Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Չժեն Հե

Չժեն Հե

«Պայքարելով օվկիանոսի ժայռանման հսկա ալիքների դեմ՝ մենք անցանք ավելի քան հարյուր հազար լի * և հեռվում նկատեցինք այն տարածքները, որտեղ բարբարոսներ էին ապրում.... մեր առագաստներն ասես լողացող ճերմակ ամպեր լինեին. օր ու գիշեր կատաղի ալիքների միջով անցնելով՝ մենք աստղի արագությամբ առաջ էինք ընթանում» (15-րդ դարի մակագրություն, վերագրվում է Չժեն Հեին, Ֆուչժոու, Չինաստան)։

ՉԻՆԱՍՏԱՆԸ աշխարհի մեծ երկրներից մեկն է, որն ունի թվով ամենամեծ բնակչությունը։ Այնտեղ է գտնվում Չինական մեծ պարիսպը՝ պատմության մեջ հայտնի ամենամեծ կառույցը։ Չինաստանի Մին դինաստիայի կայսրեր Յոնգլեն ու Սուանդեն հիմնել են մի նավատորմ, որը հաջորդ 5 դարերի ընթացքում գոյություն ունեցած նավատորմերից ամենամեծն է եղել։ Այն գլխավորել է Չժեն Հեն, որը մահմեդական էր՝ Չինաստանի հարավ արևմուտքից։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՏՈՒՐՔԵՐ

Համաձայն մակագրության, որը մասամբ մեջբերված է հոդվածի սկզբում՝ Չժեն Հեի առաքելությունն էր «բարությամբ վերաբերվել հեռավոր տարածքներում բնակվող ժողովուրդներին և ցույց տալ, թե ինչ օգուտ կարող է բերել Չինաստանի կայսրությունը իր հպատակներին»։ Այդ ճանապարհորդությունների արդյունքում «հորիզոնից այն կողմ գտնվող երկրները և աշխարհի տարբեր մասերում ապրող ժողովուրդները դառնում էին [Չինաստանի] հպատակներ.... Ծովից այն կողմ ապրող բարբարոսները.... ներկայանում էին [կայսերական արքունիք]՝ իրենց հետ բերելով թանկարժեք իրեր ու նվերներ»։

Որոշ նավահանգիստներ, ուր եղել է Չժեն Հեի նավատորմը

Մին դինաստիայի կայսրերի կազմակերպած ճանապարհորդությունների նպատակը քննարկման առարկա է դարձել։ Ոմանք կարծում են, որ հզոր, բայց խաղաղասեր ժողովուրդների համար Չժեն Հեն բարի նպատակներ ունեցող անձնավորություն է եղել և ցանկացել է ներկայացնել իր երկրի մշակույթը։ Ուրիշները,  սակայն, մտածում են, որ նա պետություններին հպատակեցնելու բռնատիրական նպատակներ է հետապնդել։ Ինչ խոսք, Չժեն Հեն թանկարժեք նվերներ էր անում և քաղաքական աջակցություն էր ցույց տալիս այն կառավարիչներին, ովքեր ընդունում էին նրա պայմանները, իսկ նրանց, ովքեր չէին ուզում հպատակվել և տուրք տալ կայսրին, նա գերի էր վերցնում։ Արդյունքում Հնդկական օվկիանոսի շուրջը գտնվող տասնյակ երկրների կառավարիչներ դեսպաններ էին ուղարկում Չինաստան՝ կայսրին տուրք վճարելու համար։

Չժեն Հեի նավատորմը ուղևորվելիս տանում էր մեծ քանակությամբ լաքապատ իրեր, ճենապակի և մետաքս՝ պատրաստված Մին դինաստիայի հմուտ վարպետների կողմից։ Այդ ամենը վաճառում էին հեռավոր նավահանգիստներում, իսկ այնտեղից բերում էին թանկարժեք քարեր, փղոսկր, համեմունքներ, արևադարձային ծառերի փայտ և այլ պերճաշուք իրեր, որոնք թանկ էին գնահատվում Չինաստանում։ Մի անգամ նույնիսկ ընձուղտ էին բերել, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, իրարանցում էր առաջացրել երկրում։ Իրերի և գաղափարների այսպիսի փոխանակման շնորհիվ արտաքին աշխարհը կարողացավ որոշակի պատկերացում ունենալ 15-րդ դարի Չինաստանի քաղաքակրթության մասին։

Չժեն Հեի ուղևորություններից ընդամենը մի քանի տասնամյակ հետո Չինաստանը դադարեցրեց օտար երկրների հետ իր առևտուրն ու դիվանագիտական հարաբերությունները, և նման մեծ ճանապարհորդություններ այլևս չեղան։ Նոր կայսրը և նրա կոնֆուցիական խորհրդականները, չցանկանալով որևէ առնչություն ունենալ այլ պետությունների հետ, մեկուսացրին երկիրը արտաքին աշխարհի ազդեցությունից։ Նրանք ակներևաբար վերացրին այդ ճանապարհորդությունների վերաբերյալ գրավոր արձանագրությունները և նույնիսկ նավերը։ Չինաստանում և այլ երկրներում ապրող մարդկանց միայն վերջին տարիներին հայտնի դարձավ այն դարաշրջանը, երբ Չժեն Հեի հսկա նավատորմը կատարել էր իր նշանավոր ճանապարհորդությունները։

^ պարբ. 3 Չինական չափման միավոր, որի չափը տարբեր դարերում տարբեր է եղել։ Կարծիք կա, որ Չժեն Հեի օրերում մեկ լին հավասար էր մոտ մեկ երրորդ մղոնի, կամ՝ կես կիլոմետրի։