Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Փետրվար 2015

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին

Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին

ԽՆԴԻՐ

Ձեր վեցամյա երեխան հարցնում է ձեզ. «Դու մահանալո՞ւ ես»։ Նրա հարցից զարմացած՝ մտածում եք. «Եթե պատասխանեմ երեխայիս հարցին, մի՞թե նա այս տարիքում կհասկանա։ Ինչպե՞ս խոսեմ նրա հետ մահվան մասին»։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Իրականում, երեխաները մտածում են մահվան մասին։ Նրանցից ոմանք նույնիսկ այնպիսի խաղեր են խաղում, որոնց ընթացքում մեկնումեկը ձևացնում է, թե մահացել է։ Ուստի պետք չէ խուսափել մահվան մասին խոսելուց՝ համարելով դա արգելված թեմա։ Ընդհակառակը՝ պետք է պատրաստ լինեք սիրով լսելու դրա հետ կապված ցանկացած հարց, որ ձեր երեխան կտա։ Եթե ժամանակ առ ժամանակ անկեղծորեն խոսեք այդ մասին, կօգնեք ձեր երեխային, որ նա կարողանա հաղթահարել հարազատի մահվան վիշտը։

Մի՛ մտածեք, որ եթե խոսեք մահվան մասին, ապա երեխայի մեջ տխուր ու մռայլ մտքեր կառաջանան։ Հակառակը՝ դա կօգնի նրան փարատելու իր ունեցած վախերը։ Նախևառաջ պետք է օգնեք երեխային շտկելու մահվան մասին որոշ սխալ պատկերացումներ։ Մասնագետներն ասում են, որ վեց տարեկանից ցածր շատ երեխաների համար մահը ժամանակավոր մի բան է։ Օրինակ՝ նրանք հաճախ այնպիսի խաղեր են խաղում, որոնց ժամանակ նրանցից մեկը «մահանում» է, հետո՝ «կենդանանում»։

Սակայն մեծանալով՝ երեխաները սկսում են հասկանալ մահվան լրջությունը, ինչի պատճառով նրանց մեջ կարող են առաջանալ հարցեր, մտահոգություններ և անգամ վախեր, հատկապես երբ մահանում է նրանց մտերիմներից մեկը։ Ուստի անչափ կարևոր է, որ խոսեք նրանց հետ այդ թեմայով։ Բժիշկ-հոգեբան Մարիոն Ազան ասում է. «Երեխայի մեջ մահվան հետ կապված վախեր կառաջանան, եթե նա զգա, որ իրենց տանը դա արգելված թեմա է»։

Կարիք չկա չափից շատ անհանգստանալու, թե ինչ պետք է ասեք երեխային։ Ըստ մի ուսումնասիրության՝ երեխաները պարզապես ցանկանում են «լսել ճշմարտությունը՝ մեղմ խոսքերով արտահայտված»։ Սովորաբար, երեխան հարց չի տա, եթե դեռ պատրաստ չէ ընկալելու պատասխանը։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Խոսեք մահվան մասին, երբ առիթ է ստեղծվում։ Երբ ձեր երեխան դրսում սատկած թռչուն է տեսնում, կամ երբ սատկում է նրա սիրելի տնային կենդանին, այդ առիթն օգտագործեք և պարզ հարցեր տալով՝ զրույց սկսեք նրա հետ։ Օրինակ՝ հարցրեք նրան. «Սատկած կենդանին տանջվո՞ւմ է։ Նա մրսո՞ւմ է կամ սովա՞ծ է։ Ինչի՞ց ես իմանում, որ կենդանին կամ մարդը մահացել է»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 3։1, 7։

Մի՛ թաքցրեք ճշմարտությունը։ Մահացած ծանոթի կամ բարեկամի մասին խոսելիս պետք չէ օգտագործել շփոթեցնող արտահայտություններ, օրինակ՝ «նա հեռացել է մեզնից»։ Այդպիսի խոսքերից երեխան կարող է եզրակացնել, որ մահացածը պարզապես հեռացել է տնից և շուտով կվերադառնա։ Փոխարենը՝ օգտագործեք պարզ ու հասկանալի արտահայտություններ։ Օրինակ՝. «Տատիկը մահացել է, և նրա մարմինը այլևս «չի աշխատում», նա ոչինչ չի զգում։ Մենք չենք կարող խոսել նրա հետ։ Բայց մենք տատիկին երբեք չենք մոռանա»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 4։25։

Երեխան գուցե մտածի, թե մահը վարակիչ է և ինքն էլ կարող է մահանալ, ուստի հավաստիացրեք նրան, որ այդպիսի վտանգ չկա և նրան ոչինչ չի սպառնում

Օգնեք երեխային վանելու սխալ մտքերը։ Ձեր երեխան կարող է մտածել, որ իր մտերիմը մահացել է, քանի որ ինքը ինչ-որ սխալ բան է արել կամ սխալ բան է մտածել։ Փոխանակ երեխային պարզապես ասելու, որ նա մեղավոր չէ պատահածի համար՝ կարող եք նրան հարցնել. «Ինչո՞ւ ես մտածում, որ դու ես մեղավոր»։ Ուշադիր լսեք երեխային և մի նվազեցրեք նրա ունեցած զգացումների լրջությունը։ Հնարավոր է, որ փոքր տարիքի երեխան նաև մտածի, թե մահը վարակիչ է և ինքն էլ կարող է մահանալ, ուստի հավաստիացրեք նրան, որ այդպիսի վտանգ չկա և նրան ոչինչ չի սպառնում։

Օգնեք երեխային ազատորեն արտահայտվելու։ Անկաշկանդ խոսեք մահացած հարազատների մասին, այդ թվում նրանց մասին, ում երեխան երբեք չի տեսել։ Փորձեք երեխայի մեջ ջերմ հիշողություններ արթնացնել մորաքրոջ, հորեղբոր, տատիկի, պապիկի կամ այլ մահացած մտերիմների մասին և պատմեք նրանց առնչվող ուրախ ու հետաքրքիր դեպքեր։ Ազատորեն խոսելով մահացած հարազատների մասին՝ կօգնեք երեխային հասկանալու, որ պետք չէ խուսափել նրանց մասին խոսելուց կամ մտածելուց։ Մյուս կողմից մի՛ ստիպեք նրան խոսել այդ թեմայով։ Կարող եք այդ հարցին անդրադառնալ ավելի ուշ, երբ հարմար պահ կլինի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 20։5։

«Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 34-րդ և 35-րդ գլուխները կարող են օգնել ձեր երեխային իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մահվան մասին։ (Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)