Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՏԻՎԵՆ ԹԵՅԼՈՐ

Ֆինանսական հաշվառման գծով պրոֆեսորը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Ֆինանսական հաշվառման գծով պրոֆեսորը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Պրոֆեսոր Ստիվեն Թեյլորը դասավանդում է և ուսումնասիրություններ է անում Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում (Ավստրալիա)։ Նա ուսումնասիրում է ֆինանսական շուկաները և փորձում է պարզել, թե ինչպես է հնարավոր արդյունավետորեն վերահսկել դրանք։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Կպատմե՞ք ձեր մասին։

— Ես մեծացել եմ աստվածավախ ընտանիքում։ Ծնողներս եկեղեցի էին հաճախում։ Նրանք ազնիվ ու աշխատասեր մարդիկ էին և հորդորում էին ինձ լավ կրթություն ստանալ։ Ուստի ես ընդունվեցի Նոր Հարավային Ուելսի համալսարան, որտեղ ուսումնասիրում էի առևտրային գործունեությունը։ Ինձ դուր էր գալիս ուսումնասիրություններ անելը, ուստի որոշեցի դառնալ ակադեմիկոս։

— Ո՞ր ոլորտում սկսեցիք ուսումնասիրություններ անել։

— Ես հատկապես ուզում էի հասկանալ, թե ինչպես են գործում արժեթղթերի շուկաները *։ Դրանք հնարավորություն են տալիս մարդկանց գնելու ու վաճառելու ընկերությունների բաժնետոմսերը։ Իսկ այդ ընկերությունները ստացված դրամական միջոցներն օգտագործում են իրենց գործունեությունն իրականացնելու համար։ Ես նաև ուսումնասիրում էի այն գործոնները, որոնք ազդում են ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա։

— Կարո՞ղ եք մի օրինակով բացատրել։

— Ընկերությունները պետք է կանոնավորաբար տվյալներ ներկայացնեն իրենց եկամուտների մասին, որպեսզի ներդրողները, ուսումնասիրելով այդ տվյալները, կարողանան պատկերացում կազմել այդ ընկերությունների ֆինանսական վիճակի մասին։ Բայց շահույթի մասին տվյալներ ներկայացնելու որոշ մեթոդների համար չկան սահմանված չափանիշներ։ Քննադատները կարող են դա համարել այդ համակարգի մեջ գոյություն ունեցող սողանցք, որը թույլ է տալիս ընկերություններին թաքցնելու իրենց իրական արժեքը և շահութաբերությունը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են ներդրողները ճշգրիտ և լիարժեք տեղեկություններ ստանալ ընկերությունների մասին։ Ի՞նչ փաստեր  պետք է իմանան կարգավորողները, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռք առնեն, որ ֆինանսական շուկաներն առանց խարդախության գործեն։ Ներկայումս ես ու իմ գործընկերները փորձում ենք գտնել այդ հարցերի պատասխանները։

— Նախկինում ի՞նչ կրոն էիք դավանում։

— Ես ծնողներիս հետ կանոնավորաբար պրեսբիտերական եկեղեցի էի հաճախում, սակայն պատանեկության տարիներին անտարբեր դարձա կրոնի հանդեպ։ Ես հավատում էի, որ գոյություն ունի Արարիչ, և հարգանքով էի վերաբերվում Աստվածաշնչին, բայց չէի կարծում, թե կրոնը կարող է օգնել լուծելու կյանքում հանդիպող խնդիրները։ Ինձ համար կրոնական խմբերը ավելի շուտ նման էին համախոհների ակումբների։ Եվրոպայում եղած ժամանակ այցելեցի մի քանի խոշոր եկեղեցիներ։ Ինձ մտահոգում էր այն, որ եկեղեցիները մեծ հարստություն են կուտակում, իսկ աշխարհում այդքան տարածված է աղքատությունը։ Ուստի բոլորովին կորցրի վստահությունս կրոնի հանդեպ։

— Ի՞նչը օգնեց, որ փոխեք ձեր տեսակետը։

— Կինս՝ Ջենիֆերը, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և հաճախել նրանց հանդիպումներին։ Ես մտածեցի, որ լավ կլինի՝ կնոջս հետ գնամ այդ հանդիպումներին ու ինքս տեսնեմ, թե ովքեր են նրանք և ինչ են սովորեցնում։ Շուտով հասկացա, որ գրեթե ոչինչ չգիտեմ Աստվածաշնչի մասին։ Դա ինձ շատ զարմացրեց։ Ուստի ես էլ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։

Ինձ տպավորեց այն, թե ինչպես են Վկաները ուսումնասիրում տարբեր թեմաներ։ Նրանք բարձրացնում են հարցեր, հավաքում ու վերլուծում են բոլոր փաստերը և հետո տրամաբանական եզրակացություն անում։ Ես հենց այդ մեթոդն էի կիրառում ակադեմիական հետազոտություններ կատարելիս։ Ջենիֆերի մկրտությունից մի քանի տարի անց՝ 1999թ.-ին, ես նույնպես մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։

— Տնտեսագիտության մասին գիտելիքները ամրացրի՞ն ձեր վստահությունը Աստվածաշնչի հանդեպ։

— Իհա՛րկե։ Օրինակ՝ օրենքների ժողովածուն, որ Աստված տվել էր հնում ապրած Իսրայել ժողովրդին, օգնում էր նրանց լուծելու տնտեսական բազում խնդիրներ. խնդիրներ, որոնց համար մինչ օրս տնտեսագետները չեն կարողանում լավ լուծումներ գտնել։ Այդ օրենքների համաձայն՝ իսրայելացիները պետք է իրենց ստացած բերքից մի մաս թողնեին աղքատներին (դա կարելի է նմանեցնել հարկի գանձմանը և ապահովագրությանը), նաև պետք է կարիքավորներին առանց տոկոսի պարտք տային (նման է վարկ ստանալու հնարավորությանը), և պետք է ամեն 50 տարին մեկ ժառանգական հողատարածքները վերադարձնեին նախկին սեփականատերերին (նման է սեփականության իրավունքի պաշտպանությանը) (Ղևտական 19։9, 10; 25։10, 35–37; 2 Օրենք 24։19–21)։ Այս և նմանատիպ այլ միջոցներ օգնում էին իսրայելացիներին երեք կարևոր կերպերով. 1) օգնում էին լուծելու ֆինանսական խնդիրները, 2) օգնում էին չմնալու երկարատև աղքատության մեջ, և 3) նվազեցնում էին տնտեսական անհավասարությունը։ Հետաքրքիր է, որ այդ օրենքները տրվել են տնտեսագիտության ձևավորումից ավելի քան 3000 տարի առաջ։

Բացի այդ, Աստվածաշունչը մեծ շեշտ է դնում այնպիսի մտածելակերպ ու վարվելակերպ ունենալու վրա, որը նպաստում է տնտեսական ապահովությանը։ Օրինակ՝ այն սովորեցնում է լինել ազնիվ, վստահարժան, կարեկից և առատաձեռն (2 Օրենք 15։7–11; 25։15; Սաղմոս 15)։ Հետաքրքիր է, որ վերջերս տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամից հետո բիզնեսի որոշ դպրոցներ և կազմակերպություններ սկսեցին խրախուսել, որ գործարարության ու ֆինանսների ոլորտի մասնագետները հետևեն որոշակի բարոյական նորմերի։ Սակայն իմ կարծիքով՝ Աստվածաշնչի բարոյական չափանիշները անհամեմատ բարձր են այդ նորմերից։

— Ինչպե՞ս է ձեր հավատն ազդել ձեր անձնավորության վրա։

Աստվածաշունչն ուսումնասիրելը կյանքիս լավագույն «ներդրումն» է եղել

— Ջենիֆերն ասում է, որ ես դարձել եմ ավելի ողջամիտ անձնավորություն։ Նախկինում ամեն հարցում ձգտում էի կատարելության և ցանկացած հարցի վերաբերյալ կտրուկ տեսակետ ունեի. մտածում էի, որ այն կա՛մ ճիշտ է, կա՛մ սխալ։ Թերևս դա էր պատճառը, որ ես լավ էի հասկանում ու հաջողությամբ էի կիրառում հաշվապահական սկզբունքները։ Սակայն աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը օգնեց ինձ դառնալու ավելի հավասարակշռված անձնավորություն։ Այժմ մեր ընտանիքը ավելի երջանիկ է։ Նաև մենք ուրախություն ենք ստանում՝ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները ուրիշներին հայտնելով։ Կարող եմ ասել, որ Աստվածաշունչն ուսումնասիրելը կյանքիս լավագույն «ներդրումն» է եղել։

^ պարբ. 7 «Արժեթղթերի շուկան» կոչվում է նաև «բաժնետոմսերի շուկա» կամ «ֆոնդային շուկա»։