Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2014

Լնդերի հիվանդություն. այն ձեզ սպառնո՞ւմ է

Լնդերի հիվանդություն. այն ձեզ սպառնո՞ւմ է

ԼՆԴԱՅԻՆ (պարոդոնտալ) հիվանդությունները դասվում են բերանի խոռոչի ամենատարածված հիվանդությունների շարքին։ Սակայն հիվանդության նախնական փուլերում ախտանշանները գուցե նկատելի չլինեն. և դա լնդային հիվանդության ամենավտանգավոր երեսակն է։ Ատամնաբուժության վերաբերյալ մի ամսագիր պարոդոնտալ հիվանդությունները դասում է բերանի խոռոչի այնպիսի հիվանդությունների շարքին, որոնք «առողջապահության բնագավառում լուրջ խնդիր են»։ Այնտեղ նաև նշվում է, որ բերանի խոռոչի հիվանդություններից տառապում են «թե՛ առանձին անհատներ և թե՛ մարդկանց մեծ խմբեր, և այդ հիվանդությունները լուրջ խնդիրներ են առաջացնում, օրինակ՝ ուժեղ ցավ կամ ծամելու ֆունկցիայի խանգարում, և այս ամենը մեծ անհարմարություն է պատճառում մարդուն» (International Dental Journal)։ Այս համատարած խնդրի մասին տեղեկացված լինելով՝ կկարողանաք նվազեցնել լնդերի հիվանդություններ ունենալու վտանգը։

Տեղեկություններ լնդային հիվանդության մասին

Կան լնդերի հիվանդության մի քանի փուլեր։ Նախնական փուլը կոչվում է գինգիվիտ՝ լնդերի բորբոքում։ Այս փուլի ախտանշան կարող է լինել լնդերի արյունահոսությունը։ Լնդերը գուցե արյունահոսեն ատամները խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս կամ էլ առանց որևէ ակնհայտ պատճառի։ Արյունահոսություն գուցե սկսվի նաև ստուգման ժամանակ. դա նույնպես գինգիվիտի նշան է։

Հիվանդության հաջորդ փուլը կոչվում է պարոդոնտիտ։ Պարոդոնտիտի ժամանակ սկսում են քայքայվել ատամի հենարանային համակարգի մաս կազմող ոսկրային և լնդային հյուսվածքները։ Այս փուլում գուցե ախտանշաններ չլինեն այնքան ժամանակ, մինչև որ հիվանդությունը չխորանա։ Պարոդոնտիտի հավանական նշաններից են լնդագրպանիկների առկայությունը, ատամների շարժունությունը, միջատամնային ճեղքերը, տհաճ հոտը, լնդերի արյունահոսությունը և լնդերի հետքաշումը (լինդը հեռանում է ատամից, ինչի հետևանքով ատամներն ավելի երկար տեսք են ունենում)։

Պատճառներն ու հետևանքները

Կան մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել պարոդոնտալ հիվանդություն ունենալու վտանգը։ Լնդերի հիվանդությունների հիմնական պատճառը ատամնափառն է՝ բակտերիալ շերտը, որը պարբերաբար գոյանում է ատամների վրա։ Եթե չմաքրենք ատամնափառը,  մանրէները կարող են լնդերի այտուցվածություն առաջացնել։ Երբ այս պրոցեսը շարունակվում է, լնդերը սկսում են հեռանալ ատամից, ինչի արդյունքում այդ բակտերիալ շերտը գոյանում է նաև լնդի տակ։ Երբ մանրէները թափանցում են այդ հատված, սկսվում է բորբոքման պրոցեսը, որը քայքայում է ոսկրային և լնդային հյուսվածքները։ Լնդեզրից վերև կամ լնդի տակ եղած ատամնափառը վերածվում է քարերի (կամ, ինչպես սովորաբար ասում են, ատամնաքարերի)։ Ատամնաքարերի վրա նույնպես կան մանրէներ, և քանի որ այդ քարերը շատ կարծր են ու ամուր են կպած ատամին, դրանք մաքրելը այնքան հեշտ չէ, որքան ատամնափառը մաքրելը։ Այդ իսկ պատճառով մանրէները շարունակում են վնասել լնդերը։

Լնդերի հիվանդություններ առաջացնող այլ պատճառներ էլ կան։ Դրանցից են բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, բուժման այնպիսի ձևեր, որոնք թուլացնում են իմունային համակարգը, վիրուսային հիվանդությունները, սթրեսը, շաքարախտը, խմիչքի չարաշահումը, ծխախոտը և հղիության հետ կապված հորմոնալ փոփոխությունները։

Լնդերի հիվանդությունը կարող է շատ դժվարություններ առաջացնել։ Ատամների կորստի և բերանի խոռոչում եղած ցավի պատճառով դժվար է լինում սնունդ ծամելը, և մարդը հաճույք չի ստանում ուտելուց։ Դա վատ է անդրադառնում նաև նրա խոսքի և արտաքին տեսքի վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի հիվանդությունները անմիջականորեն անդրադառնում են ընդհանուր առողջական վիճակի վրա։

Ախտորոշում և բուժում

Ինչպե՞ս կարող եք իմանալ՝ ունե՞ք արդյոք լնդային հիվանդություն։ Գուցե նկատեք, որ ունեք այս հոդվածում հիշատակված ախտանշաններից մի քանիսը։ Այդ դեպքում իմաստուն կլինի դիմել լավ ատամնաբույժի, որը կարող է որոշել, թե ինչ վիճակում են ձեր լնդերը։

Լնդերի հիվանդությունը հնարավո՞ր է բուժել։ Սկզբնական փուլերում լնդերի հիվանդությունը ավելի հեշտ է բուժվում, և հնարավոր է վերականգնել ամեն ինչ։ Եթե հիվանդությունը այնքան է խորանում, որ անհատը ձեռք է բերում պարոդոնտիտ, ապա անհրաժեշտ է կանգնեցնել այն և թույլ չտալ, որ վնաս հասցնի ոսկրին և հարատամնային մյուս հյուսվածքներին, որոնք պաշտպանում են մեր ատամները։ Ատամնաբույժները օգտագործում են հատուկ գործիքներ, որոնց միջոցով հեռացնում են վերլնդային և ստորլնդային ատամնափառն ու ատամնաքարերը։

Անգամ եթե սահմանափակ հնարավորություններ կան կամ ընդհանրապես հնարավորություն չկա օգտվելու ատամնաբուժական մասնագիտացված ծառայությունից, լնդային հիվանդության վտանգը հնարավորինս կնվազեցնեք, եթե կանխեք այն։ Իսկ կանխելու լավագույն միջոցը բերանի խոռոչի ճիշտ և կանոնավոր խնամքն է։