Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Եթե հիասթափվել ես քո ամուսնությունից

Եթե հիասթափվել ես քո ամուսնությունից

ԽՆԴԻՐ

Նախքան ամուսնությունը քեզ ու կողակցիդ թվում էր, թե շատ ընդհանուր բաներ ունեք։ Սակայն այժմ հիասթափությունը սեպ է խրել ձեր միջև. կարծես ոչ թե սրտակիցներ եք, այլ բանտակիցներ։

Դուք կարող եք բարելավել ձեր փոխհարաբերությունները։ Սակայն նախևառաջ տեսնենք, թե ինչը կարող է հիասթափության պատճառ լինել։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Իրական կյանք եք մտնում։ Առօրյա կյանքը՝ աշխատանքը, երեխաների դաստիարակությունը և կողակցի հարազատների հետ շփումը, գուցե աստիճանաբար մթագնի ընտանեկան երջանկությունը։ Բացի այդ, ընտանիքում կարող են լարվածություն առաջացնել անսպասելի խնդիրները, օրինակ՝ ֆինանսական դժվարությունները կամ ընտանիքի անդամի անբուժելի հիվանդությունը։

Ձեր միջև եղած տարբերություններն անհամատեղելի են թվում։ Ժամադրության շրջանում զույգերը հակված են լինում անտեսելու իրենց միջև եղած տարբերությունները։ Իսկ ամուսնությունից հետո թե՛ ամուսինը, թե՛ կինը հասկանում են՝ որքան տարբեր են, օրինակ՝ շփման, փողը տնօրինելու և խնդիրները լուծելու հարցում։ Այն տարբերությունները, որ մի ժամանակ պարզապես դուր չէին գալիս նրանց, այժմ անտանելի են թվում։

Այլևս չկա զգացական ջերմ կապվածություն։ Ժամանակի ընթացքում կոպիտ խոսքերի կամ արարքների պատճառով կուտակված բացասական զգացմունքները, ինչպես նաև չլուծված խնդիրները կարող են պատճառ դառնալ, որ կինը կամ ամուսինը փակվի ինքն իր մեջ ու չարտահայտի իր զգացմունքները։ Կամ կարող է ավելի վատ լինել. նա գուցե սկսի էմոցիոնալ կապվածություն զարգացնել մեկ ուրիշի հանդեպ։

Անիրական ակնկալիքներ եք ունեցել։ Որոշ մարդիկ ամուսնանում են՝ մտածելով, թե վերջապես գտել են այն մեկին, ով ստեղծված է հենց իրենց համար։ Թեև դա գուցե շատ ռոմանտիկ է հնչում, բայց նման մտածելակերպը կարող է հանգեցնել աղետի։ Երբ խնդիրները գլուխ են բարձրացնում, «իդեալական կողակցի» մասին պատրանքը հօդս է ցնդում, և կողակիցները եզրակացնում են, թե սխալ ընտրություն են արել։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Կենտրոնացիր կողակցիդ լավ հատկությունների վրա։ Գրի առ երեք դրական հատկություն, որ ունի քո կողակիցը։ Կարող ես, օրինակ, դրանք գրել քո բջջային հեռախոսի մեջ կամ ձեր հարսանեկան նկարներից մեկի հետևում, որը կարող ես պահել քեզ մոտ։ Հաճախ աչքի անցկացրու գրածդ և հիշիր, թե ինչու ես ամուսնացել կողակցիդ հետ։ Եթե կենտրոնանաս կողակցիդ դրական հատկությունների վրա, կնպաստես ընտանեկան խաղաղությանը, և քեզ համար ավելի հեշտ կլինի համակերպվել ձեր միջև եղած տարբերություններին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 14։19։

Միասին ժամանակ անցկացրեք։ Նախքան ամուսնանալը հավանաբար ժամանակ էիք հատկացնում միասին ինչ-որ բան անելուն։ Դրա համար դուք հատուկ ջանքեր էիք գործադրում, քանի որ ժամադրությունը ձեզ համար նոր ու հետաքրքիր շրջան էր։ Կարող եք նույնը անել նաև հիմա։ Առիթներ ստեղծեք, որ ժամանակ անցկացնեք իրար հետ, կարծես ժամադրության շրջանում եք։ Այդպես ավելի կմտերմանաք և հեշտությամբ կկարողանաք հաղթահարել անսպասելի խնդիրները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 5։18։

Խոսիր քո զգացմունքների մասին։ Երբ վիրավորվում ես կողակցիդ խոսքերից կամ արարքներից, նախ փորձիր ներել։ Եթե չի ստացվում, ապա չարժե երեխայի պես խռով մնալ ու չխոսել նրա հետ։ Փորձիր հնարավորինս շուտ հանդարտորեն խոսել կողակցիդ հետ, լավ կլինի հենց նույն օրը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 4։26։

Երբ վիրավորվում ես կողակցիդ խոսքերից կամ արարքներից, նախ փորձիր ներել

Հասկացիր կողակցիդ իրական մղումները։ Ամենայն հավանականությամբ, ձեզանից ոչ մեկը չի ցանկանում վիրավորել դիմացինին։ Վստահեցրու կողակցիդ դրանում և անկեղծորեն ներողություն խնդրիր նրան ցավ պատճառելու համար։ Ապա քննարկեք, թե ինչ կարող եք անել, որ անզգուշաբար չվիրավորեք միմյանց։ Հետևեք աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփեսացիներ 4։32

Իրատեսական ակնկալիքներ ունեցեք։ Աստվածաշունչը նշում է, որ «ամուսնացողները դժվարություններ կունենան» (1 Կորնթացիներ 7։28)։ Երբ նման դժվարությունների ես բախվում, հապճեպորեն մի եզրակացրու, թե սխալվել ես ամուսնության մեջ։ Փոխարենը՝ համագործակցիր կողակցիդ հետ, որպեսզի հարթեք տարաձայնությունները և «շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13