Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

Մեծ աչքեր, փոքրիկ մարմին

Մեծ աչքեր, փոքրիկ մարմին

ՇԱՏԵՐԸ թերևս ասեն, որ նա լավիկն է, ոմանք էլ գուցե նրան տարօրինակ անվանեն։ Նա ունի երկար ու բարակ ոտքեր, փափուկ մորթի և խոշոր, պսպղուն աչքեր։ Նրա մարմինը մոտ 12 սանտիմետր է, և կշռում է մոտ 115 գրամ։ Այս փոքրիկ կենդանին երկարակրունկն է։

Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս կենդանու մի տեսակ, որը հայտնի է ֆիլիպինյան երկարակրունկ անվանումով։ Մարմնի հետ համեմատած՝ նրա աչքերը, ականջները, ձեռքերը, ոտքերը և պոչը շատ մեծ են։ Սակայն այս կենդանու մարմինը ավելի մանրակրկիտ ուսումնասիրելով՝ կհամոզվենք, որ այն զարմանահրաշ կառուցվածք ունի։

ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ Երկարակրունկի՝ թղթի պես բարակ ականջները կարող են դեպի ներս ծալվել և ուղղվել, նաև կարող են որսալ անգամ ամենաթույլ ձայները։ Նրա սուր լսողությունը օգնում է նրան ոչ միայն խուսափելու գիշատիչներից, օրինակ՝ վայրի կատուներից, այլև գտնելու իր զոհին։ Մութն ընկնելուն պես՝ նա սկսում է որսը. նախ՝ ականջներով որսում է ծղրիդների, տերմիտների, բզեզների, թռչունների և գորտերի ձայները, ապա պտտում է գլուխը և աչքերը հառում ապագա զոհին։

ԲՌՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ Երկարակրունկի ձեռքերը յուրահատուկ կառուցվածք ունեն, ինչի շնորհիվ նա կարողանում է բռնել բարակ ճյուղերը։ Նրա մատների ծայրերին հատուկ բարձիկներ կան, որոնք ակոսիկներ ունեն։ Այդ ակոսիկները, անվադողերի նախշանկարի պես, ապահովում են կառչելիությունը մակերևույթի հետ։ Անգամ քնած ժամանակ երկարակրունկը պետք է ճյուղից ամուր բռնած լինի։ Նրա երկար պոչի ներսի մակերևույթին նույնպես ակոսիկներ կան, որոնք օգնում են նրան ամուր մնալու իր տեղում մինչև արթնանալը։

 ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ Ուրիշ ոչ մի կաթնասուն իր մարմնի հետ համեմատած այդքան խոշոր աչքեր չունի, ինչպիսին այս կենդանին ունի։ Երկարակրունկի աչքը ավելի մեծ է, քան նրա ուղեղը։ Այս կենդանու դուրս պրծած աչքերը չեն շարժվում իրենց ակնախոռոչներում, այլ միշտ առաջ են նայում։ Արդյո՞ք դա անհարմարություն է ստեղծում կենդանու համար։ Ո՛չ։ Նրա մարմնի կառուցվածքը ունի մի առանձնահատկություն. նա ունի ճկուն պարանոց, որի շնորհիվ կարողանում է 180 աստիճանով պտտել գլուխը և՛ դեպի աջ, և՛ դեպի ձախ։

ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այս կենդանու երկար ոտքերը հնարավորություն են տալիս նրան մեկ ցատկով անցնելու մինչև 6 մետր հեռավորություն, ինչը իր մարմնի երկարությունից 40 անգամ մեծ է։ Գիշերով որս անելիս այս փոքրիկ գիշատիչը, մատները պարզած, ցատկում և առանց վրիպելու մեծ վարպետությամբ բռնում է իր զոհին։

Երկարակրունկները հազվադեպ են կենդանի մնում անազատ պայմաններում մասամբ այն պատճառով, որ նրանք մեծ քանակությամբ կենդանի միջատներ ուտելու կարիք ունեն և չեն սիրում, երբ փորձում են վարժեցնել իրենց։ Այդուհանդերձ, այս յուրօրինակ արարածը հիացմունք է պատճառում ֆիլիպինցիներին։ Իսկապես, այս փոքրիկ կենդանու մարմնի գրեթե ամեն մի մաս զարմանք է առաջացնում։