Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Ինչպես վերահսկել ծախսերը

Ինչպես վերահսկել ծախսերը

ԽՆԴԻՐ

Ձեր բանկային հաշիվներին նայելով՝ տեսնում եք, որ փողերը, ափի մեջ առած ավազի պես, «սահում են» ձեր մատների արանքով։ Դուք վերջերս եք ամուսնացել և նկատում եք, որ ձեր փողը անմտածված է ծախսվում։ Մեղավորը կողակի՞ցդ է։ Մի՛ շտապիր նման եզրակացություն անելու։ Փորձեք միասին լուծել խնդիրը և մտածեք, թե ինչ պատճառներով եք նման իրավիճակում հայտնվել *։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Տարբեր հակումներ։ Եթե մինչ ամուսնանալն ապրել եք ծնողների հետ, ապա թերևս սովոր չեք վճարումներ անել և հոգալ ընտանիքի ծախսերը։ Բացի այդ, դուք փողը գուցե տարբեր ձևով եք տնօրինում։ Օրինակ՝ ձեզանից մեկը հնարավոր է հակված է ծախսելու, իսկ մյուսը՝ խնայելու։ Ժամանակ է անհրաժեշտ, որ ամուսինները իրար հարմարվեն և գումարը տնօրինելու ընդհանուր մեթոդ մշակեն։

Պարտքը նման է մոլախոտի, որը կաճի ու կմեծանա, եթե ժամանակին արմատախիլ չանես

Հետաձգելու սովորություն։ Ջիմը, որը հաջողակ բիզնեսմեն է, խոստովանում է, որ երբ նոր էր ամուսնացել, կազմակերպված անհատ չէր, և դա շատ թանկ էր նստում իր վրա։ Նա պատմում է. «Քանի որ հետաձգում էի վճարումներ կատարելը, ես ու կինս ստիպված էինք լինում հազարավոր դոլարների հասնող տուգանքներ վճարել։ Արդյունքում մնում էինք առանց փողի»։

Անտեսանելի թակարդ։ Հեշտ է չափից շատ ծախսեր անել, երբ վճարված փողը «չես տեսնում»։ Օրինակ՝ դա կարող է լինել, եթե գնումներիդ մեծ մասը կատարում ես վարկաքարտի, հաշվեքարտի, ինտերնետի կամ էլեկտրոնային փոխանցումների միջոցով։ Հեշտ ձեռքբերվող վարկերը նույնպես կարող են պատճառ լինել, որ նորապսակները չափից շատ ծախսեր անեն։

Ինչ էլ լինի պատճառը, փողի հետ կապված հարցերը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ընտանիքում։ Մի գրքում նշվում է. «Ամուսինների մեծ մասն ասում է, որ փողը իրենց ընտանիքում գլխավոր խնդիրն է՝ անկախ նրանից, թե որքան գումար ունեն։ Ֆինանսական հարցերը պարարտ հող են վիճաբանությունների համար» (Fighting for Your Marriage)։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Համագործակցեք։ Իրար մեղադրելու փոխարեն՝ գործեք որպես մեկ թիմ, որպեսզի կարողանաք վերահսկել ձեր ծախսերը։ Ֆինանսական հարցեր քննարկելիս հենց սկզբից որոշեք, որ թույլ չեք տալու՝ այդ հարցը սեպ խրի ձեր միջև։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 4։32։

Բյուջե կազմեք։ Գրի առեք ձեր մեկ ամսվա ծախսերը՝ մեծ թե փոքր։ Դա կօգնի, որ տեսնեք, թե ինչի վրա է ծախսվում ձեր գումարը, և որոնք են անտեղի ծախսերը։ Ջիմը, որի մասին խոսվեց վերևում, ասում է. «Հարկավոր է վերջ դնել աջ ու ձախ ծախսելուն»։

Կազմեք անհրաժեշտ ծախսերի ցուցակ։ Ընդգրկեք սննդի, հագուստի, վարձակալության, հիպոթեկային վարկի, մեքենայի և այլ բաների հետ կապված ծախսերը և յուրաքանչյուրի դիմաց նշեք, թե որոշակի ժամանակահատվածում, ասենք՝ մեկ ամսում, մոտավորապես որքան գումար եք ծախսելու դրա համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ղուկաս 14։28։

«Պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)

Ամեն ամիս ձեր գումարը բաշխեք՝ ըստ նախատեսված ծախսերի (ուտելիք, վարձեր, վառելիք և այլն)։ Օրինակ՝ ոմանք փողը դնում են տարբեր ծախսերի համար նախատեսված ծրարների մեջ *։ Եթե մի ծրարի գումարը վերջանում է, նրանք այլևս այդ տեսակի ծախսեր չեն անում կամ մեկ այլ ծրարից են փող վերցնում։

Վերանայեք ձեր տեսակետը։ Երջանկությունը կախված չէ վերջին նորույթներն ունենալուց։ Հիսուսն ասաց. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Այն, թե ինչպես է անհատը ծախսում փողը, հաճախ ցույց է տալիս, թե արդյոք նա հավատում է այս խոսքերին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Տիմոթեոս 6։8։

Փոփոխություններ արեք։ Արոն անունով մի մարդ, որը երկու տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Գուցե սկզբում թվա, թե հնարավորություն ունենք ռեստորանում հաճախակի ճաշելու, կաբելային հեռուստատեսություն կամ այլ բաներ ունենալու, սակայն, ի վերջո, դրանք կարող են հարվածել մեր գրպանին։ Պետք է սովորենք հրաժարվել որոշ բաներից, որպեսզի կարողանանք մեր միջոցների համեմատ ապրել»։

^ պարբ. 4 Թեև այս հոդվածը ուղղված է նորապսակներին, սակայն քննարկվող սկզբունքները կիրառելի են բոլոր ամուսնացած զույգերի համար։

^ պարբ. 14 Եթե վճարումներ եք անում էլեկտրոնային փոխանցումների ձևով կամ վարկաքարտով, ապա փողի փոխարեն՝ կարող եք յուրաքանչյուր ծրարի մեջ դնել համապատասխան ծախսերի մասին գրառումներ։

Իմացիր ավելին

Ի՞նչն է երջանիկ դարձնում ընտանիքին

Եհովան է ընտանիքի հիմնադիրը և հայտնում է, թե որն է երջանիկ ընտանեկան կյանք ունենալու գաղտնիքը։