Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հուլիս 2014

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՎԵԼՈՆԳ ՀԵ

Ֆիզիկոս-հետազոտողը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Ֆիզիկոս-հետազոտողը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

ՎԵԼՈՆԳ ՀԵՆ սկսել է ֆիզիկա ուսումնասիրել Ցզյանսու պրովինցիայի Սուչժոու քաղաքում (Չինաստան)։ Նա մասնակցում է տեխնոլոգիաների վերաբերյալ միջազգային մի հանդեսի խմբագրական աշխատանքներին։ Վելոնգ Հեն նաև բազմաթիվ գիտական նյութերի հեղինակ է։ Ներկայումս նա աշխատում է Սթրեթքլայդի համալսարանում (Շոտլանդիա)։ Երիտասարդ տարիներին նա հավատում էր էվոլյուցիային, բայց հետագայում եկավ այն եզրակացության, որ կյանքն արարվել է։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Պատմեք ձեր մասին։

— Ծնվել եմ 1963թ.-ին։ Մեծացել եմ Յանցզի գետից հարավ ընկած մի գյուղում, որը գտնվում է Չինաստանի Ցզյանսու պրովինցիայում։ Դա մերձարևադարձային մի շրջան է, որը հայտնի է սննդի արտադրությամբ, ուստի այն հաճախ անվանում են բրնձի ու ձկան երկիր։ Փոքր տարիքում մտածում էի. «Ինչո՞ւ է բնությունը մեզ այսքան շատ բարիքներ տալիս։ Արդյոք այդ ամենը պատահակա՞ն է առաջացել։ Առաջինը հա՞վն է եղել, թե՞ ձուն»։ Քանի որ Չինաստանում տարածված է աթեիզմը, դպրոցում սովորել եմ էվոլյուցիայի ուսմունքը։

— Պատմեք ձեր ընտանիքի մասին։

— Ծնողներս աթեիստ էին։ Մայրս հողագործությամբ էր զբաղվում, իսկ հայրս ճարտարապետ էր և շինարարական ընկերություն էր հիմնել։ Ես հինգ որդիներից ամենամեծն էի։ Իմ եղբայրներից երկուսը մահացան երիտասարդ տարիքում, և դա ինձ մեծ վիշտ պատճառեց։ Ես մտածում էի. «Ինչո՞ւ են մարդիկ մահանում։ Երբևէ կտեսնե՞մ եղբայրներիս»։

— Ինչո՞ւ սկսեցիք գիտությամբ զբաղվել։

— Որոշեցի ֆիզիկա ուսումնասիրել, քանի որ ինձ հետաքրքրում էր բնությունը, և ես մտածում էի, որ գուցե ֆիզիկան օգնի ինձ գտնելու այն հարցերի պատասխանները, որ մանկուց հետաքրքրում էին ինձ։

— Ո՞ր ոլորտում եք հետազոտություններ անում։

— Ես ուսումնասիրում եմ, թե ինչ կերպերով է հնարավոր մեծացնել լիցքավորված մասնիկների շարժման արագությունը, որ այն հնարավորինս մոտ լինի լույսի արագությանը։ Դա օգնում է ինձ ատոմների կառուցվածքն ուսումնասիրելու հարցում։ Ես նաև ուսումնասիրում  եմ, թե ինչպես կարելի է առաջացնել մեծ հզորության ճառագայթում, որի հաճախականությունը միկրոալիքային ճառագայթման հաճախականությունից մեծ կլինի և ինֆրակարմիր ճառագայթման հաճախականությունից՝ փոքր։ Թեև իմ կատարած հետազոտությունները կոմերցիոն նպատակների են ծառայում, սակայն դրանք օգնում են նաև հասկանալու, թե ինչպես է առաջացել տիեզերքը։

— Ինչպե՞ս սկսեցիք Աստվածաշունչ ուսումնասիրել։

— 1998-ին երկու Եհովայի վկաներ եկան մեր տուն։ Նրանք ասացին, որ կարող են Աստվածաշնչով պատասխանել ինձ հետաքրքրող հարցերին։ Մեր քննարկումներին միացավ նաև կինս՝ Հուոբին, որը նույնպես գիտահետազոտող է։ Նախկինում մենք երբեք Աստվածաշունչ չէինք տեսել։ Այնտեղ գրված խորհուրդները մեզ շատ տպավորեցին։ Նաև մենք տեսնում էինք, թե ինչպես են այդ Վկա ամուսիններն օգուտներ քաղում՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։ Նրանք ապրում էին պարզ և ուրախ կյանքով։ Տեսնելով այն, ինչ գրված էր Աստվածաշնչում Աստծու մասին՝ կրկին սկսեցի մտածել, թե հնարավո՞ր էր արդյոք, որ տիեզերքը ստեղծված լիներ։ Քանի որ ես, լինելով ֆիզիկոս, պետք է լավ հասկանամ բնության երևույթները, որոշեցի խորությամբ վերլուծել եղած փաստերը։

Քանի որ ես, լինելով ֆիզիկոս, պետք է լավ հասկանամ բնության երևույթները, որոշեցի խորությամբ վերլուծել եղած փաստերը

— Ի՞նչ փաստեր եք վերլուծել։

— Նախ ես գիտեի, որ փակ համակարգը չի կարող դառնալ ավելի կազմակերպված կամ մնալ այդպիսի վիճակում, եթե դրա վրա չազդի որևէ արտաքին գործոն։ Դա թերմոդինամիկայի երկրորդ օրենքն է։ Տիեզերքում և երկրի վրա ամեն բան հիանալիորեն կանոնակարգված է։ Այդ փաստը մղում է ինձ եզրակացնելու, որ դրանք արտաքին ազդեցության արդյունք են, այսինքն՝ Ստեղծչի կողմից են արարվել։ Երկրորդ փաստն այն է, որ տիեզերքն ու երկրագունդն այնպես են ստեղծված, որ երկրի վրա կյանք գոյություն ունենա։

— Կբերե՞ք որևէ օրինակ։

— Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների կյանքը կախված է արևի էներգիայից։ Այդ էներգիան տիեզերական տարածության մեջ տեղաշարժվում է ճառագայթման տեսքով։ Այն երկիր է հասնում տարբեր երկարություն ունեցող ալիքների ձևով։ Ըստ երկարության՝ ամենաերկար ճառագայթները ռադիոալիքներն են, ապա միկրոալիքները, ինֆրակարմիր ճառագայթները, տեսանելի լույսը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ռենտգենյան ճառագայթները և ամենակարճ ալիքները՝ մահացու գամմա-ճառագայթները։ Ուշագրավ է այն փաստը, որ մեր մթնոլորտը արգելափակում է վնասակար ճառագայթների մեծ մասը, բայց թույլ է տալիս, որ կյանքի համար անհրաժեշտ ճառագայթները հասնեն երկրի մակերևույթ։

— Ինչո՞ւ այդ փաստը տպավորեց ձեզ։

— Ինձ շատ հետաքրքրեց Աստվածաշնչում գրված տեղեկությունը արարչագործության, ինչպես նաև լույսի մասին։ Այնտեղ նշվում է. «Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ» *։ Տեսանելի լույսը Արեգակի արձակած ճառագայթների միայն մի փոքր խումբն է։ Լույսն անչափ կարևոր է կյանքի գոյության համար։ Այն նպաստում է բույսերի աճին, և մենք սնունդ ենք ստանում։ Բացի այդ, առանց լույսի, մենք չենք կարող տեսնել։ Չի կարող պատահական լինել այն, որ լույսն ազատորեն թափանցում է մթնոլորտի միջով։ Նաև ուշագրավ է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների շատ քիչ քանակություն է հասնում երկրի մակերես։

— Ինչո՞ւ է դա կարևոր։

— Մեր կյանքի համար անհրաժեշտ են որոշ քանակության ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Մենք այդ ճառագայթների քիչ քանակության կարիք ունենք, որպեսզի մեր օրգանիզմում արտադրվի D վիտամին, որն անչափ կարևոր է ոսկորների առողջության, ինչպես նաև քաղցկեղից ու այլ հիվանդություններից պաշտպանվելու համար։ Սակայն դրանց մեծ քանակը առաջացնում է կատարակտ և մաշկի քաղցկեղ։ Բնական վիճակում մթնոլորտը կասեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը, և երկրի մակերևույթ է հասնում դրանց միայն չնչին քանակություն, որն էլ հենց ճիշտ քանակությունն է։ Ինձ համար դա ակնհայտ ապացույց է, որ ինչ-որ մեկը ստեղծել է երկիրն այնպես, որ կյանքը գոյություն ունենա։

Ժամանակի ընթացքում ես ու Հուոբին համոզվեցինք, որ իսկապես գոյություն ունի Ստեղծիչ, և որ Աստվածաշունչը գրվել է նրա ներշնչմամբ։ 2005-ին մենք դարձանք Եհովայի վկա, և այժմ օգնում ենք մարդկանց աստվածաշնչյան գիտելիքներ ստանալու։