Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2014

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ | Իտալիա

Այցելություն Իտալիա

Այցելություն Իտալիա

ԻՏԱԼԻԱՆ հակադրությունների երկիր է։ Այնտեղ կարելի է տեսնել և՛ երկարաձիգ ծովափեր, և՛ ժայռոտ լեռնաշղթաներ։ Հարավում տոթակեզ ամառներ են լինում, հյուսիսում՝ խստաշունչ ձմեռներ։ Իտալիան հրաբխային երկիր է, բայց կան ընդամենը մի քանի գործող հրաբուխներ, որոնցից են Ստրոմբոլին և Էտնան։

Իտալիան Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրներից է։ Այս երկիր ոտք են դրել շատ ժողովուրդներ, այդ թվում արաբներ, բյուզանդացիներ, հույներ, նորմանդացիներ և փյունիկեցիներ։

Զբոսաշրջիկները կարող են գոնդոլներով (մակույկ) շրջել Վենետիկի բազմաթիվ ջրանցքներով

Երկիրը հարուստ է պատմական և մշակութային կոթողներով։ Իտալիայի մեծ ու փոքր քաղաքներում կարելի է տեսնել հին հունական և հռոմեական ավերակներ, բարոկկո ոճի ու Վերածննդի դարաշրջանի ճարտարապետություն։ Հիացմունք են պատճառում նաև գեղանկարները, մարմարյա արձանները, շատրվանները, որոնք այնպիսի հանճարների ձեռքի գործեր են, ինչպիսիք են Բեռնինին, Միքելանջելոն և Ռաֆայելը։

Կերակուրը կարևոր դեր ունի իտալացիների առօրյայում, և բազմաթիվ սովորություններ սերտորեն կապված են տեղական խոհանոցի հետ։ Պաստան (մակարոնով ուտեստ) մատուցում են որպես առաջին կերակուր, այնուհետև միսը կամ ձուկը՝ բանջարեղենի հետ։ Առատորեն օգտագործվում է նաև ձիթապտղի յուղ, որը երկրում այն  արտադրվում է մեծ քանակությամբ։ Հայտնի իտալական ուտեստներ են նաև պիցցան ու ռիզոտտոն։

Պաստան իտալական խոհանոցի հիմնական կերակրատեսակն է

Իտալացիները շատ ջերմ, հյուրասեր և շփվող մարդիկ են։ Նրանց համար զրույցն արվեստ է, և հրապարակներում ու փողոցներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխուժորեն զրուցում։

Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է, բայց քչերն են կանոնավորաբար եկեղեցի հաճախում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջին տասնամյակների ընթացքում եկեղեցու ազդեցությունը թուլացել է, օրինակ՝ ժողովուրդը չի ցանկանում հետևել հնուց եկած եկեղեցական կանոններին աբորտի և ամուսնալուծության վերաբերյալ։

Եհովայի վկաների գործունեությունը ծաղկում է Իտալիայում։ Նրանք հայտնի են այն բանով, որ Աստվածաշունչ են սովորեցնում մարդկանց, ինչն իրենց հանրային ծառայության մի մասն է, նաև ճանաչված են նրանով, որ ապրում են Աստվածաշնչի չափանիշներով։ Երկրում կա Եհովայի վկաների ավելի քան 3000 ժողով, և այդ ժողովներից շատերը քարոզում են օտարախոս մարդկանց։ Վերջին տասնամյակում օտարերկրացիների թիվը եռապատկվել է Իտալիայում, և դա ցույց է տալիս, որ Աստվածաշունչը օտար լեզուներով ուսուցանելու մեծ կարիք կա։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Թեև Վատիկան քաղաքը գտնվում է Հռոմում, սակայն 1929թ.-ից այն անկախ պետություն է և իտալացիների համար օտար երկիր է։

Դոլոմիտյան լեռնաշղթան գտնվում է Իտալիայի հյուսիս-արևելքում