Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍԵՅԼԻՆ ԳՐԱՆՈԼԵՐԱՍ

Նեֆրոլոգը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Նեֆրոլոգը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Սեյլին Գրանոլերասը Ֆրանսիայում բժիշկ է, որը մասնագիտացած է երիկամների ախտորոշման և բուժման ոլորտում։ Բժիշկ դառնալուց ավելի քան 20 տարի հետո նա եկավ այն եզրակացության, որ գոյություն ունի Ստեղծիչ, որը հոգ է տանում մարդկանց մասին։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Պատմեք ձեր մանկության մասին։

— Երբ ինը տարեկան էի, ընտանիքս Իսպանիայից տեղափոխվեց Ֆրանսիա։ Ծնողներս կաթոլիկ էին, բայց ես, երբ դարձա 16 տարեկան, դադարեցի Աստծուն հավատալուց։ Ինձ համար կրոնը ոչ մի կապ չուներ իրական կյանքի հետ։ Երբ որևէ մեկը հարցնում էր՝ «եթե Աստված չկա, ապա ինչպե՞ս է կյանքն առաջացել», ես պատասխանում էի. «Գիտնականները դեռևս չեն կարող բացատրել, բայց մի օր դա նրանց կհաջողվի»։

— Ի՞նչը մղեց ձեզ դառնալու նեֆրոլոգ։

— Սովորում էի Մոնպելիեի (Ֆրանսիա) բժշկական ուսումնարանում։ Այնտեղ պրոֆեսորներից մեկը հարցրեց ինձ, թե արդյոք չեմ ցանկանա աշխատել նեֆրոլոգիայի բաժնում՝ բժշկության մի ճյուղ, որը ախտորոշում և բուժում է երիկամային հիվանդությունները։ Ինձնից պահանջվում էր հետազոտություններ անել և պացիենտներին հոգ տանել։ Դա հենց այն էր, ինչ ուզում էի։ 1990թ.-ին ես մասնակցեցի հետազոտական աշխատանքների՝ պարզելու համար, թե ինչպես է ռեկոմբինացված էրիթրոպոետինը (ԷՊՈ) ազդում ոսկորներում արյան կարմիր գնդիկների արտադրման վրա։ Մինչ այդ այս ոլորտում նման խոր հետազոտություններ, կարելի է ասել, չէին արվել։

— Ինչպե՞ս սկսեցիք հավատալ Աստծուն։

— 1979թ.-ին ամուսինս՝ Ֆլորեալը, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Սակայն ինձ դա չէր հետաքրքրում։ Փոքր տարիքից կուշտ էի կրոնից։ Ամուսինս ու երեխաներս դարձան Եհովայի վկաներ, շուտով գրեթե մեր բոլոր ընկերները  Եհովայի վկաներ էին։ Նրանցից մեկը՝ Պատրիսիան, առաջարկեց ինձ, որ փորձեմ աղոթել։ Նա ասաց. «Եթե երկնքում ոչ ոք չկա, միևնույնն է, ոչինչ չես կորցնի։ Բայց եթե կա, կտեսնես, թե ինչ կլինի»։ Տարիներ անց սկսեցի մտածել կյանքի իմաստի մասին և հիշեցի Պատրիսիայի խոսքերը։ Աղոթեցի Աստծուն, որ ինձ հասկացողություն տա։

— Ի՞նչը մղեց ձեզ մտածելու կյանքի իմաստի մասին։

— Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված ահաբեկչական գործողությունը մղեց ինձ խորհելու, թե ինչու մարդկանց մեջ այդքան շատ չարություն կա։ Մտածում էի. «Կրոնական ծայրահեղականությունը վտանգում է մեր ապագան։ Իսկ Եհովայի վկաները, որոնցով շրջապատված եմ, ծայրահեղականներ չեն։ Նրանք խաղաղարար են և հետևում են աստվածաշնչյան սկզբունքներին։ Գուցե ուշադրություն դարձնեմ, թե ինչ է գրված Աստվածաշնչում»։ Այդպես սկսեցի կարդալ այն։

— Որպես բժիշկ՝ ձեզ համար դժվա՞ր էր հավատալ Ստեղծչի գոյությանը։

— Ո՛չ, ինձ ակնածանք էր ներշնչում այն, թե ինչ բարդ կառուցվածք ունի մեր մարմինը։ Օրինակ՝ այն, թե ինչպես են մեր երիկամները վերահսկում արյան մեջ կարմիր գնդիկների քանակը, ապշեցուցիչ է։

— Ինչո՞ւ, կբացատրե՞ք։

Հասկացա, որ միայն Աստված կարող էր ստեղծել այսպիսի հիանալի համակարգ

— Ինչպես գիտենք, արյան կարմիր գնդիկները թթվածին են տեղափոխում։ Եթե մեծ քանակով արյուն կորցնեք կամ, օրինակ, գնաք բարձրադիր գոտի, ձեր օրգանիզմը թթվածնի քաղց կունենա։ Մեր երիկամները թթվածնային սենսորներ ունեն։ Երբ դրանք արյան մեջ թթվածնի պակաս են նկատում, ակտիվացնում են ԷՊՈ-ի արտադրությունը, որի քանակը կարող է հազարապատկվել։ ԷՊՈ-ն ոսկրածուծում խթանում է կարմիր գնդիկների արտադրությունը, որոնք էլ իրենց հերթին ավելի շատ թթվածին են տեղափոխում։ Մի՞թե սա հրաշք չէ։ Զարմանում եմ, որ տասը տարի այս պրոցեսն ուսումնասիրելուց հետո նոր հասկացա, որ միայն Աստված կարող էր ստեղծել այսպիսի հիանալի համակարգ։

— Ի՞նչն է Աստվածաշնչում ձեզ ամենաշատը տպավորել։

— Ես պատմական շատ գրքեր ու հայտնի վեպեր եմ կարդացել, բայց հասկացա, որ Աստվածաշունչը բոլորովին տարբերվում է դրանցից։ Նրանում գտնվող խորհուրդները շատ գործնական են, քանի որ դրանց աղբյուրը մարդը չէ, այլ շատ ավելի իմաստուն անձնավորություն։ Հիսուսի կերպարը ցնցեց ինձ։ Համոզվեցի, որ նա իրական անձնավորություն է եղել, ունեցել է զգացմունքներ, ունեցել է նաև ընկերներ։ Քանի որ չէի ուզում կարդալ Եհովայի վկաների հրատարակությունները, հարցեր ունենալիս փնտրտուքներ էի անում հանրագիտարաններում և այլ աշխատություններում։

— Ի՞նչ փնտրտուքներ էիք կատարում։

Պատմական գրքերում փնտրտուքներ արեցի.... Ի վերջո համոզվեցի, որ աստվածաշնչյան այս մարգարեությունը կատարվել է ճիշտ ժամանակին

— Օրինակ՝ ինձ շատ տպավորեց այն, թե ինչպես է Աստվածաշնչում կանխագուշակվել Հիսուսի մկրտության տարեթիվը։ Մարգարեությունը հստակ ցույց է տալիս, թե որքան ժամանակ պետք է անցներ պարսից թագավոր Արտաքսերքսեսի 20-րդ տարվա իշխանության և այն տարվա միջև, երբ Հիսուսը պետք է ներկայանար որպես Մեսիա *։ Ես սովոր եմ ուսումնասիրություններ անելու, քանի որ դա իմ աշխատանքի մի մասն է։ Ուստի պատմական գրքերում փնտրտուքներ արեցի, որ իմանամ, թե երբ է կառավարել Արտաքսերքսեսը և երբ է սկսվել Հիսուսի ծառայությունը։ Ի վերջո համոզվեցի, որ աստվածաշնչյան այս մարգարեությունը կատարվել է ճիշտ ժամանակին։ Դա նշանակում է, որ այն ներշնչված է եղել Աստծու կողմից։

^ պարբ. 19 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 197–199-րդ էջերը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։