Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ի՞նչ պետք է իմանաք հոգեկան խանգարումների մասին

Ի՞նչ պետք է իմանաք հոգեկան խանգարումների մասին

Կլաուդիան ցնցվեց, երբ բժիշկներն ասացին, որ երկբևեռ խանգարում և հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունի։ Նա ասում է. «Ինձ թվաց՝ ուր որ է սիրտս կկանգնի։ Շատ ճնշող էր այն միտքը, որ ինձ հոգեկան հիվանդ կհամարեն»։

Կլաուդիայի ամուսինը՝ Մարկը, ասում է. «Երկար ժամանակ էր պետք, որ հարմարվեինք մեր իրավիճակին։ Ես հասկացա, որ պետք է ամեն ջանք թափեմ, որ աջակցեմ կնոջս»։

ԵԹԵ բժիշկները ասեին, որ դուք կամ ձեր սիրելիներից որևէ մեկը հոգեկան հիվանդություն ունեք, ի՞նչ կզգայիք։ Մխիթարական է իմանալ, որ հոգեկան հիվանդությունները հնարավոր է բուժել։ Եկեք քննենք որոշ կարևոր տեղեկություններ հոգեկան խանգարումների * մասին։

 Կարևոր տեղեկություններ հոգեկան հիվանդությունների մասին

«Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով, ինչն անդրադառնում է նաև նրանց մտերիմների կյանքի վրա։ Յուրաքանչյուր չորս մարդուց մեկը իր կյանքի որևէ հատվածում ձեռք է բերում հոգեկան խանգարում։ Աշխարհում անաշխատունակության ամենատարածված պատճառը դեպրեսիան է։ Իսկ շիզոֆրենիան ու երկբևեռ խանգարումը մարդկանց անաշխատունակ դարձնող ամենածանր հիվանդություններից են.... Թեև շատ-շատերն են տառապում հոգեկան խանգարումներով, սակայն սովորաբար մարդիկ թաքցնում են, որ այդպիսի հիվանդություն ունեն կամ բուժման համար քայլեր չեն ձեռնարկում։ Բացի այդ, նման հիվանդների հանդեպ հաճախ խտրականություն է դրսևորվում» (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հոգեկան հիվանդություն ունեցող շատ մարդիկ չեն դիմում բժշկի՝ վախենալով, որ իրենց «հոգեկան հիվանդ» կհամարեն։

Թեև հոգեկան խանգարումների մեծ մասը հնարավոր է բուժել, սակայն անցած տարի Միացյալ Նահանգներում հոգեկան խանգարում ունեցող չափահասների մոտ 60 տոկոսը և 8–15 տարեկան պատանիների գրեթե 50 տոկոսը բուժում չեն ստացել, ինչպես տեղեկացնում է առողջապահական մի կազմակերպություն (The National Alliance on Mental Illness)։

 Ի՞նչ է հոգեկան խանգարումը

Մասնագետները հոգեկան հիվանդությունը բնորոշում են որպես մտածողության, հույզերի վերահսկողության և վարքի լուրջ խանգարում։ Այդպիսի խանգարման դեպքում մարդը հաճախ չի կարողանում նորմալ հաղորդակցվել ուրիշների հետ, և խախտվում է նրա կյանքի բնականոն ընթացքը։

Հոգեկան խանգարումը չի առաջանում մարդու թուլությունների կամ բնավորության թերի կողմերի պատճառով

Հոգեկան հիվանդության ախտանիշները իրենց ուժգնությամբ ու տևողությամբ կարող են տարբեր լինել՝ կախված մարդու էությունից, հանգամանքներից և հիվանդության տեսակից։ Այդ հիվանդությունը կարող է հարվածել ցանկացած անհատի՝ անկախ սեռից, տարիքից, մշակույթից, ռասայից, կրոնից, կրթությունից և ֆինանսական վիճակից։ Հոգեկան խանգարումը չի առաջանում մարդու թուլությունների կամ բնավորության թերի կողմերի պատճառով։ Ճիշտ բուժօգնություն ստանալով՝ մարդը կարող է ապաքինվել և ապրել լիարժեք ու բավականություն պատճառող կյանքով։

Հոգեկան խանգարումների բուժումը

Մասնագետները կարողանում են բուժել հոգեկան խանգարումներից շատերը։ Հետևաբար առաջին կարևոր քայլը մանրակրկիտ հետազոտություն անցնելն է, իսկ դրա համար հարկավոր է դիմել հմուտ մասնագետի, որն այդպիսի հիվանդություններ բուժելու փորձ ունի։

Սակայն այդ ամենը օգուտ կբերի հիվանդին միայն այն դեպքում, երբ նա ընդունի համապատասխան բուժումը։ Նա պետք է կարողանա հաղթահարել ուրիշների հետ խոսելու խնդիրը, քանի որ բուժման ընթացքում գուցե հարկ լինի զրուցել հմուտ մասնագետների հետ, որոնք կարող են օգնել նրան հասկանալու իր հիվանդությունը, հաղթահարելու հիվանդության հետ կապված տարբեր խնդիրներ և գիտակցելու, որ ոչ մի դեպքում չպետք է դադարեցնի բուժումը։ Այդ խորհրդատվությունների ժամանակ կարևոր է ընտանիքի անդամի կամ ընկերոջ դերը, քանի որ նա կարող է քաջալերել և աջակցել հիվանդին։

Շատերը կարողացել են պայքարել հոգեկան հիվանդության դեմ, քանի որ ավելի շատ տեղեկություններ են ձեռք բերել իրենց հիվանդության մասին և ընդունել են մասնագետների նշանակած բուժումը։ Մարկը, որի մասին արդեն նշվեց, ասում է. «Կնոջս հիվանդության մասին իմանալուց առաջ մենք շատ քիչ բան գիտեինք հոգեկան հիվանդության մասին։ Բայց ժամանակի ընթացքում սովորել ենք քայլ առ քայլ հաղթահարել մեզ հանդիպող դժվարությունները և կարողացել ենք հարմարվել մեր իրավիճակին։ Մեզ համար մեծ օգնություն է եղել թե՛ հմուտ մասնագետների և թե՛ ընտանիքի ու ընկերների աջակցությունը»։

Առաջին կարևոր քայլը մանրակրկիտ հետազոտություն անցնելն է, իսկ դրա համար հարկավոր է դիմել հմուտ մասնագետի

Իսկ Կլաուդիան ասում է. «Սկզբում իմ ախտորոշումը ասես ազատազրկման դատավճիռ  լիներ։ Ու թեև իմ հիվանդության պատճառով այժմ որոշ սահմանափակումներ կան մեր կյանքում, բայց ես հասկացել եմ, որ հնարավոր է հաղթահարել անգամ անհաղթահարելի թվացող խնդիրները։ Ինձ հաջողվում է պայքարել իմ հիվանդության դեմ, քանի որ համագործակցում եմ բժիշկների և մասնագետների հետ, լավ փոխհարաբերություններ եմ պահպանում ուրիշների հետ և քայլ առ քայլ լուծում եմ առաջացած խնդիրները»։

Օգնություն՝ Աստվածաշնչից

Ինչ խոսք, Աստվածաշնչի օգնությամբ չենք ձերբազատվի առողջական խնդիրներից. Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Սակայն աշխարհի տարբեր մասերում ապրող բազմաթիվ ընտանիքներ մեծ մխիթարություն և ուժ են ստացել աստվածաշնչյան ուսմունքներից։ Օրինակ՝ Աստծու Խոսքը վստահեցնում է, որ մեր սիրառատ Արարիչը շատ է ցանկանում մխիթարել «սրտով կոտրվածներին» և «ոգով փշրվածներին» (Սաղմոս 34։18

Թեև Աստվածաշունչը առողջապահական գիրք չէ, սակայն այն պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարելու ճնշող զգացումները և տոկալու դժվար հանգամանքներում։ Աստծու Խոսքը նաև հիանալի հույս է տալիս, որ ապագայում երկրի վրա չի լինի հիվանդություն ու ցավ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի» (Եսայիա 35։5, 6

^ պարբ. 5 Հետևողականություն պահելու համար այս հոդվածում «հոգեկան խանգարում» արտահայտությունը օգտագործվում է նաև հոգեկան հիվանդությունների և վարքի խանգարումների առնչությամբ։

^ պարբ. 32 «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ ձև չի խրախուսում։ Քրիստոնյաները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտրած բուժումը չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։

^ պարբ. 40 Տե՛ս նաև «Արթնացե՛ք»-ի 2014թ. մայիսի համարում տպագրված հոդվածը՝ «Ինչպես վերահսկել սթրեսը» վերնագրով։