Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Փետրվար 2015

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԱՆՏՈՆԻՈ ԴԵԼԼԱ ԳԱՏԱ

Ինչո՞ւ մի քահանա հեռացավ իր եկեղեցուց

Ինչո՞ւ մի քահանա հեռացավ իր եկեղեցուց

ՀՌՈՄՈՒՄ ինը տարի սովորելուց հետո՝ 1969թ.-ին, Անտոնիո դելլա Գատան ձեռնադրվեց քահանա։ Ավելի ուշ նա դարձավ Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտ գտնվող ճեմարանի ռեկտոր։ Ճեմարանում բազում ուսումնասիրություններ անելով և խորհրդածելով՝ Անտոնիոն եկավ այն եզրակացության, որ կաթոլիկ եկեղեցու ուսմունքները հիմնված չեն Աստվածաշնչի վրա։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Կպատմե՞ք ձեր մասին։

— Ես ծնվել եմ Իտալիայում 1943թ.-ին։ Մեր մեծ ընտանիքն ապրում էր մի փոքրիկ գյուղում, որտեղ հայրս աշխատում էր որպես ֆերմեր և ատաղձագործ։ Ծնողներս ինձ, ինչպես նաև իմ քույրերին ու եղբայրներին դաստիարակել են որպես բարեպաշտ կաթոլիկներ։

— Ինչո՞ւ ցանկացաք քահանա դառնալ։

— Փոքր տարիքում շատ էի սիրում եկեղեցի գնալ ու լսել քահանաների պատարագներն ու քարոզները։ Ինձ գրավում էր նրանց ազդեցիկ ձայնը, նաև տպավորիչ ծիսական արարողությունները։ Ուստի իմ մեջ քահանա դառնալու մեծ ցանկություն առաջացավ։ Երբ 13 տարեկան էի, մայրս տարավ ինձ գիշերօթիկ դպրոց, որտեղ տղա երեխաներին նախապատրաստում էին, որ նրանք հետագայում ավելի խորացված դասընթացներ անցնեին քահանա դառնալու համար։

— Այդ դասընթացների ընթացքում Աստվածաշունչ ուսումնասիրո՞ւմ էիք։

— Կարելի է ասել, ո՛չ։ Երբ ես 15 տարեկան էի, ուսուցիչներիցս մեկը ինձ տվեց Ավետարան՝ Հիսուսի կյանքի ու ծառայության մասին պատմությունը, և ես մի քանի անգամ կարդացի այն։ 18 տարեկանում տեղափոխվեցի Հռոմ, որտեղ սովորեցի Պապական տարբեր համալսարաններում, որոնք գտնվում են Հռոմի պապի անմիջական վերահսկողության տակ։ Ես ուսումնասիրում էի լատիներեն, հունարեն, պատմություն, փիլիսոփայություն, հոգեբանություն և աստվածաբանություն։ Թեև մենք Աստվածաշնչից որոշ համարներ անգիր էինք ասում և կիրակնօրյա քարոզների ժամանակ լսում էինք աստվածաշնչյան ընթերցանություն, սակայն չէինք ուսումնասիրում Աստվածաշունչը։

— Իսկ երբ ռեկտոր դարձաք, դասավանդո՞ւմ էիք։

— Ես հիմնականում ղեկավար աշխատանք էի անում։ Բայց նաև դասեր էի տալիս Վատիկանի 2-րդ տիեզերական ժողովի որոշումների վերաբերյալ։

— Ինչո՞ւ ձեր մեջ եկեղեցու հանդեպ կասկածներ առաջացան։

— Ինձ շատ էր անհանգստացնում երեք բան, նախ՝ այն, որ եկեղեցին ներգրավված էր քաղաքականության մեջ։ Բացի այդ, այն հանդուրժում էր հոգևորականության և եկեղեցի հաճախողների սխալ վարքը։ Նաև լուրջ կասկածներ ունեի որոշ կաթոլիկ ուսմունքների առնչությամբ։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր սիրառատ Աստված հավիտյան տանջել մարդկանց մահից հետո։ Կամ մի՞թե Աստված ցանկանում է, որ մենք օրվա ընթացքում հարյուրավոր անգամներ կրկնենք միևնույն աղոթքները՝ տերողորմյա քաշելով *։

— Իսկ ի՞նչ արեցիք։

— Արցունքներն աչքերիս շարունակ աղերսում էի Աստծուն, որ ինձ առաջնորդություն տա։ Ես ձեռք բերեցի կաթոլիկների կողմից հրատարակված մի Աստվածաշունչ՝ «Երուսաղեմի Աստվածաշունչը», որը նոր էր լույս տեսել իտալերենով, և սկսեցի կարդալ այն։ Որոշ ժամանակ անց՝ մի կիրակի առավոտ, երբ պատարագից հետո քահանայական զգեստներս էի կախում, երկու տղամարդ եկան ճեմարան։ Նրանք ասացին, որ իրենք Եհովայի վկաներ են։ Մենք մեկ ժամից ավելի խոսեցինք  Աստվածաշնչի մասին, ինչպես նաև այն մասին, թե ըստ Աստվածաշնչի՝ որոնք են ճշմարիտ կրոնի բնորոշիչ նշանները։

— Ինչպիսի՞ն էր ձեր տպավորությունը։

— Ինձ հիացրեց այն, թե ինչպիսի համոզվածությամբ էին Վկաները խոսում Աստվածաշնչի մասին, նաև, թե ինչպես էին իմ Աստվածաշնչից հեշտությամբ բացում տարբեր համարներ։ Ավելի ուշ ինձ սկսեց այցելել Մարիո անունով մի ուրիշ Վկա։ Նա շատ համբերատար ու ճշտապահ անձնավորություն էր։ Ամեն շաբաթ առավոտ, արև լիներ, թե անձրև, նա ժամը 9-ին գալիս էր ճեմարան։

— Ինչպե՞ս էին մյուս քահանաները վերաբերվում այդ այցելություններին։

— Ես նրանց առաջարկեցի մասնակցել մեր քննարկումներին, բայց նրանցից ոչ ոք լուրջ չվերաբերվեց Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Մինչդեռ ես հաճույքով էի ուսումնասիրում։ Ամեն անգամ նորանոր բաներ էի սովորում։ Օրինակ՝ իմացա, թե ինչու է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը, մի հարց, որի պատասխանը վաղուց էի փնտրում։

— Իսկ ձեզանից պաշտոնով բարձր հոգևորականները չէի՞ն փորձում տարհամոզել ձեզ։

— 1975թ.-ին ես մի քանի անգամ մեկնեցի Հռոմ, որպեսզի բարձրաստիճան հոգևորականներին ներկայացնեմ իմ ունեցած հայացքները։ Վերադաս հոգևորականները ամեն բան անում էին ինձ տարհամոզելու համար, բայց ոչ ոք իր ասածները չէր հիմնավորում Աստվածաշնչով։ Ի վերջո 1976թ. հունվարի 9-ին ես նամակ գրեցի Հռոմ՝ հայտնելով, որ հրաժարվում եմ կաթոլիկ եկեղեցու անդամ լինելուց։ Երկու օր հետո ես հեռացա ճեմարանից։ Ապա գնացքով մեկնեցի այն վայրը, որտեղ տեղի էր ունենալու Եհովայի վկաների մի հանդիպում։ Իմացա, որ դա համաժողով էր, որին մասնակցում էին մի քանի ժողովներ։ Ես առաջին անգամ էի ներկա լինում Վկաների հանդիպման։ Այստեղ բոլորովին ուրիշ մթնոլորտ էր. յուրաքանչյուրը ուներ իր Աստվածաշունչը, և երբ հռետորները տարբեր թեմաներ էին քննարկում, ունկնդիրները հետևում էին իրենց Աստվածաշնչով։

— Իսկ ինչպե՞ս էր վերաբերվում այդ ամենին ձեր ընտանիքը։

— Ընտանիքիս անդամներից շատերը խիստ հակառակվում էին ինձ։ Սակայն, հուրախություն ինձ, իմացա, որ իմ եղբայրներից մեկը, որն ապրում է Իտալիայի Լոմբարդիա մարզում, Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Ուստի մեկնեցի նրա մոտ։ Տեղի Վկաները օգնեցին ինձ, որ աշխատանք և ապրելու տեղ գտնեմ։ Այդ տարի ես մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։

Վերջապես զգում եմ, որ մտերիմ եմ Աստծու հետ

— Ափսոսո՞ւմ եք ձեր կատարած ընտրության համար։

— Ամենևի՛ն։ Վերջապես զգում եմ, որ մտերիմ եմ Աստծու հետ, քանի որ այն, ինչ գիտեմ նրա մասին, հիմնված է Աստվածաշնչի և ոչ թե փիլիսոփայության կամ եկեղեցական ավանդույթների վրա։ Այժմ ես կարող եմ համոզվածությամբ ուսուցանել ուրիշներին։

^ պարբ. 13 Աստվածաշունչը հստակ պատասխանում է այս և շատ ուրիշ հարցերի։ (Տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ)