Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

Ի՞նչ պետք է իմանանք էպիլեպսիայի մասին

Ի՞նչ պետք է իմանանք էպիլեպսիայի մասին

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ տեսնում ես, որ քեզ ծանոթ մի մարդ, գիտակցությունը կորցնելով, ընկնում է գետին, մարմինը ձգվում է, իսկ գլուխն ու վերջույթները սկսում են ցնցվել։ Եթե դու գիտես, որ նա էպիլեպսիայով հիվանդ է, կարող ես նրան համապատասխան օգնություն ցույց տալ։ Նկատի առնենք այս հիվանդության մի քանի առանձնահատկություններ։

Ի՞նչ է էպիլեպսիան։ Էպիլեպսիան գլխուղեղային քրոնիկ հիվանդություն է, որը դրսևորվում է կարճատև նոպաներով։ Դրանք սովորաբար հինգ րոպեից քիչ են տևում։ Հոդվածի սկզբում նկարագրվում է էպիլեպսիայով հիվանդի մեծ ցնցումային (grand mal) նոպան։

Ո՞րն է նոպաների պատճառը։ Մասնագետները կարծում են, որ նոպաների պատճառը ուղեղի բջիջների անկանոն աշխատանքն է, իսկ թե ինչու է դա տեղի ունենում, մինչ օրս պարզ չէ։

Երբ ինչ-որ մեկը մեծ ցնցումային նոպաներ է ունենում, ի՞նչ է անհրաժեշտ անել։ Ուղեղի հիվանդությունների մասին մի հանրագիտարանում ասվում է. «Պետք չէ փորձել դադարեցնել նոպան, սակայն պետք է պաշտպանել հիվանդին հնարավոր վնասվածքներից և հավաստիանալ, որ նա կարողանում է շնչել։ Իսկ եթե նոպան հինգ րոպեից երկար է տևում կամ կրկնվում է, կամ էլ անհատը նոպայից մի քանի րոպե հետո ուշքի չի գալիս, պետք է շտապ օգնություն կանչել» (The Encyclopedia of the Brain and Brain Disorders)։

Ինչպե՞ս կարելի է օգնել նոպայի ժամանակ։ Նրա գլխի տակ պետք է փափուկ բան դնել և հեռացնել սուր առարկաները։ Երբ ցնցումները դադարեն, հիվանդին կողքի շրջիր, ինչպես ցույց է տրված հաջորդ էջի նկարում։

Ի՞նչ պետք է անել, երբ հիվանդը գիտակցության է գալիս։ Նախ՝ հավաստիացրու նրան, որ ամեն ինչ կարգին է։ Հետո՝ օգնիր կանգնելու և տար մի տեղ, որտեղ կկարողանա հանգստանալ։ Շատերը ցնցումներից հետո շփոթված և թույլ են լինում, ոմանք էլ արագ ուշքի են գալիս և կարողանում են շարունակել անել այն, ինչ մինչ այդ անում էին։

Էպիլեպսիայի բոլո՞ր նոպաներն են ցնցումներով ուղեկցվում։ Ո՛չ։ Որոշ հիվանդներ ունենում են գիտակցության՝ մի քանի վայրկյան տևող հանկարծակի կորուստ, որի ժամանակ նրանք նույնիսկ չեն ընկնում։ Սա կոչվում է փոքր ցնցումային (petit mal) նոպա, այն շատ կարճ է տևում և հետևանքներ չի ունենում։ Որոշ անհատներ ունենում են պարցյալ (ֆոկալ) նոպաներ։ Երբ հիվանդը ունենում է կոմպլեքսային պարցյալ նոպա, գուցե սկսի սենյակում այս ու այն կողմ քայլել, քաշել իր շորերը կամ էլ տարօրինակ վարքագիծ դրսևորել։ Նոպայից  հետո նման մարդիկ սովորաբար շշմած վիճակում են լինում։

Ի՞նչ են զգում էպիլեպսիայով հիվանդները։ Այս հիվանդները չգիտեն, թե երբ և որտեղ կսկսվի հաջորդ նոպան, և շատերին դա վախի մեջ է պահում։ Անհարմար իրավիճակների մեջ չընկնելու համար նրանք խուսափում են մարդաշատ վայրերում լինելուց։

Ինչպե՞ս կարելի է օգնել էպիլեպսիայով տառապող հիվանդին։ Հորդորիր նրան չթաքցնել իր զգացումները։ Ուշադիր լսիր։ Հարցրու նրան, թե ինչ կարող ես անել, երբ նրա նոպան սկսվի։ Քանի որ նման հիվանդները հիմնականում մեքենա չեն վարում, կարող ես առաջարկել նրան քո օգնությունը։

Հնարավո՞ր է նվազեցնել նոպաների հաճախականությունը կամ կանխել դրանք։ Որոշ գործոններ մեծացնում են նոպաների հավանականությունը. դրանք կարող են լինել սթրեսը և քնի պակասը։ Այդ պատճառով մասնագետները նման հիվանդներին հորդորում են բավարար չափով հանգստանալ և կանոնավորաբար մարզվել։ Որոշ դեպքերում օգնում են նաև դեղամիջոցները։