Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Մայիս 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպես վերահսկել սթրեսը

Ինչպես վերահսկել սթրեսը

«Կարծես խելահեղ ու աննպատակ վազքի մեջ լինեի։ Հաճախ աշխատում էի օրը 16 ժամ։ Հանգստյան օր հազվադեպ էի ունենում։ Ինձ զայրացնում էր այն, որ փոքրիկիս միայն քնած էի տեսնում։ Սթրեսը հյուծում էր ինձ» (Կերի, Ֆինլանդիա)։

ԿԵՐԻՆ բացառություն չէ։ Բարեգործական մի ընկերություն (Միացյալ Թագավորություն), որն օգնում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց, նշում է, որ Մեծ Բրիտանիայում ամեն 5 աշխատողից մեկն ասել է, թե իր աշխատանքային գործունեության ընթացքում սթրեսի հետևանքով առողջական խնդիրներ է ունեցել, իսկ ամեն 4 աշխատողից մեկը ծանր ճնշումների պատճառով լաց է եղել աշխատավայրում։ Վերջին տարիների տնտեսական անկման ժամանակ ընդամենը մեկ տարվա ընթացքում աննախադեպ աճ է նկատվել հակադեպրեսանտների օգտագործման մեջ։

Սթրեսի պատճառ կարող են լինել՝

  • Անապահովությունը՝ լինի դա ֆինանսական կամ այլ բնույթի

  • Ծանրաբեռնված գրաֆիկը

  • Մարդկանց հետ ընդհարումները

  • Դժբախտ դեպքերը

Սթրեսի հետևանքները կարող են լինել՝

  • Առողջական խնդիրները

  • Էմոցիոնալ հյուծվածությունը

  • Քնի խանգարումները

  • Դեպրեսիան

  • Լարված փոխհարաբերությունները

 Սթրեսը գործի է դնում մեր օրգանիզմի մի ապշեցուցիչ համակարգ, որն ասես շտապօգնություն լինի։ Սթրեսի ժամանակ արտադրվում են հորմոններ, որոնք արագացնում են շնչառությունը, սրտի աշխատանքը և բարձրացնում են արյան ճնշումը։ Բացի այդ, արյան բջիջների ու գլյուկոզայի պաշարները սկսում են ներհոսել արյունատար համակարգ։ Հակազդեցությունների այս շղթան պատրաստում է մեր օրգանիզմը դիմագրավելու սթրեսորին (սթրես առաջացնող ազդակ)։ Երբ սթրեսորի ազդեցությունն անցնում է, օրգանիզմը վերադառնում է իր բնականոն գործունեությանը։ Բայց եթե սթրեսորի ազդեցությունը շարունակվում է, մենք անընդհատ մնում ենք անհանգիստ ու լարված վիճակում, ինչպես շարժիչը, որն անընդհատ միացված է։ Հետևաբար, ֆիզիկական և մտային առողջությունը պահպանելու համար կարևոր է, որ սովորենք վերահսկել սթրեսը։

Ինչպես վերահսկել սթրեսը

Սթրեսը միշտ չէ, որ վնասակար է։ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան նշել է. «Սթրեսի ազդեցությունը մարդու վրա կարելի է համեմատել ջութակի լարերը լարելու հետ. եթե լարը շատ քիչ է ձգված, ապա այն խուլ ու տհաճ ձայն կարձակի, իսկ եթե լարը չափից շատ է ձգված, ապա սուր ձայն կարձակի, կամ լարը կկտրվի։ Նմանապես, եթե մեր կյանքում սթրեսը շատ քիչ է կամ ընդհանրապես բացակայում է, մեր կյանքը համ ու հոտ չի ունենա, սակայն մյուս կողմից՝ չափից շատ սթրեսը կարող է նույնիսկ մահվան պատճառ լինել։ Կարևորն այն է, որ սովորենք վերահսկել այն։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մարդիկ ունեն տարբեր խառնվածք և առողջական վիճակ։ Օրինակ՝ այն, ինչը սթրեսային վիճակի մեջ է գցում մեկին, մյուսի վրա գուցե այդպիսի ազդեցություն չունենա։ Այնուամենայնիվ, եթե առօրյա գրաֆիկիդ պատճառով այնքան ես լարվում, որ չես կարողանում հանգստանալ կամ հաղթահարել անսպասելի խնդիրները, ապա կարելի է ասել, որ ծայրահեղ սթրեսային վիճակում ես։

Շարունակական սթրեսին դիմանալու համար որոշ մարդիկ սկսում են օգտագործել ալկոհոլ, թմրանյութեր կամ ծխախոտ։ Ոմանք էլ սկսում են սխալ սնվել, աննպատակ նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջև։ Սակայն այդպես նրանք ոչ թե լուծում են խնդիրը, այլ ընդհակառակը՝ ավելի են ծանրացնում։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք վերահսկել սթրեսը։

Շատերը կարողացել են անել դա՝ կիրառելով Աստվածաշնչի գործնական խորհուրդները։ Գուցե այդ իմաստուն խորհուրդները քե՞զ էլ օգնեն։ Ե՛կ քննենք սթրես առաջացնող չորս հիմնական պատճառ։

 1 ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Ոչ ոք լիարժեք ապահովություն չունի։ Ինչպես ասվում է Աստվածաշնչում, «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։ Ինչպե՞ս կարող ես ձերբազատվել անապահովության զգացումից։ Փորձիր հետևյալը։

  • Անկեղծորեն խոսիր մի վստահելի անձնավորության, օրինակ՝ ընտանիքիդ անդամի կամ ընկերոջդ հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մտերիմների աջակցությունը պաշտպանում է սթրեսի հետևանքով առաջացող տարբեր խնդիրներից։ Ինչպես նշվում է Առակներ 17։17-ում, «իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված»։

  • Շարունակ մի մտածիր այն մասին, թե ինչ վատ բաներ կարող են լինել։ Նման մտածմունքները ոչ մի օգուտ չեն բերում, այլ միայն հյուծում են զգացապես։ Ի վերջո, այն, ինչից վախենում ես, գուցե ընդհանրապես տեղի չունենա։ Ահա թե ինչու է Աստվածաշունչն ասում. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (Մատթեոս 6։34

  • Զորացիր աղոթքի միջոցով։ «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»,— ասվում է 1 Պետրոս 5։7-ում։ Աստված ցույց է տալիս իր հոգատարությունը՝ տալով ներքին խաղաղություն և հավաստիացնելով, որ «ոչ մի դեպքում» չի լքի նրանց, ովքեր դժվարին իրավիճակում դիմում են իրեն՝ մխիթարություն և օգնություն ստանալու համար (Եբրայեցիներ 13։5; Փիլիպպեցիներ 4։6, 7

2 ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳՐԱՖԻԿ

Մարդուն գուցե մշտապես սթրեսային վիճակում պահի լարված առօրյան՝ աշխատանքը, ուսումը, երեխաների կամ տարեց ծնողների մասին հոգ տանելը։ Ընդ որում, գուցե անհնար լինի չանել նշված բաներից մի քանիսը (1 Տիմոթեոս 5։8)։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։

  • Օրվա մեջ ժամանակ գտիր հանգստի համար։ Բացի այդ, աշխատիր բավականաչափ հանգստանալ։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6

  • Ճիշտ առաջնահերթություններ դիր և համեստ կյանքով ապրիր (Փիլիպպեցիներ 1։10)։ Մտածիր, թե ինչ կարող ես անել կյանքդ պարզեցնելու համար. թերևս կարողանաս կրճատել ծախսերդ կամ ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին (Ղուկաս 21։34, 35

Կերին, որի մասին կարդացինք սկզբում, վերանայեց իր ապրելակերպը։ Նա գրում է. «Հասկացա, որ եսասեր կյանքով եմ ապրում»։ Կերին վաճառեց իր բիզնեսը և ընտրեց մի աշխատանք, որը նրան հնարավորություն էր տալիս ավելի շատ ժամանակ անցկացնելու ընտանիքի հետ։ «Թեև այսօր ավելի պարզ կյանքով ենք ապրում,— նշում է նա,— բայց ես ու կինս այլևս մշտական սթրեսի մեջ չենք և ավելի շատ ժամանակ ունենք ընտանիքի ու ընկերների հետ շփվելու համար։ Այն ներքին խաղաղությունը, որ ունեմ հիմա, ոչ մի շահավետ աշխատանքի հետ չեմ փոխի»։

 3 ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ

Ընդհարումները, հատկապես աշխատավայրում կարող են ուժեղ սթրեսային վիճակում պահել մարդուն։ Եթե դու էլ ես նման խնդիրների բախվում, գուցե քեզ համար օգտակար լինեն հետևյալ խորհուրդները։

  • Երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, փորձիր հանդարտ մնալ։ Կրակի վրա յուղ մի լցրու։ Առակներ 15։1-ում ասվում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում»։

  • Փորձիր հարթել տարաձայնությունները՝ անհատի հետ զրուցելով առանձին և հարգալից կերպով։ Այդպես ցույց կտաս, որ հարգում ես նրա արժանապատվությունը (Մատթեոս 5։23–25

  • Ձգտիր ըմբռնողականություն դրսևորել և հասկանալ դիմացինի զգացմունքներն ու տեսակետը։ Դա կօգնի, որ քեզ պատկերացնես նրա իրավիճակում, ինչը «կհանդարտեցնի բարկությունը» (Առակներ 19։11)։ Դա նաև կօգնի, որ ինքդ քեզ նայես այդ մարդու աչքերով։

  • Փորձիր ներել։ Ներողամտությունը ոչ միայն գեղեցիկ հատկություն է, այլև բուժիչ ազդեցություն ունի։ 2001-ին արված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ «ներողամիտ չլինելու» պատճառով «զգալիորեն բարձրանում է արյան ճնշումը», և արագանում է սրտի աշխատանքը, մինչդեռ ներողամտությունը նվազեցնում է սթրեսը (Կողոսացիներ 3։13

4 ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐ

Նիենգը, որն ապրում է Կամբոջայում, մի շարք դժբախտությունների բախվեց։ Երբ 1974թ.-ին օդանավակայանում ռումբ պայթեց, նա վիրավորվեց։ Հաջորդ տարի մահացան նրա երկու երեխաները, մայրը և ամուսինը։ 2000թ.-ին նրա տունն ու ողջ ունեցվածքը ոչնչացան հրդեհից, իսկ երեք տարի անց մահացավ նրա երկրորդ ամուսինը։ Նիենգն այնքան էր հուսահատվել, որ ցանկանում էր վերջ դնել իր կյանքին։

«Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք»

Բայց նա այդ ծանր վիճակից դուրս գալու մի միջոց գտավ։ Կերիի նման՝ նա ուսումնասիրեց Աստվածաշունչը և այնքան օգուտներ քաղեց, որ սկսեց օգնել ուրիշներին, որ նրանք էլ օգուտներ քաղեն Աստվածաշնչից։ Այս դեպքը հաստատում է այն, ինչը պարզել էին բրիտանացի մասնագետները 2008-ին արված մի ուսումնասիրության արդյունքում։ Նրանք նշում են, որ «սթրեսային վիճակում տոկունություն զարգացնելու» միջոցներից մեկը «ուրիշների համար.... որևէ բան անելն է», խորհուրդ, որը վաղուց գրված է Աստվածաշնչում (Գործեր 20։35

Բացի այդ, Նիենգը լավ ապագայի ամուր հույս ձեռք բերեց. շուտով մարդկության բոլոր խնդիրները կվերանան, և ամենուրեք «խաղաղության առատություն կլինի» (Սաղմոս 72։7, 8

Աստվածաշունչը կարող է օգնել ունենալու իրական հույս, ինչպես նաև իմաստություն սթրեսներին դիմակայելու համար։ Միլիոնավոր մարդիկ արդեն օգուտներ են քաղել այս անզուգական գրքից։ Դու նույնպես կարող ես օգուտներ քաղել։