Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՓԵՏՐՎԱՐ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպես իմաստնորեն օգտագործել ժամանակը

Ինչպես իմաստնորեն օգտագործել ժամանակը

«Երանի՜ ավելի շատ ժամանակ ունենայի»։ Որքան հաճախ ես այսպես արտահայտվել։ Ժամանակի առաջ հավասար են բոլորը, քանի որ հարուստ և ազդեցիկ մարդիկ ունեն նույնքան ժամանակ, որքան հասարակ ու աղքատ մարդիկ։ Բացի այդ, ո՛չ հարուստները, ո՛չ էլ աղքատները չեն կարող կուտակել ժամանակը։ Քանի որ ժամանակն անցնում է անվերադարձ, իմաստուն կլինի այն ճիշտ օգտագործել։ Ինչպե՞ս։ Նկատի առնենք չորս միջոցներ, որոնք օգնել են շատերին իմաստնորեն օգտագործելու իրենց ժամանակը։

Միջոց 1. Եղիր կազմակերպված

Առաջնահերթություններ դիր։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Պատրաստիր կարևոր կամ հրատապ (կամ էլ և՛ կարևոր, և՛ հրատապ) գործերի ցուցակ, ընդ որում հաշվի առ, որ այն, ինչ կարևոր է (օրինակ՝ ընթրիքի համար մթերք գնելը), գուցե այդքան էլ հրատապ չլինի։ Իսկ այն, ինչ հրատապ է թվում, (օրինակ՝ հասցնել դիտել սիրած հաղորդումը) գուցե կարևոր չլինի *։

Նախօրոք մտածիր։ «Եթե երկաթյա գործիքը բթացել է, և մարդ չի սրել նրա սայրը, ապա նա ստիպված կլինի լարելու իր ողջ ուժերը»,— գրված է Ժողովող 10։10-ում։ Ապա ասվում է. «Ուստի հաջողությունը կախված է իմաստությունը գործի դնելուց»։ Ի՞նչ ենք սովորում այս խոսքերից։ Մենք պետք է «սրենք մեր երկաթյա գործիքը», այսինքն՝ նախօրոք պլանավորենք մեր գործերը, որպեսզի լավագույնս օգտագործենք ժամանակը։ Հետաձգիր կամ ցուցակից ընդհանրապես հանիր ոչ կարևոր գործերը, որոնք պարզապես խլում են ժամանակը և ուժերը։ Եթե տեսնում ես, որ գործդ ավարտել ես, և ազատ ժամանակ է մնացել, կարող ես կատարել պլանավորած մեկ այլ գործ։ Նախօրոք մտածելով՝ դու ավելի արդյունավետ կգործես, ինչպես իմաստուն աշխատողը, որը նախապես է սրում իր երկաթյա գործիքը։

Պարզեցրու կյանքդ։ Սովորիր հրաժարվել այն գործերից, որոնք անկարևոր են և պարզապես ժամանակ են խլում։ Չափից շատ գործերն ու պայմանավորվածությունները կարող են ավելացնել սթրեսը և խլել ուրախությունը։

 Միջոց 2. Խուսափիր ժամանակի «գողերից»

Հետաձգում և անվճռականություն։ «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11։4)։ Այս խոսքերից սովորում ենք, որ հետաձգելու սովորությունը կարող է «գողանալ» մարդու ժամանակը և խանգարել նրան արդյունավետ գործելու։ Հողագործը, որը ցանքի համար իդեալական պայմանների է սպասում, երբեք չի ցանի սերմը և բերք չի հավաքի։ Նմանապես, գուցե մենք էլ կյանքի անորոշությունների պատճառով դառնանք անվճռական կամ էլ մտածենք, որ նախքան որոշում կայացնելը պետք է սպասենք, մինչև իմանանք հարցին առնչվող բոլոր մանրամասները։ Ինչ խոսք, կարևոր որոշումներ կայացնելուց առաջ պետք է փնտրտուքներ անենք և շրջահայաց լինենք։ «Խորագետը կշռադատում է իր քայլերը»,— գրված է Առակներ 14։15-ում։ Սակայն իրականությունն այն է, որ բազմաթիվ որոշումներ կայացնում ենք նույնիսկ այն դեպքում, երբ շատ բաներ անորոշ են (Ժողովող 11։6

Մաքսիմալիզմ։ «Վերին [կամ՝ Աստծուց ստացած] իմաստությունը.... խոհեմ [է]»,— ասվում է Հակոբոս 3։17-ում։ Իհարկե գովելի է, որ ցանկանում ենք ամեն բան լավագույն ձևով անել։ Սակայն երբեմն գուցե մեզ համար այնքան բարձր չափանիշներ սահմանենք, որ արդյունքում հիասթափություն ապրենք և ոչնչի չհասնենք։ Օրինակ՝ օտար լեզու սովորող անհատը պետք է պատրաստ լինի, որ սխալներ է անելու, և գիտակցի, որ պետք է սովորի իր սխալներից։ Իսկ եթե մարդը մաքսիմալիստ է, նա վատ է զգում նույնիսկ այն մտքից, որ կարող է ինչ-որ բան սխալ ասել. նման մտածելակերպը կխանգարի նրա առաջընթացին։ Ուստի խելամիտ կլինի մեծ ակնկալիքներ չունենալ։ «Իմաստությունը համեստների հետ է»,— կարդում ենք Առակներ 11։2-ում։ Ավելին, իմաստուն և խոնարհ մարդիկ չափազանց մեծ պահանջներ չեն դնում իրենց առաջ և կարողանում են ծիծաղել իրենց վրա։

«Ձեռք բերած բաների համար իրականում վճարում ես ոչ թե փողով, այլ ժամանակով» (What to Do Between Birth and Death)

 Միջոց 3. Եղիր հավասարակշռված և իրատես

Հավասարակշռիր աշխատանքը և հանգիստը։ «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։ Աշխատամոլները հաճախ չեն կարողանում վայելել «երկու բուռ տքնաջան աշխատանքի» արդյունքը, քանի որ դրա համար այլևս ո՛չ ուժ են ունենում, ո՛չ էլ ժամանակ։ Իսկ ծույլ մարդիկ ընտրում են «երկու բուռ» հանգիստը և վատնում են թանկ ժամանակը։ Աստվածաշունչը հորդորում է հավասարակշռված տեսակետ ունենալ այս հարցում. տքնաջան աշխատել և վայելել աշխատանքի արդյունքը։ Աշխատանքի պտուղները վայելելը Աստծու պարգևն է (Ժողովող 5։19

Մի խնայիր ժամանակը քնի հաշվին։ Աստվածաշնչի գրողներից մեկն ասել է. «Ես խաղաղությամբ կպառկեմ ու խաղաղությամբ կքնեմ» (Սաղմոս 4։8)։ Ֆիզիկական, էմոցիոնալ և մտային ուժերը լիովին վերականգնելու համար չափահաս մարդը պետք է օրական մոտ 8 ժամ քնի։ Խելամիտ է քնին բավական ժամանակ հատկացնել, քանի որ քունը օգնում է բարելավել կենտրոնանալու ունակությունը, սովորելու կարողությունը և հիշողությունը։ Իսկ քնի պակասի հետևանքով դառնում ենք դյուրագրգիռ, հակված ենք լինում սխալներ անելու, դանդաղում է մեր սովորելու ունակությունը և մեծանում է դժբախտ պատահարների հավանականությունը։

Իրատեսական նպատակներ դիր։ «Ավելի լավ է աչքով տեսնել, քան հոգով թափառել» (Ժողովող 6։9)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ իմաստուն անհատը չի առաջնորդվում լոկ ցանկություններով, հատկապես եթե դրանք անիրատեսական են կամ անհասանելի։ Նման անհատը չի հրապուրվում գրավիչ գովազդներով կամ մատչելի վարկերով։ Փոխարենը՝ նա ձգտում է ունենալ միայն այն, ինչ իրականում կարող է ձեռք բերել՝ իր «աչքով տեսածը»։

 Միջոց 4. Ճիշտ արժեքներով առաջնորդվիր

Քննիր քո արժեքները։ Մեր ունեցած արժեքներն օգնում են որոշելու, թե ինչն է լավ, կարևոր և օգտակար։ Կյանքը կարելի է նմանեցնել նետի, որին ուղղություն տվողը մեր արժեքներն են։ Ուստի ճիշտ արժեքները օգնում են կյանքում խելամիտ առաջնահերթություններ դնելու և լավագույնս օգտագործելու ամեն մի օրը, ամեն մի վայրկյանը։ Իսկ որտե՞ղ կարող ենք նման արժեքներ գտնել։ Շատերը դիմում են Աստվածաշնչին՝ հասկանալով, որ այն գերագույն իմաստության աղբյուրն է (Առակներ 2։6, 7

Սեր դրսևորելը քո ամենակարևոր արժեքը դարձրու։ «Սերը միասնության կատարյալ կապն է»,— գրված է Կողոսացիներ 3։14-ում։ Առանց սիրո՝ մենք չենք կարող լինել երջանիկ և հոգեպես հանգիստ, հատկապես ընտանիքում։ Նրանք, ովքեր անտեսում են այս փաստը և առաջին տեղը հատկացնում են հարստությանը կամ կարիերային, իրականում երջանիկ չեն լինում։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշնչում սերը ամենակարևոր հատկությունն է համարվում և հիշատակվում է հարյուրավոր անգամներ (1 Կորնթացիներ 13։1–3; 1 Հովհաննես 4։8

Ժամանակ հատկացրու հոգևոր կարիքներդ բավարարելուն։ Ջեֆ անունով մի մարդ ուներ սիրելի կին, երկու հրաշալի երեխա, լավ ընկերներ, գոհացուցիչ աշխատանք, սակայն լինելով բուժաշխատող՝ հաճախ էր տառապանք ու մահ տեսնում։ Նա մտածում էր. «Մի՞թե կյանքն այսպիսին պետք է լիներ»։ Մի օր Ջեֆը կարդաց աստվածաշնչյան գրականություն՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից, և ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները։

Ջեֆն իր իմացածի մասին պատմեց կնոջն ու երեխաներին, և նրանք նույնպես սկսեցին հետաքրքրվել ճշմարտությամբ։ Ընտանիքը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ինչը հարստացրեց նրանց կյանքը և օգնեց ավելի իմաստնորեն օգտագործելու ժամանակը։ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ նրանք նաև ձեռք բերեցին հույս հավիտյան ապրելու նոր աշխարհում, որը զերծ կլինի ունայնությունից ու տառապանքից (Հայտնություն 21։3, 4

Այս դեպքը մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Իսկ դու ցանկանո՞ւմ ես ժամանակ տրամադրել հոգևոր կարիքներդ բավարարելուն։ Անկասկած, ոչ մի ուրիշ գործ քեզ չի տա այնքան իմաստություն, որ կարողանաս լավագույնս օգտագործել ոչ միայն ամեն մի օրդ, այլև ողջ կյանքդ։

^ պարբ. 5 Տե՛ս «Ժամանակ գտնելու 20 միջոց» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2010թ. ապրիլի համարում (ռուս., անգլ.)։