպի հարավ և դեպի արևելք գտնվող նոր հայտնաբերված ցանկացած տարածք պատկանելու էր Պորտուգալիային։

Սակայն Ժուանը, որն արդեն նստել էր Պորտուգալիայի գահին որպես Ժուան II թագավոր, պահանջեց, որ Պորտուգալիային տրվեն նաև Կոլումբոսի հայտնաբերած տարածքները։ Իսպանիայի միապետերը չընդունեցին այդ պահանջը և դիմեցին նոր Պապ Ալեքսանդր VI-ին, որ վերջինս իրենց իրավասություն տա գաղութացնելու ու քրիստոնեացնելու Կոլումբոսի հայտնաբերած երկրները։

Հռոմի պապ Ալեքսանդր VI-ը գրչի մեկ հարվածով բաժանեց մայրցամաքները

Ի պատասխան՝ Ալեքսանդրը արձակեց երեք պաշտոնական հրովարտակ։ Առաջին հրովարտակով «Ամենակարող Աստծու  տված իշխանությամբ» նոր հայտնաբերված տարածքները մեկընդմիշտ հանձնվելու էին բացառապես Իսպանիային։ Երկրորդ հրովարտակով հաստատվեց մի սահմանագիծ, որը ձգվում էր հյուսիսից հարավ՝ Կանաչ հրվանդանի կղզիներից մոտ 560 կմ դեպի արևմուտք։ Այդ սահմանագծից դեպի արևմուտք գտնվող բոլոր երկրները, որ հայտնաբերվել էին կամ դեռ կհայտանբերվեին, պատկանելու էին Իսպանիային։ Փաստորեն, Հռոմի պապը գրչի մեկ հարվածով բաժանեց մայրցամաքները։ Իսկ նրա երրորդ հրովարտակով Իսպանիայի իշխանությունը, ինչպես երևում է, տարածվելու էր նաև դեպի արևելք՝ մինչև Հնդկաստան։ Սա, ինչ խոսք, խիստ վրդովեցրեց Պորտուգալիայի Ժուան թագավորին, քանի որ նրա հպատակները ընդամենը որոշ ժամանակ առաջ հարավից հաջողությամբ շրջանցել էին Աֆրիկա մայրցամաքը և Պորտուգալիայի մենիշխանությունն էին հաստատել Հնդկական օվկիանոսում։

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Ալեքսանդրից * դժգոհ՝ Ժուանը բանակցեց անմիջապես Ֆերդինանդի և Իզաբելի հետ։ Գրող Ուիլյամ Բերնսթայնը նշում է. «Իսպանիայի միապետերը վախենում էին դաժան պորտուգալացիներից և զբաղված էին [Կոլումբոսի հայտնաբերած] Նոր երկրի տարածքների յուրացմամբ, ուստի ցանկանում էին ողջամիտ համաձայնության գալ Պորտուգալիայի հետ»։ Այդպիսով՝ 1494-ին Իսպանիայի Տորդեսիլյաս քաղաքում ստորագրվեց համաձայնագիր, որը կոչվեց հենց այդ քաղաքի անունով։

Ըստ Տորդեսիլյասի համաձայնագրի՝ Ալեքսանդրի դրած սահմանագիծը տեղափոխվեց 1480 կմ դեպի արևմուտք։ Այդպիսով ողջ Աֆրիկան և Ասիան անցան Պորտուգալիային, իսկ Նոր երկիրը՝ Իսպանիային։ Սահմանագիծը դեպի արևմուտք տեղափոխելու հետևանքով Պորտուգալիայի տարածքի մեջ մտավ նաև դեռևս չհայտնագործված մի երկրի մեծ մասը (այդ երկիրը հետագայում կոչվեց Բրազիլիա)։

Պապի արձակած հրովարտակները, որոնք Իսպանիային և Պորտուգալիային իրավունք էին տալիս յուրացնելու և պաշտպանելու նոր հայտնաբերված երկրները, բազմիցս արյունահեղությունների պատճառ են եղել։ Այդ որոշումներում հաշվի չեն առնվել գաղութացված երկրների մարդկանց իրավունքները, ինչի հետևանքով նրանց ճնշումների են ենթարկել և շահագործել։ Բացի այդ, դրանց հետևանքով դարեր շարունակ պետությունների միջև հակամարտություններ են ծավալվել իշխանություն և ազատ նավարկելու իրավունք ձեռք բերելու համար։

^ պարբ. 9 Այս վատահամբավ Պապի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Ալեքսանդր VI պապ, որին Հռոմը չի մոռանում» վերնագրով հոդվածը («Դիտարան», 2003թ., հունիսի 15, էջ 26–29)։