Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ 2010թ. դեկտեմբերի 25-ին 42-ամյա մի կին ինքնասպանություն գործելուց առաջ մի երկտող տեղադրեց հայտնի սոցիալական ցանցերից մեկում։ Այդ երկտողը կարծես օգնության հուսահատ ճիչ լիներ։ Թեև կինը սոցիալական ցանցում ուներ հազարից ավելի ընկերներ, սակայն նրանցից ոչ մեկը օգնության չհասավ։ Մեկ օր անց նրա մարմինը գտան ոստիկանները. նա դեղի մահացու չափաբաժին էր ընդունել։

Ներկայումս ժամանակակից տեխնիկայի միջոցով հնարավոր է սոցիալական ցանցերում ձեռք բերել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր «ընկերներ»՝ ընդամենը նրանց անուններն ավելացնելով ընկերների ցուցակում։ Իսկ նման «ընկերությանը» վերջ դնելու համար կարելի է պարզապես այդ մարդու անունը հանել ընկերների ցուցակից։ Սակայն վերոհիշյալ ողբերգական դեպքը ընդգծում է մի դառը իրողություն. շատ շատերը չեն գտել իսկական ընկերներ։ Վերջերս անցկացված մի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ թեև այսօր մարդիկ ավելի շատ են շփվում սոցիալական ցանցերի միջոցով, բայց իսկական ընկերներ քիչ ունեն։

Անշուշտ, կհամաձայնես, որ կարևոր է ունենալ լավ ընկերներ։ Ու թերևս հասկանում ես, որ հնարավոր չէ իսկական ընկերություն հաստատել՝ պարզապես հրավեր ուղարկելով կամ ընդունելով սոցիալական ցանցում։ Այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ, ըստ քեզ՝ ի՞նչ հատկություններ պետք է ունենա ընկերը։ Ինչպե՞ս կարող ես ինքդ լավ ընկեր լինել։ Ի՞նչ է հարկավոր իսկական ու հարատև ընկերություն ստեղծելու համար։

Նկատի առ չորս սկզբունք և տես, թե Աստվածաշնչի գործնական խորհուրդներն ինչպես կարող են օգնել քեզ լինելու այնպիսի անձնավորություն, որ ուրիշները ցանկանան ընկերություն անել քեզ հետ։

 1. Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր

Իսկական ընկերության մեջ կարևոր է նվիրվածությունը։ Այլ կերպ ասած՝ լավ ընկերը պատասխանատվությամբ է վերաբերվում իր ընկերոջը և անկեղծորեն հետաքրքրվում է նրանով։ Ինչ խոսք, դա պետք է երկկողմանի լինի, և դրա համար անձնազոհություն և մեծ ջանքեր են պահանջվում։ Սակայն արժե՛ նման ջանքեր թափել։ Հարցրու ինքդ քեզ. «Պատրա՞ստ եմ ընկերոջս համար զոհելու իմ ժամանակը, ուժերը և միջոցները»։ Հիշիր՝ լավ ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես։

Ի՞ՆՉՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Իռեն։ «Գեղեցիկ պարտեզ ունենալու համար բավական ժամանակ և ուշադրություն է անհրաժեշտ։ Նույնը կարելի է ասել իսկական ընկերություն զարգացնելու մասին։ Նախևառաջ պետք է ցանկանաս ինքդ լավ ընկեր լինել։ Նաև պետք է բարություն և անձնական հետաքրքրություն ցույց տաս, ինչպես նաև պատրաստակամորեն զոհես ժամանակդ, երբ ընկերդ ունի քո կարիքը»։

Լուիս Ալֆոնսո։ «Այսօրվա աշխարհը եսասիրություն է խրախուսում։ Ուստի մարդկանց շատ է դուր գալիս, երբ անկեղծորեն հետաքրքրվում են իրենցով և փոխարենը՝ ոչինչ չեն ակնկալում»։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց։ Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6։31, 38)։ Հիսուսը հորդորում է անձնազոհ ոգի և առատաձեռնություն դրսևորել։ Նման ոգի ունենալը կարևոր է իսկական ընկերության համար։ Եթե ձգտես անշահախնդրորեն օգնել ընկերներիդ, նրանք կմղվեն ավելի մտերմանալու քեզ հետ։

2. Լավ զրուցակից եղիր

Իսկական ընկերությունը չի կարող «ծաղկել»՝ առանց կանոնավոր շփման։ Ուստի ընկերոջդ հետ զրուցիր ձեր ընդհանուր հետաքրքրությունների մասին։ Ուշադիր լսիր և հարգիր նրա տեսակետը։ Ամեն առիթի դեպքում գովիր ու քաջալերիր նրան։ Երբեմն գուցե կարիք լինի խորհուրդ կամ նույնիսկ խրատ տալու ընկերոջդ, և դա թերևս այդքան էլ հեշտ չլինի։ Սակայն նվիրված ընկերը պետք է քաջություն ունենա և ընկերոջը ցույց տա նրա լուրջ սխալը ու նրբանկատորեն ուղղի նրան։

Ի՞ՆՉՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Խուան։ «Իսկական ընկերը պետք է կարողանա ազատորեն արտահայտել իր կարծիքը, սակայն չպետք է սրտնեղի, երբ չես համաձայնվում իր հետ»։

Յունիս։ «Ինձ համար շատ թանկ են այն ընկերները, ովքեր պատրաստ են ժամանակ անցկացնելու ինձ հետ և լսելու ինձ, հատկապես երբ խնդիրներ եմ ունենում»։

Սիլվինա։ «Իսկական ընկերները անկեղծորեն հետաքրքրվում են քեզանով, ուստի նրանք կասեն քեզ ճշմարտությունը, անգամ եթե իմանան, որ այդպես ցավ կպատճառեն քեզ»։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Լավ ընկերները հասկանում են, որ լսելը կարևոր է։ Եթե զրույցի ընթացքում շարունակ դու ես խոսում, դրանով կարծես ուզում ես ասել, որ քո կարծիքը ընկերոջդ կարծիքից ավելի կարևոր է։ Ուստի երբ ընկերդ ցանկանում է խոսել քեզ հետ իր խորունկ մտքերի ու զգացմունքների մասին, ուշադիր լսիր նրան։ Իսկ երբ նա անկեղծորեն քեզ ասում է քո որևէ թերության կամ սխալի մասին, մի՛ սրտնեղիր։ Առակներ 27։6-ում ասվում է. «Սիրող մարդու հասցրած վերքերը հավատարմությունից են բխում»։

 3. Իրատեսական ակնկալիքներ ունեցիր

Որքան շատ ենք մտերմանում մեր ընկերների հետ, այնքան ավելի շատ ենք տեսնում նրանց սխալները։ Մեր ընկերները կատարյալ չեն, ինչպես և մենք կատարյալ չենք։ Դրա համար երբեք չպետք է կատարելություն սպասենք նրանցից, այլ պետք է թանկ գնահատենք նրանց լավ հատկությունները և ներողամտորեն վերաբերվենք նրանց թերացումներին։

Ի՞ՆՉՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Սամուել։ «Հաճախ մենք ուրիշներից ավելի մեծ ակնկալիքներ ենք ունենում, քան մեզանից։ Եթե ընդունենք, որ մենք էլ ենք սխալներ անում և ներման կարիք ունենք, պատրաստակամորեն կներենք ուրիշներին»։

Դանիել։ «Ընդունիր, որ ընկերներդ սխալներ կանեն։ Երբ խնդիրներ են ծագում, լավ կլինի՝ արագ հարթես դրանք, և ամեն ինչ անես, որ մոռանաս»։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Պատրաստակամորեն ներո՞ւմ ես (Կողոսացիներ 3։13, 14)

«Բոլորս էլ հաճախ ենք սխալվում։ Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը» (Հակոբոս 3։2)։ Այս պարզ ճշմարտությունը հասկանալը կօգնի քեզ հասկացողությամբ վերաբերվելու ընկերներիդ սխալներին։ Դա էլ, իր հերթին, կնպաստի, որ անտեսես նրանց փոքր թերացումները, որոնք թերևս զայրացնում են քեզ։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց.... Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։13, 14

 4. Ընդլայնիր ընկերներիդ շրջանակը

Ինչ խոսք, մենք պետք է ընտրենք մեր ընկերներին։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է ընկերություն անենք միայն որոշակի տարիքի կամ որոշակի կրթություն ունեցող մարդկանց հետ։ Եթե մտերմանանք տարբեր տարիքի, ծագման կամ տարբեր ազգի մարդկանց հետ, մեր կյանքն ավելի ուրախ կլինի։

Ի՞ՆՉՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Յունայ։ «Եթե ընկերություն անես միայն քո տարիքի անհատների հետ կամ նրանց հետ, ովքեր ունեն նույն նախասիրությունները, ինչ որ դու ունես, ապա դա նման կլինի այն բանին, որ ամեն օր միայն քո սիրած գույնի հագուստ կրես։ Որքան էլ շատ սիրես այդ գույնը, միևնույնն է, ի վերջո կհոգնես դրանից»։

Ֆունկե։ «Ընկերներիս շրջանակը մեծացնելով՝ ավելի հասուն անձնավորություն եմ դարձել։ Նաև սովորել եմ լեզու գտնել տարբեր մարդկանց հետ՝ անկախ նրանց տարիքից ու ծագումից։ Դրա շնորհիվ ավելի ընկերասեր ու հարմարվող եմ դարձել, և ընկերներս շատ են գնահատում դա»։

Շփվո՞ւմ ես տարբեր մարդկանց հետ (2 Կորնթացիներ 6։13)

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Դուք էլ նույնը արեք (ինչպես իմ զավակների հետ եմ խոսում), դուք նույնպես ընդլայնեք ձեր սրտերը» (2 Կորնթացիներ 6։13)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ ընկերություն անել տարբեր մարդկանց հետ։ Եթե ընկերության հարցում անկողմնակալ ու լայնախոհ լինենք, մեր կյանքն ավելի հետաքրքիր կլինի, և մենք շատերի կողմից սիրված կլինենք։

 

Իմացիր ավելին

ԱՆԻՄԱՑԻԱՆԵՐ

Ո՞վ է իսկական ընկերը

Կեղծ ընկերները ամենուր են, բայց իսկական ընկերոջը պետք է գտնել։