Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Սեպտեմբեր 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Հելոուին. ո՞րն է ճշմարտությունը

Հելոուին. ո՞րն է ճշմարտությունը

Այնտեղ, որտեղ դու ես ապրում, Հելոուին նշո՞ւմ են։ Միացյալ Նահանգներում և Կանադայում այն շատ հայտնի տոն է և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին։ Սակայն Հելոուինի տոնակատարության առանձնահատկություններից կարելի է տեսնել աշխարհի տարբեր մասերում նշվող որոշ տոներում, որոնք թեև ուրիշ անուններ ունեն, սակայն կապ ունեն մահացածների հոգիների, փերիների, վհուկների և նույնիսկ Սատանայի ու դևերի հետ (տե՛ս  «Նմանատիպ տոներ աշխարհի այլ մասերում» շրջանակը)։

ԳՈՒՑԵ դու չես հավատում գերբնական ուժերին, և քեզ համար Հելոուին նշելը պարզապես հաճելի ժամանց է ու երեխաների երևակայությունը զարգացնելու միջոց։ Սակայն բազմաթիվ մարդիկ այս տոնը վտանգավոր են համարում հետևյալ պատճառներով.

  1. Մի հանրագիտարանում ասվում է. «Հելոուինը կապ ունի ոգեղեն ուժերի հետ, որոնցից շատերը վտանգ են ներկայացնում ու սարսափազդու են» (Encyclopedia of American Folklore, տե՛ս  «Ժամանակագրական տվյալներ» շրջանակը)։ Հելոուինի պես՝ բազմաթիվ տոներ նույնպես հեթանոսական  ծագում ունեն և կապված են նախնիների երկրպագության հետ։ Նույնիսկ այսօր աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ այդ տոների միջոցով փորձում են կապ հաստատել մահացածների հոգիների հետ։

  2. Թեև Հելոուինը հիմնականում համարվում է ամերիկյան տոն, տարեցտարի ավելի շատ երկրներ են որդեգրում այն։ Սակայն շատերը, ովքեր սկսում են նշել այդ տոնը, չգիտեն, որ Հելոուինի հետ կապված արարողությունները, օգտագործվող խորհրդանիշներն ու դեկորացիաները կապ ունեն գերբնական արարածների ու մոգական ուժերի հետ և հեթանոսական ծագում ունեն (տե՛ս  «Հելոուինի ծագումը» շրջանակը)։

  3. Հազարավոր վիկկաներ (Վիկկա հեթանոսական կրոնի հետևորդներ), ովքեր հետևում են հին կելտական սովորույթների, մինչ օրս Հելոուինը հին անունով են կոչում՝ Սամայն, և այն համարում են տարվա մեջ ամենասուրբ գիշերը։ «USA Today» թերթում մեջբերված են մի կախարդի խոսքեր. «Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը.... դա մեզ հաճելի է»։

  4.   Նմանատիպ տոները հակասում են Աստվածաշնչին, որը նախազգուշացնում է. «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» (2 Օրենք 18։10, 11, տե՛ս նաև Ղևտական 19։31; Գաղատացիներ 5։19–21

Հաշվի առնելով վերը նշվածը՝ իմաստուն կլինի իմանալ, թե ինչ ծագում ունեն Հելոուինը և նման տոները։ Դրանց մասին հստակ պատկերացում ունենալով՝ գուցե դու էլ որոշես չնշել այդպիսի տոներ։

«Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը.... դա մեզ հաճելի է» («USA Today»-ում մեջբերված մի կախարդի խոսքեր)

^ պարբ. 37 «Հելոու»-ն (Hallow) հին անգլերեն բառ է, որը նշանակում է «սուրբ»։ Բոլոր սրբերի օրը մի տոն է, որը նշվում է ի պատիվ մահացած սրբերի։ Երեկոն, որը նախորդում է Բոլոր սրբերի օրվան, կոչվում էր Բոլոր սրբերի երեկո (All-Hallow-Even), հետագայում կարճ անվանվեց Հելոուին (Halloween)։