Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հունվար 2014

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՖԵՆԳ ԼԻՆԳ ՅԱՆԳ

Միկրոկենսաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Միկրոկենսաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Ֆենգ Լինգ Յանգը գիտահետազոտող է Թայբեյի (Թայվան) կենտրոնական հետազոտական ակադեմիայում։ Նրա աշխատությունը տպագրվել է գիտական պարբերագրերում։ Նա հավատում էր էվոլյուցիային, սակայն հետագայում փոխեց իր տեսակետը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Պատմեք ձեր ընտանիքի մասին։

— Ծնողներս շատ աղքատ էին։ Մայրս երբեք կարդալ չի սովորել։ Թայբեյին մոտ գտնվող մի տարածքում, որտեղ հաճախ էին ջրհեղեղներ լինում, մենք խոզեր էինք պահում և բանջարեղեն աճեցնում։ Ծնողներս սովորեցրել են ինձ, որ կարևոր է տքնաջան աշխատել և օգնել ուրիշներին։

— Ձեր ընտանիքը կրոնասե՞ր էր։

— Ընտանիքս դաոսականություն էր դավանում։ Մենք կրոնական զոհեր էինք մատուցում, բայց ոչինչ չգիտեինք Աստծու իրական անձնավորության մասին։ Հաճախ մտածում էի. «Ինչո՞ւ են մարդիկ տառապում։ Ինչո՞ւ են նրանք եսասեր»։ Գրքեր էի կարդում դաոսականության, բուդդայականության և Արևմուտքի ու Արևելքի պատմության մասին։ Նույնիսկ տարբեր եկեղեցիներ էի հաճախում, բայց այդպես էլ չէի գտնում ինձ հուզող հարցերի պատասխանները։

— Ինչո՞ւ սկսեցիք հետաքրքրվել գիտությամբ։

— Ես սիրում էի մաթեմատիկա և հիանում էի՝ տեսնելով, թե ինչպես են ֆիզիկական ու քիմիական օրենքները ազդում ամեն ինչի վրա։ Ցանկացած բան, սկսած անծայրածիր տիեզերքից մինչև ամենափոքր մանրէն, ունի կառուցվածք և ենթարկվում է տարբեր օրենքների ազդեցության։ Ես շատ էի ցանկանում հասկանալ այդ օրենքները։

— Ինչո՞ւ էիք հավատում էվոլյուցիայի տեսությանը։

— Մանկուց ինձ հենց դա են սովորեցրել։ Թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում սովորել եմ, որ կյանքը էվոլյուցիայի միջոցով է առաջացել, այլ բացատրություն չեմ լսել։ Ու քանի որ աշխատում էի գիտական ոլորտում, բնականաբար, պետք է ընդունեի էվոլյուցիոն տեսությունը։

Քանի որ աշխատում էի գիտական ոլորտում, բնականաբար, պետք է ընդունեի էվոլյուցիոն տեսությունը

— Ինչո՞ւ սկսեցիք կարդալ Աստվածաշունչը։

— 1996 թվականին ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվեցի  Գերմանիա։ Հաջորդ տարի հանդիպեցի Սիմոնե անունով մի կնոջ, որը Եհովայի վկա էր։ Նա ասաց, որ կարող է Աստվածաշնչի օգնությամբ պատասխանել իմ հարցերին։ Ինձ հետաքրքրեց, որ այդ գրքում ասվում է, թե որն է կյանքի իմաստը։ Ես սկսեցի ամեն առավոտ արթնանալ ժամը 4։30-ին, որպեսզի մեկ ժամ Աստվածաշունչ կարդամ։ Ապա գնում էի զբոսնելու, որ խորհրդածեմ կարդացածիս շուրջ։ Հաջորդ տարի ամբողջությամբ ընթերցեցի Աստվածաշունչը։ Ինձ անչափ տպավորեց մարգարեությունների ճշգրտությունը։ Ժամանակի ընթացքում համոզվեցի, որ Աստվածաշունչը Աստծուց է։

— Ի՞նչ կարծիք ունեիք կյանքի ծագման վերաբերյալ։

— 1990-ականների վերջերին սկսեցի լրջորեն հետաքրքրվել այդ հարցով։ Այդ ժամանակ մոլեկուլային կենսաբանները նոր էին սկսել հասկանալ, որ կենդանի օրգանիզմների քիմիական կառուցվածքը շատ ավելի բարդ է, քան կարծում էին նախկինում։ Ինչ խոսք, գիտնականները վաղուց գիտեին, որ բջջի սպիտակուցները ամենաբարդ քիմիական կառուցվածքն ունեցող մոլեկուլներն են։ Բայց հետո նրանք հայտնաբերեցին, թե ինչպես են սպիտակուցների խմբերը կազմում բարդ մեխանիզմներ, որոնք ունեն շարժվող մասեր։ Մոլեկուլային մեխանիզմը կարող է բաղկացած լինել ավելի քան 50 սպիտակուցից։ Անգամ պարզագույն բջջին պետք են մի խումբ տարբեր մեխանիզմներ, օրինակ, էներգիա արտադրելու, ինֆորմացիա կրկնօրինակելու և բջջաթաղանթների միջով մոլեկուլների ելքն ու մուտքը վերահսկելու համար։

— Ի՞նչ եզրակացության եկաք։

— Մտածում էի. «Ինչպե՞ս է հնարավոր, որ սպիտակուցային մեխանիզմները այդքան լավ նախագծված լինեն»։ Բջջի չափազանց բարդ քիմիական կառուցվածքը մղեց մի շարք գիտնականների մտածելու այդ նույն հարցի մասին։ Միացյալ Նահանգներում կենսաքիմիայի մի պրոֆեսոր հրատարակեց մի գիրք, որտեղ նշվում էր, որ բջջի ներսում եղած մոլեկուլային մեխանիզմներն այնքան բարդ են, որ չէին կարող պատահականորեն առաջանալ։ Ես համաձայն էի նրա հետ։ Կարծում էի՝ կյանքը իրոք պետք է որ ստեղծված լիներ։

Մտածում էի. «Ինչպե՞ս է հնարավոր, որ սպիտակուցային մեխանիզմները այդքան լավ նախագծված լինեն»

— Ինչո՞ւ Եհովայի վկա դարձաք։

— Ինձ շատ էր տպավորում այն, որ Սիմոնեն ամեն շաբաթ անցնում էր մոտ 56 կմ՝ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար, թեև նա առողջական խնդիրներ ուներ։ Նաև իմացա, որ Գերմանիայում նացիզմի տարիներին որոշ Վկաների ուղարկել էին համակենտրոնացման ճամբարներ քաղաքական չեզոքություն պահելու պատճառով։ Նրանց քաջությունը խորապես տպավորեց ինձ։ Տեսնելով Աստծու հանդեպ Վկաների սերը՝ ցանկացա նմանվել նրանց։

— Ի՞նչ օգուտներ եք ստացել՝ հավատալով Աստծուն։

— Գործընկերներս ասում են, որ հիմա ես ավելի ուրախ եմ։ Նախկինում ամաչում էի, որ մեծացել եմ աղքատ ընտանիքում, ուստի երբեք չէի պատմում ծննդավայրիս ու ծնողներիս մասին։ Սակայն Աստվածաշնչից իմացա, որ Աստծուն չի հետաքրքրում մեր սոցիալական կարգավիճակը։ Հիսուսը նույնպես մեծացել էր աղքատ ընտանիքում։ Այսօր ես հոգ եմ տանում ծնողներիս մասին և հաճույքով եմ նրանց ծանոթացնում ընկերներիս հետ։

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Այն, թե ինչին եք հավատում կյանքի ծագման վերաբերյալ, շատ կարևոր է։

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել

Քննեք փաստերը և հետո որոշեք հավատալ էվոլյուցիայի՞ն, թե՞ ստեղծագործությանը։