Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2014

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՖՐԵԴԵՐԻԿ ԴՅՈՒՄՈՒԼԵՆ

«Համոզված եմ, որ գոյություն ունի Ստեղծիչ»

«Համոզված եմ, որ գոյություն ունի Ստեղծիչ»

Ֆրեդերիկ Դյումուլենը ավելի քան տասը տարի է, ինչ աշխատում է Գենտի համալսարանում (Բելգիա) դեղագործական հետազոտությունների ոլորտում։ Մի ժամանակ նա աթեիստ էր, բայց հետագայում եկավ այն համոզման, որ Աստված է ստեղծել կյանքը։ Այժմ նա Եհովայի վկա է։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Փոքր տարիքում կրոնը որևէ դեր ունեցե՞լ է ձեր կյանքում։

— Այո՛, ունեցել է։ Մայրս կաթոլիկ էր։ Բայց ես կրոնից խորապես հիասթափվեցի՝ կարդալով խաչակրաց արշավանքների և ինկվիզիցիայի մասին, և չէի ցանկանում որևէ կերպ առնչվել կրոնի հետ։ Կարդացի նաև ոչ քրիստոնեական կրոնների մասին և տեսա, որ դրանք էլ մյուսներից լավը չեն։ 14 տարեկանում սկսեցի մտածել, որ Աստված գոյություն չունի, քանի որ տեսնում էի, թե կրոնների մեջ որքան տարածված է ապականությունը։ Իսկ երբ դպրոցում մեզ սովորեցրին էվոլյուցիոն տեսությունը, եզրակացրի, որ կյանքն առաջացել է բնական պրոցեսների արդյունքում։

— Ի՞նչը մղեց ձեզ հետաքրքրվելու գիտությամբ։

— Երբ յոթ տարեկան էի, ինձ մանրադիտակ նվիրեցին, և այն դարձավ իմ ամենասիրելի խաղալիքը։ Ես ուսումնասիրում էի տարբեր բաներ, այդ թվում միջատներ, օրինակ՝ թիթեռներ։

— Ինչո՞ւ ձեզ սկսեց հետաքըրքրել կյանքի ծագման հարցը։

— 22 տարեկանում հանդիպեցի մի գիտնականի, որը Եհովայի վկա էր։ Նա հավատում էր, որ Աստված է ստեղծել կյանքը։ Դա ինձ համար տարօրինակ էր։ Ես կարծում էի, թե հեշտությամբ կկարողանամ ապացուցել, որ այն, ինչին նա հավատում է, անհեթեթություն է։ Բայց ի զարմանս ինձ՝ նա իմ բոլոր հարցերին խելամիտ պատասխաններ տվեց։ Ինձ սկսեցին հետաքրքրել Աստծուն հավատացող մարդիկ։

Մի քանի ամիս անց հանդիպեցի մեկ ուրիշ Վկայի, որը բավական խոր գիտելիքներ ուներ բժշկության վերաբերյալ։ Նա ասաց, որ կարող է պատմել ինձ իր հավատալիքների մասին, և ես համաձայնեցի, քանի որ ցանկանում էի իմանալ, թե ինչու են մարդիկ հավատում Աստծուն։ Նաև ուզում էի օգնել նրան դուրս գալու այդ մոլորությունից։

— Կարողացա՞ք համոզել նրան, որ սխալվում է։

— Ո՛չ, չկարողացա։ Սկսեցի ուսումնասիրել կյանքի ծագման վերաբերյալ տարբեր տեսություններ։ Ի զարմանս ինձ՝ նկատեցի, որ  որոշ հայտնի գիտնականներ այն կարծիքին են, որ նույնիսկ պարզագույն բջիջն այնքան բարդ կառուցվածք ունի, որ չէր կարող առաջացած լինել երկրի վրա։ Նրանցից ոմանք կարծում են, թե այդ բջիջները երկրի վրա են հայտնվել տիեզերքից։ Այնպես որ կյանքի ծագման վերաբերյալ շատ հակասական կարծիքներ կան։

— Գիտնականների տեսակետների մեջ կա՞ որևէ ընդհանուր բան։

— Տարօրինակ է, բայց շատ գիտնականներ համաձայն են այն տեսակետին, որ կյանքն ինչ-որ ձևով առաջացել է անկենդան մատերիայից բնական պրոցեսների արդյունքում։ Սկսեցի մտածել. «Եթե նրանք ստույգ չգիտեն, թե ինչպես կարող էր կյանքն առաջանալ՝ առանց Ստեղծչի միջամտության, ապա ինչպե՞ս են համոզված պնդում, որ կյանքը հենց այդպես է առաջացել»։ Ուստի ցանկացա իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը կյանքի ծագման վերաբերյալ։

— Ի՞նչ եզրակացություններ արեցիք Աստվածաշնչի վերաբերյալ։

— Որքան շատ բան էի իմանում Աստվածաշնչից, այնքան ավելի էի համոզվում, որ այն ճշգրիտ է։ Օրինակ՝ գիտնականները միայն վերջին տարիներին են պարզել, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Բայց Աստվածաշնչի հենց առաջին խոսքերում, որոնք գրվել են մոտ 3500 տարի առաջ, ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»Բացի այդ, ես նկատեցի, որ գիտական հարցերի վերաբերյալ աստվածաշնչյան բոլոր տեղեկությունները ճշգրիտ են։

Ես նկատեցի, որ գիտական հարցերի վերաբերյալ աստվածաշնչյան բոլոր տեղեկությունները ճշգրիտ են

— Գիտության բնագավառում ունեցած գիտելիքները չխանգարեցի՞ն ձեզ հավատալու Աստծուն։

— Ո՛չ։ Արդեն երեք տարի էր, ինչ համալսարանում ուսումնասիրություններ էի անում գիտության ոլորտում, երբ սկսեցի հավատալ Աստծուն։ Մինչև հիմա էլ որքան շատ եմ հետազոտում կենդանի օրգանիզմների կառուցվածքը, այնքան ավելի եմ համոզվում, որ գոյություն ունի Ստեղծիչ։

— Կարո՞ղ եք նշել մի օրինակ։

— Իհա՛րկե։ Ես ուսումնասիրել եմ, թե ինչպես են դեղամիջոցներն ու թունավոր նյութերը (տոքսինները) ազդում կենդանի օրգանիզմների վրա։ Եվ ինձ անչափ տպավորել է այն, թե ինչպես է մեր ուղեղը պաշտպանվում վտանգավոր նյութերից և մանրէներից։ Դա հնարավոր է ուղեղի բջիջների և արյան միջև գոյություն ունեցող մի պատնեշի շնորհիվ։

— Ինչո՞վ է դա առանձնահատուկ։

— Ավելի քան հարյուր տարի առաջ գիտնականները պարզել են, որ արյան մեջ թափանցող նյութերը մտնում են օրգանիզմի բոլոր մասեր, բացի ուղեղից և ողնուղեղից։ Դա ապշեցուցիչ է, քանի որ արյունը մազանոթների հսկայական ցանցի միջոցով հասնում է ուղեղի յուրաքանչյուր բջջին, և արյան միջոցով ուղեղի բոլոր բջիջները մաքրվում են, ստանում են սննդարար նյութեր և թթվածին։ Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է լինում, որ արյան մեջ մտնող որոշ նյութեր չեն ներթափանցում ուղեղի բջիջներ։ Տարիներ շարունակ սա առեղծված է եղել։

— Կբացատրե՞ք։

— Արյան մազանոթները նման չեն պլաստմասսայե խողովակների, որոնք թույլ չեն տալիս, որ դրսից որևէ բան անցնի ներս։ Մազանոթների պատերը կազմված են բջիջներից, որոնք հնարավորություն են տալիս, որ նյութերն ու մանրէները անցնեն իրենց միջով և իրենց արանքով։ Բայց ուղեղի մազանոթների բջիջները բոլորովին տարբեր են։ Դրանք խիտ են դասավորված և փոխկապակցված են։ Այդ բջիջները և դրանց միջև գոյություն ունեցող սերտ կապերը պարզապես ապշեցուցիչ են։ Մի շարք բարդ մեխանիզմների շնորհիվ որոշ տարրեր, օրինակ՝ թթվածինը, ածխաթթու գազը և գլյուկոզան, կանոնակարգված ձևով արյունից ներթափանցում են ուղեղ։ Սակայն այլ միացություններ, սպիտակուցներ և բջիջներ չեն կարող անցնել արյունաուղեղային պատնեշի միջով։ Այսպիսով՝ այդ պատնեշը գործում է մոլեկուլային մակարդակում որպես ֆիզիկական, քիմիական և էլեկտրական արգելապատ։ Իմ կարծիքով՝ հնարավոր չէ, որ մարդու օրգանիզմում գործող այս ապշեցուցիչ մեխանիզմը ինքնիրեն առաջացած լիներ։