Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Երբ ձեր երեխան սուտ է խոսում

Երբ ձեր երեխան սուտ է խոսում

ԽՆԴԻՐ

Ձեր հինգ տարեկան երեխան խաղում է կողքի սենյակում։ Հանկարծ ուժեղ շրխկոց եք լսում։ Վազքով մտնում եք սենյակ և տեսնում, որ երեխան կանգնած է կոտրված ծաղկամանի մոտ։ Նրա մեղավոր հայացքն արդեն ամեն ինչ ասում է։

— Դո՞ւ կոտրեցիր ծաղկամանը,— խստորեն հարցնում եք նրան։

— Ո՛չ, մայրի՛կ, ես չեմ կոտրել,— արագ պատասխանում է նա։

Սա առաջին անգամը չէ, որ տեսնում եք, որ ձեր երեխան բացահայտ ստում է։ Պե՞տք է դա ձեզ անհանգստացնի։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Սուտ խոսելը միշտ էլ վատ է։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովա Աստված ատում է «ստախոս լեզուն» (Առակներ 6։16, 17)։ Իսրայելին տրված Օրենքի համաձայն՝ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեին այն անհատի դեմ, ով ստում էր (Ղևտական 19։11, 12

Սուտ ասելու պատճառները կարող են տարբեր լինել։ Կա չարամիտ սուտ, որն ասվում է դիմացինին վնասելու համար։ Բայց կա սուտ, որ ասվում է պահի ազդեցության տակ, հավանաբար, պատժից խուսափելու նպատակով կամ ամաչելու պատճառով (Ծննդոց 18։12–15)։ Ինչպես նշվեց, սուտ խոսելը միշտ էլ վատ է, սակայն որոշ դեպքերում սուտ ասելուն պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել։ Եթե երեխան սուտ է խոսում, հաշվի առեք նրա տարիքը և ստելու պատճառը։

Պետք է քայլեր ձեռնարկեք, քանի դեռ երեխան փոքր է։ «Կարևոր է, որ երեխաները սովորեն ճիշտն ասել, հատկապես երբ դա դժվար է։ Մարդկանց հետ փոխհարաբերությունները հիմնված են վստահության վրա, իսկ սուտը քայքայում է այդ վստահությունը»,— ասում է Դեյվիդ Ուոլշը իր գրքում *։

Չպետք է խուճապի մատնվեք։ Եթե առաջին անգամ չէ, որ ձեր երեխան սուտ է խոսում, դա դեռ չի նշանակում, որ նա գնալով վատն է դառնում։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակներ 22։15)։ Երբեմն այդ «հիմարությունը» դրսևորվում է ստելով. հավանաբար, երեխաները մտածում են, թե դա պատժից խուսափելու հեշտ միջոց է։ Ուստի կարևոր է, որ ճիշտ արձագանքեք նման իրավիճակում։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Փորձեք հասկանալ, թե ինչու է ձեր երեխան ստում։ Գուցե նա վախենում է պատժվելուց կամ չի ցանկանում հիասթափեցնել ձեզ։ Եթե երեխան պատմություններ է հորինում իր ընկերներին տպավորելու համար, հնարավոր է՝ պատճառն այն է, որ նա դեռ շատ փոքր է և չի կարողանում տարբերել իրականությունը երևակայական բաներից։ Եթե հասկանաք, թե ինչու է երեխան ստում, ավելի հեշտ կլինի նրան օգնելը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 13։11։

Երբեմն, հարց տալու փոխարեն, պարզապես հաստատական միտք ասեք։ Հոդվածի սկզբում նկարագրված իրավիճակում մայրը, որն արդեն գիտեր, թե ինչ է տեղի ունեցել, խստորեն հարցրեց երեխային. «Դո՞ւ կոտրեցիր ծաղկամանը»։ Երեխան ստեց՝ թերևս վախենալով, որ մայրը կբարկանա։ Բայց ենթադրենք՝ մեղադրական հարց տալու փոխարեն՝ մայրը պարզապես ասում է. «Վա՜յ, ծաղկամանը կոտրել ես...»։ Հաստատական միտք ասելով՝ մայրը երեխային չի դրդում սուտ ասելու, այլ օգնում է նրան, որ սովորի միշտ ճիշտն ասել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։9։

Գովեք երեխային ճիշտն ասելու համար։ Քանի որ երեխաների բնական ցանկությունն է հաճեցնել ծնողներին, կարող եք լավագույնս օգտագործել դա։ Օգնեք երեխային հստակ հասկանալու, որ ազնվությունը ձեր ընտանիքում շատ կարևոր է, ուստի ակնկալում եք, որ նա միշտ ճիշտ կխոսի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եբրայեցիներ 13։18։

Օգնեք, որ երեխան հասկանա, որ սուտ խոսելով՝ մարդը կորցնում է դիմացինի վստահությունը, և երկար ժամանակ է պետք այն կրկին ձեռք բերելու համար։ Մղեք երեխային լավ վարք դրսևորելու՝ գովելով նրան ամեն անգամ, երբ ճիշտն է ասում։ Օրինակ՝ կարող եք ասել. «Այնքա՜ն եմ ուրախանում, երբ չես ճիշտն ես ասում»։

Լավ օրինակ եղեք։ Ինչ խոսք, չեք կարող ակնկալել, որ երեխան ճշմարտախոս կլինի, եթե դուք ճշմարտախոս չեք։ Օրինակ՝ գուցե նա տեսնում է, որ, երբ չեք ուզում խոսել որևէ մեկի հետ հեռախոսով, ասում եք՝ «ասա՝ ես տանը չեմ», կամ երբ պարզապես ուզում եք հանգստանալ, ասում եք՝ «հիվանդ եմ, ուզում եմ տանը մնալ»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 3։17։

Օգտագործեք Աստվածաշունչը։ Աստվածաշնչում գրված իրական դեպքերը և գործնական սկզբունքները օգնում են ճշմարտախոս լինելու։ Աստվածաշնչյան սկզբունքները երեխային սովորեցնելու հարցում ձեզ կարող է օգնել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այդ գրքի 22-րդ գլուխը այսպիսի վերնագիր ունի՝ «Ինչու պետք չէ սուտ խոսել» (այդ գլխից մի հատված բերված է « Գիրք, որը կօգնի ձեր երեխային» շրջանակում)։ «

^ պարբ. 11 «No։ Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It».

Իմացիր ավելին

Միայնակ ծնողներ. բարոյական արժեքներ սերմանիր

Աստվածաշնչյան սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել քեզ բարձր արժեքներ սերմանելու երեխաներիդ մեջ։