Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Փետրվար 2014

 ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Կոստանդին

Կոստանդին

Կոստանդինը Հռոմի առաջին կայսրն էր, որ սկսեց քրիստոնեություն դավանել։ Այդպես նա մեծ ազդեցություն ունեցավ աշխարհի պատմության վրա։ Նա ընդունեց նախկինում հալածվող այդ կրոնը և ճանապարհ հարթեց քրիստոնեական աշխարհի ձևավորման համար։ Արդյունքում, համաձայն «Բրիտանական հանրագիտարանի», այսպես կոչված քրիստոնեությունը դարձավ «հասարակական և քաղաքական ամենահզոր ուժը» և մեծապես ազդեց պատմության ընթացքի վրա։

ԻՆՉՈ՞Ւ մեզ պետք է հետաքրքրի Հին Հռոմի կայսրի մասին պատմությունը։ Եթե մեզ հետաքրքրում է քրիստոնեությունը, ապա պետք է իմանանք, որ Կոստանդինի ձեռնարկած կրոնական և քաղաքական քայլերը մինչ օրս շարունակում են ազդել բազմաթիվ եկեղեցիների հավատալիքների և սովորությունների վրա։ Տեսնենք, թե ինչպես։

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՝ Ի ՇԱՀ ԻՐԵՆ

Մ.թ. 313-ին Կոստանդինը իշխում էր Արևմտյան Հռոմեական կայսրությունում, իսկ Լիկինիոսն ու Մաքսիմինոսը իշխում էին արևելյան հատվածում։ Կոստանդինը և Լիկինիոսը երկրպագության ազատություն շնորհեցին բոլորին, այդ թվում քրիստոնյաներին։ Կոստանդինը պաշտպանում էր քրիստոնեությունը՝ հուսալով, որ այն կմիավորի իր կայսրությունը *։

Կոստանդինին ապշեցնում էր այն, որ եկեղեցիները պառակտված են տարաձայնությունների պատճառով։ Ցանկանալով միավորել նրանց՝ նա որոշեց հաստատել «ճիշտ» ուսմունք, ապա պարտադրեց եկեղեցիներին ընդունելու այն։ Կայսեր հավանությունը ստանալու համար եպիսկոպոսները պետք է կրոնական հարցերում զիջումներ անեին, և նրանք, ովքեր այդպես էին վարվում, ազատվում էին հարկերից ու վայելում կայսեր հովանավորությունը։ Ինչպես նշում է պատմաբան Չարլզ Ֆրիմենը, «քրիստոնեական ուսմունքի «ճիշտ» ձևն ընդունելը կրոնական առաջնորդների առջև դուռ էր բացում ոչ միայն դեպի երկնային արքայություն,  այլ նաև դեպի երկրային բարիքներ և իշխանություն»։ Այսպիսով՝ հոգևորականները ազդեցիկ անձինք դարձան աշխարհիկ հարցերում։ «Եկեղեցին պաշտպան ունեցավ, սակայն ունեցավ նաև տեր»,— ասում է պատմաբան Ա. Հ. Ջոնսը։

«Եկեղեցին պաշտպան ունեցավ, սակայն ունեցավ նաև տեր» (Ա. Հ. Ջոնս, պատմաբան)

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԷՐ ԱՅԴ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Կոստանդինի և եպիսկոպոսների համագործակցության արդյունքում ձևավորվեց մի կրոն, որի ուսմունքները մասամբ քրիստոնեական էին, մասամբ հեթանոսական։ Հակառակը չէր կարող լինել, քանի որ կայսեր նպատակը կրոնական բազմակարծություն հաստատելն էր և ոչ թե կրոնական ճշմարտություն գտնելը։ Ի վերջո, չէ՞ որ նա հեթանոսական կայսրության իշխան էր։ Մի պատմաբան նշում է, որ կրոնական երկու ուղղություններին էլ հաճեցնելու նպատակով Կոստանդինը որոշեց «հստակ դիրքորոշում չունենալ և անորոշություն պահել թե՛ իր գործերում, թե՛ առհասարակ կառավարության մեջ»։

Թեև Կոստանդինն ասում էր, թե պաշտպանում է քրիստոնեությունը, սակայն իրականում չէր հրաժարվում հեթանոսությունից։ Նա զբաղվում էր աստղագուշակությամբ և գուշակության այլ ձևերով, բաներ, որոնք Աստվածաշունչը դատապարտում է (2 Օրենք 18։10–12)։ Հռոմում գտնվող՝ Կոստանդինի հաղթակամարի վրա պատկերված է, թե ինչպես է կայսրը զոհ մատուցում հեթանոսական աստվածներին։ Նա շարունակում էր պաշտել արևի աստծուն՝ պատկերելով նրան մետաղադրամների վրա և թիկունք կանգնելով նրա պաշտամունքին։ Կյանքի վերջին տարիներին Կոստանդինը նույնիսկ թույլ տվեց, որ Ումբրիայի (Իտալիա) մի փոքրիկ քաղաքում տաճար կառուցվի իր և իր ընտանիքի պատվին, և, որ այնտեղ ծառայելու համար քրմեր նշանակվեն։

Կոստանդինը որպես «քրիստոնյա» մկրտվեց մահից (մ.թ. 337) ընդամենը մի քանի օր առաջ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ նա հետաձգում էր իր մկրտությունը, որպեսզի շարունակեր քաղաքական աջակցություն ստանալ թե՛ քրիստոնյա, թե՛ հեթանոս հպատակներից։ Անկասկած, այդ ամենը, ինչպես նաև նրա կյանքի պատմությունը հարցականի տակ են դնում Քրիստոսի հանդեպ նրա հավատի անկեղծությունը։ Սակայն մի բան հստակ է. եկեղեցին, որն օրինականացվեց Կոստանդինի կողմից, դարձավ քաղաքական ու կրոնական հզոր ուժ, որն ի վերջո մերժեց Քրիստոսին և գրկաբաց ընդունեց աշխարհը։ Հիսուսն իր հետևորդների մասին ասել էր. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։14)։ Այդ եկեղեցուց, որն արդեն աշխարհիկ էր դարձել, առաջ եկան բազմաթիվ կրոնական ուղղություններ։

Ի՞նչ են ցույց տալիս այս տեղեկությունները։ Դրանք ցույց են տալիս, որ մենք չպետք է կուրորեն ընդունենք որևէ եկեղեցու ուսմունք, այլ պետք է քննենք այն Աստվածաշնչի լույսի ներքո (1 Հովհաննես 4։1

^ պարբ. 6 Քրիստոնեական համոզմունքներին հավատալու հարցում Կոստանդինի անկեղծությունը շատ քննարկումների տեղիք է տվել մասամբ այն պատճառով, որ նա, ինչպես ասվում է մի աշխատությունում, «բացեիբաց թույլատրել է հեթանոսական պաշտամունքը նույնիսկ իր իշխանության վերջին տարիներին»։

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ճշմարիտ երկրպագության կողմը կանգնիր

Ի՞նչ դժվարությունների թերևս բախվես, երբ քո հավատալիքների մասին պատմես ուրիշներին։ Ինչպե՞ս կարող ես առանց վիրավորելու խոսել նրանց հետ։