Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2014

Ջրանցույցներ. Հռոմի ճարտարապետության հրաշալիքներ

Ջրանցույցներ. Հռոմի ճարտարապետության հրաշալիքներ

ՀԻՆ աշխարհի ճարտարապետության գլուխգործոցներից ամենից շատ աչքի են ընկնում հռոմեական ջրանցույցները, կամ՝ ակվեդուկները։ Հռոմեացի կառավարիչ և ջրամատակարարման համակարգի վերահսկիչ Սեկստուս Հուլիուս Ֆրոնտինուսը (մ.թ. 35-ից մինչև մոտ 103թ.) գրել է. «Չափազանց կարևոր այս կառույցների հսկայական համակարգը, որի միջոցով մեծ քանակությամբ ջուր է մատակարարվում, կարող եք համեմատել ոչ մի օգուտ չբերող [եգիպտական] բուրգերի կամ հունական ոչ պիտանի, թեև հայտնի շատ կառույցների հետ» *։

Ինչո՞ւ ջրանցույցների կարիք կար

Հնում քաղաքները սովորաբար կառուցում էին այն վայրերում, որտեղ ջրի առատ պաշար կար։ Հռոմը բացառություն չէր։ Սկզբնական շրջանում Տիբեր գետը և նրա մոտակայքում եղած աղբյուրները քաղաքն ապահովում էին ջրով։ Սակայն մ.թ.ա. 4-րդ դարում քաղաքը սկսեց արագորեն ընդարձակվել, ուստի ավելի շատ ջրի կարիք առաջացավ։

Քանի որ շատերն իրենց տներում հոսող ջուր չունեին, հարյուրավոր անձնական ու հանրային բաղնիքներ կառուցվեցին։ Հռոմի առաջին հանրային բաղնիքը ջուր էր ստանում Ակուա Վիրգո ջրանցույցից, որը սկսել էր գործել մ.թ.ա. 19-րդ դարում։ Ջրանցույցը կառուցել էր Մարկոս Ագրիպպան՝ Օգոստոս կայսեր մտերիմ ընկերը, որն իր հսկայական կարողությունից մեծ միջոցներ տրամադրեց Հռոմի ջրամատակարարման համակարգի վերանորոգման և ընդլայնման համար։

Բաղնիքները դարձան հասարակական հավաքատեղիներ։ Մեծ բաղնիքները նույնիսկ այգիներ ու գրադարաններ ունեին։ Ջրանցույցների ջուրը, որի հոսքը կանգնեցնել հնարավոր չէր, բաղնիքներից լցվում էր կոյուղի՝ շարունակ մաքրելով այն կեղտից։ Այդպես մաքրվում էր նաև բաղնիքներին կից կառուցված արտաքնոցների կեղտը։

Կառուցումն ու սպասարկումը

Լսելով «հռոմեական ակվեդուկ» արտահայտությունը՝ շատերը պատկերացնում են բարձր կամարների շարքեր, որոնք ձգվում են դեպի հեռուներ։ Այնինչ, իրականում, կամարները ջրանցույցի կառույցում մի փոքր մաս էին կազմում՝ 20 տոկոսից էլ պակաս։ Ջրագծերի մեծ մասն անցնում էր գետնի տակով։ Այդպես ջրանցույցները պաշտպանված էին լինում էրոզիայից և չէին խանգարում այդ վայրերում ապրող մարդկանց կյանքին ու դաշտերի մշակմանը։ Օրինակ՝  Ակուա Մարչիա ջրանցույցը, որը կառուցվել էր մ.թ.ա. 140թ.-ին, ընդհանուր առմամբ ուներ 91 կիլոմետր երկարություն, սակայն միայն մոտ 11 կիլոմետրն էր կամարներով։

Նախքան ջրանցույցի կառուցումը ինժեներները գնահատում էին ջրի աղբյուրի որակը՝ ստուգելով ջրի մաքրությունը, հոսքի արագությունը և համը։ Նրանք նաև նկատի էին առնում այդ աղբյուրից օգտվող տեղաբնակների առողջական վիճակը։ Երբ հավանություն էր տրվում աղբյուրն օգտագործելուն, գեոդեզիստները հաշվարկներ էին անում՝ որոշելով ջրանցույցի ճիշտ ուղին և թեքությունը, ինչպես նաև ջրատարի չափսերն ու երկարությունը։ Հիմնական աշխատուժը ամենայն հավանականությամբ ստրուկներ էին։ Ջրանցույցների շինարարությունը կարող էր տարիներ տևել, և կառուցման համար շատ գումարներ էին ծախսվում, հատկապես երբ կամարների կարիք էր լինում։

Բացի այդ, ջրանցույցները հարկավոր էր սպասարկել, ինչպես նաև պաշտպանել վնասվելուց։ Եղել է ժամանակ, որ Հռոմում սպասարկման աշխատանքներին մասնակցել է մոտ 700 մարդ։ Ջրանցույցների նախագիծը կազմելիս նախապես հաշվի էին առնվում հետագա սպասարկման աշխատանքները։ Օրինակ՝ ստորգետնյա հատվածների համար կառուցվում էին դիտահորեր և հորաններ։ Երբ վերանորոգման մեծածավալ աշխատանքների կարիք էր լինում, ինժեներները ժամանակավորապես փոխում էին ջրի ուղղությունը, որ այն չհոսի դեպի վնասված հատվածը։

Հռոմ քաղաքի ջրանցույցները

Մ.թ. երրորդ դարի սկզբում Հռոմ քաղաքին ջուր էին մատակարարում 11 մեծ ջրանցույցներ։ Առաջինը՝ Ակուա Ապիան, որը կառուցվել էր մ.թ.ա. 312թ.-ին, և որի երկարությունը ավելի քան 16 կմ էր, գրեթե ամբողջությամբ գետնի տակով էր անցնում։ Իսկ Կլավդիոսի ջրանցույցը, որը մասամբ պահպանվել է մինչ օրս, մոտ 69 կիլոմետր երկարություն ուներ։ Այս ջրանցույցի մոտ 10 կիլոմետրը կառուցված էր կամարներով, որոնցից մի քանիսն ունեին 27 մետր բարձրություն։

Քաղաքի ջրանցույցներով մեծ քանակությամբ ջուր էր անցնում։ Օրինակ՝ Ակուա Մարչիա ջրանցույցով ամեն օր մոտ 190 միլիոն լիտր ջուր էր մտնում Հռոմ։ Ձգողության ուժի շնորհիվ քաղաքի տարածքին հասնելով՝ ջուրը հոսում էր դեպի բաշխիչ ավազաններ, այնտեղից էլ մի քանի ջրագծերով հոսում էր դեպի ուրիշ բաշխիչ ավազաններ կամ դեպի այն վայրեր, որտեղ օգտագործվում էր ջուրը։ Որոշ տվյալների համաձայն՝ Հռոմի ջրաբաշխիչ համակարգն այնքան էր ընդարձակվել, որ կարող էր օրական ավելի քան 1000 լիտր ջուր մատակարարել յուրաքանչյուր բնակչի։

Հռոմեական կայսրությունը գնալով մեծանում էր, և «ջրանցույցներ էին կառուցվում ամենուրեք, որտեղ հաստատվում էր Հռոմի իշխանությունը», ինչպես նշվում է Հռոմի ջրամատակարարման համակարգի մասին մի գրքում (Roman Aqueducts & Water Supply)։ Հին աշխարհի ճարտարապետության այդ հրաշալիքներով կարող ենք հիանալ նաև այսօր՝ ճանապարհորդելով Փոքր Ասիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքներով։

^ պարբ. 2 Հռոմեական պետությունը առաջինը չէր, որ կառուցել էր ջրանցույցներ։ Հռոմից առաջ ջրանցույցներ էին կառուցել նաև հին աշխարհի այլ երկրներ, օրինակ՝ Ասորեստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը և Պարսկաստանը։