Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2014

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Չինաստան

Պեկինում 2013թ. առաջին ինը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների թիվն աճել է 41 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Մասնագետների կարծիքով՝ այդ կտրուկ աճի պատճառը թերևս այն է, որ ամուսնական զույգերը ցանկացել են խուսափել գույքի արժեքի հավելաճի՝ վերջերս սահմանված 20 տոկոս հարկից, որը պետք է վճարեն տան վաճառքից։ Բանն այն է, որ ամուսնալուծված զույգերի համար, ովքեր ցանկանում են վաճառել իրենց երկու տներից մեկը, որոշակի պայմաններով հարկային զիջումներ են արվում։

Աշխարհ

Միավորված ազգերի կազմակերպությունը թերսնման խնդրի դեմ պայքարելու համար առաջարկ է արել, որ ավելի շատ մարդիկ իրենց սննդակարգի մեջ միջատներ ընդգրկեն։ Ուտելի միջատները հարուստ են սննդարար նյութերով, և նրանց բուծման համար ավելի քիչ կեր է պահանջվում, հետևաբար, դրանք «կարող են արդյունավետորեն փոխարինել մսամթերքին», ինչպես նշվում է վերջերս ներկայացված մի հաշվետվության մեջ։ Սակայն այնտեղ նաև ասվում է, որ «որոշ երկրներում մարդկանց համար զզվելի է [միջատներ] ուտելը»։

Կանադա

Անպտղության բուժման կլինիկաները բախվում են իրավական ու բարոյական խնդիրների՝ կապված այն հարցի հետ, թե ինչ է հարկավոր անել մարդու սառեցված այն սաղմերը, որոնց «տերերին» այլևս հնարավոր չէ գտնել։ Տեղեկությունների համաձայն՝ այդպիսի մեկ կլինիկայում պահվում են 1000 կենսունակ սաղմեր, որոնք պատկանում են այն անձանց, ովքեր դիմել են արտամարմնային բեղմնավորման համար և հետո «անհետացել են»։

Իռլանդիա

Իռլանդիայում ապրող այն կաթոլիկները, որոնք ցանկանում էին ամուսնանալ, ստիպված էին ընտրել կա՛մ կրոնական, կա՛մ քաղաքացիական արարողություն։ Սակայն 2013թ.-ին, երբ մի հումանիստական խմբավորման թույլ տրվեց հումանիստական հարսանեկան արարողություն կատարել, իռլանդացիները ունեցան մեկ ընտրություն ևս։ Համաձայն «Ռոյթերս» գործակալության տեղեկությունների՝ «կան շատ մարդիկ, ովքեր չեն ցանկանում պարզապես քաղաքացիական արարողությամբ ամուսնանալ, բայցև մերժում են կրոնական արարողությունը, այդ պատճառով մեծ հերթ է գոյացել»։ Հարսանեկան այդպիսի արարողություններ կատարողները չեն հասցնում կատարել պատվերները։