Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Շաքարախտ. ինչպե՞ս նվազեցնել վտանգը

Շաքարախտ. ինչպե՞ս նվազեցնել վտանգը

ՇԱՔԱՐԱԽՏԸ համարվում է համաշխարհային խնդիր, քանի որ արագորեն աճում է այդ հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը։ Կա շաքարախտի երկու հիմնական տեսակ։ Առաջին տեսակը հանդիպում է հիմնականում երեխաների շրջանում, և ներկայումս բժիշկները չգիտեն՝ ինչպես կանխել այն։ Այս հոդվածում կխոսենք 2-րդ տեսակի մասին, որը շաքարախտի բոլոր դեպքերի 90 տոկոսն է կազմում։

Թեև նախկինում 2-րդ տեսակի շաքարախտը համարվում էր մեծահասակների հիվանդություն, սակայն վերջերս այն հանդիպում է նաև երեխաների շրջանում։ Մասնագետներն ասում են, որ հնարավոր է նվազեցնել 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդանալու վտանգը։ Ուստի այս աննկատ ընթացող, բայց վտանգավոր հիվանդության մասին որոշ տեղեկություն ունենալը կարող է օգտակար լինել ձեզ համար *։

Ի՞նչ է շաքարախտը

Շաքարախտը մի հիվանդություն է, որի դեպքում բարձրանում է շաքարի քանակությունը։ Դա տեղի ունենում այն պատճառով, որ շաքարն արյունից չի անցնում բջիջներ, իսկ շաքարը նրանց անհրաժեշտ է էներգիա ստանալու համար։ Այդ ամենի պատճառով վնասվում են կարևոր օրգանները, խանգարվում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով երբեմն կարիք է լինում անդամահատելու ոտքը կամ ոտքերի մատները, առաջանում են երիկամային հիվանդություններ և կուրություն։ Շաքարախտով հիվանդ մարդկանցից շատերը մահանում են ինֆարկտից կամ կաթվածից։

2-րդ տեսակի շաքարախտի առաջացման հիմնական պատճառներից մեկը օրգանիզմում ճարպի ավելորդ քանակն է։ Մասնագետները համարում են, որ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է որովայնի կամ գոտկատեղի շրջանում ճարպի կուտակման դեպքում։ Նաև այնպիսի կարծիք կա, որ ենթաստամոքսային գեղձի և լյարդի մեջ կուտակված ճարպը խանգարում է արյան մեջ շաքարի քանակության կարգավորմանը։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ նվազեցնենք շաքարախտով հիվանդանալու վտանգը։

 Երեք քայլեր, որոնք կօգնեն ձեզ նվազեցնելու շաքարախտով հիվանդանալու վտանգը

1. Ստուգեք արյան մեջ շաքարի մակարդակը, եթե ռիսկային խմբի մեջ եք։ Շաքարախտի 2-րդ տեսակին հաճախ նախորդում է նախաշաքարախտը, որի դեպքում արյան մեջ շաքարի քանակությունը նորմայից փոքր-ինչ բարձր է։ Ե՛վ շաքարախտը, և՛ նախաշաքարախտը վկայում են անառողջ վիճակի մասին։ Սակայն դրանց միջև տարբերությունն այն է, որ շաքարախտը կարելի է վերահսկել, բայց հնարավոր չէ բուժել, իսկ նախաշաքարախտի դեպքում շաքարի մակարդակը հնարավոր է իջեցնել՝ հասցնելով նորմայի։ Նախաշաքարախտը գուցե ընթանա առանց նկատելի նշանների, ուստի անհատը թերևս չիմանա, որ նման խնդիր ունի։ Որոշ տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում մոտ 316 միլիոն մարդ նախաշաքարախտ ունի, սակայն նրանցից շատերը չգիտեն այդ մասին։ Օրինակ՝ միայն Միացյալ Նահանգներում նախաշաքարախտ ունեցող մարդկանց մոտ 90 տոկոսը տեղյակ չէ, որ այդպիսի խնդիր ունի։

Իրականում, նախաշաքարախտը վտանգավոր է։ Բացի այն, որ նախաշաքարախտը կարող է ի վերջո հանգեցնել շաքարախտի, այն, ինչպես վերջերս պարզել են մասնագետները, կարող է նաև առաջացնել թուլամտություն։ Եթե դուք ավելորդ քաշ ունեք, քիչ եք շարժվում կամ ձեր հարազատներից որևէ մեկը ունեցել է կամ ունի շաքարախտ, ապա հնարավոր է, որ դուք նախաշաքարախտ ունեք։ Դա կարող եք պարզել արյան ստուգման միջոցով։

2. Առողջ սնունդ օգտագործեք։ Հնարավորության դեպքում կարող եք փորձել հետևյալը։ Նվազեցրեք ձեր սննդի սովորական չափաբաժինը։ Շաքար պարունակող մրգային հյութերի կամ գազավորված ըմպելիքների փոխարեն՝ խմեք ջուր, թեյ կամ սուրճ։ Փոխանակ վերամշակված սնունդ օգտագործելու՝ ձեր սննդակարգի մեջ ընդգրկեք ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, բրինձ և մակարոնեղեն, բայց ոչ շատ։ Կերեք ձուկ, ոչ յուղալի միս, ընկուզեղեն և լոբեղեն։

3. Ֆիզիկապես ակտիվ եղեք։ Վարժությունները կարող են նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը և օգնել ձեզ նորմալ քաշ պահպանելու։ Հեռուստացույց դիտելուն հատկացվող ժամանակի մի մասը տրամադրեք վարժություններ անելուն, ինչպես խորհուրդ է տալիս մի մասնագետ։

Դուք չեք կարող փոխել ձեր գեները, բայց կարող եք փոխել ձեր ապրելակերպը։ Ուստի արժե ջանքեր թափել ձեր առողջությունը բարելավվելու համար։

^ պարբ. 3 «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ ձև կամ հատուկ սննդակարգ չի խրախուսում։ Յուրաքանչյուր անհատ նախքան բուժման հետ կապված որևէ որոշում կայացնելը պետք է մանրամասնորեն քննի բուժման տարբերակները և անհրաժեշտության դեպքում խորհրդակցի բժշկի հետ։