Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ներել

Ինչպես ներել

ԽՆԴԻՐ

Երբ դու և կողակիցդ վիճում եք, հաճախ անցյալի սխալներն ու վիրավորանքներն եք հիշեցնում իրար։ Ո՞րն է պատճառը։ Երկուսդ էլ կամ ձեզանից մեկը չգիտի՝ ինչպես ներել։

Դուք կարող եք սովորել ներել։ Նախ քննենք, թե ինչու կողակիցների համար թերևս դժվար լինի դա անել։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Իշխանություն։ Որոշ ամուսիններ կամ կանայք չեն ներում, որպեսզի որոշակի իշխանություն ունենան կողակցի վրա։ Եվ երբ կոնֆլիկտ է առաջանում, անցյալի սխալները որպես հաղթաթուղթ են օգտագործում։

Վիրավորանքի զգացում։ Գուցե երկար ժամանակ պահանջվի, որ էմոցիոնալ վերքերը բուժվեն։ Կողակիցը թերևս ասի՝ «ես ներում եմ քեզ», բայց շարունակի վիրավորված մնալ և նույնիսկ մտածի, որ մի օր հատուցումը կտա։

Հիասթափություն։ Ոմանք ամուսնանում են՝ մտածելով, որ իրենց կյանքը հեքիաթային սիրավեպ է լինելու։ Ուստի երբ տարաձայնություններ են լինում, նրանք, երկու ոտքը մի կոշիկի մեջ դնելով, իրենցն են պնդում և զարմանում, թե ինչպես կարող է իրենց «կատարյալ կողակիցը» այլ տեսակետ ունենալ։ Անիրատեսական ակնկալիքների պատճառով մարդը կարող է ավելի հակված լինել սխալներ գտնելու, քան ներելու։

Սխալ տեսակետ։ Շատ կողակիցներ չեն ներում, քանի որ վախենում են հետևանքներից։ Նրանք մտածում են.

«Եթե ներեմ, կնշանակի, որ սխալը մեղմացնում եմ»։

«Եթե ներեմ, նշանակում է, որ պետք է մոռանամ տեղի ունեցածը»։

«Եթե ներեմ, դրանով թույլ կտամ, որ նույն սխալը կրկնվի»։

Սրանք ներելու վերաբերյալ սխալ տեսակետներ են։ Ինչ խոսք, ներելը կարող է դժվար լինել, հատկապես ամուսնական փոխհարաբերություններում։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ինչ է նշանակում ներել։ Աստվածաշնչում «ներել» բառը երբեմն նշանակում է «թողնել» և միշտ չէ, որ կրում է մոռանալու կամ սխալը մեղմացնելու իմաստ։ Ներելով դու «թողնում ես»՝ չես կենտրոնանում խնդրի վրա հանուն քո կամ ընտանիքիդ բարօրության։

Չներելու հետևանքները։ Որոշ մասնագետներ ասում են, որ վիրավորված մնալը կարող է ֆիզիկական և էմոցիոնալ շատ խնդիրներ ստեղծել, օրինակ, վտանգել ամուսնությունը, առաջացնել դեպրեսիա և արյան բարձր ճնշում։ Աստվածաշունչն ասում է. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփեսացիներ 4։32

Ներելու օգուտները։ Ներողամիտ լինելը նպաստում է, որ կողակիցները փոխադարձ վստահություն ունենան իրար հանդեպ և սխալների «հաշվեմատյան» չպահեն։ Դա էլ իր հերթին նպաստում է, որ նրանք վերահսկեն վրդովմունքը և շարունակ սեր զարգացնեն իրար հանդեպ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։13։

Եղիր իրատես։ Հեշտ է ներողամիտ լինել, երբ կողակցիդ ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ կա։ Մի գրքում ասվում է. «Երբ ուշադրությունդ կենտրոնացնում ես նրա վրա, ինչ չես ստացել, հեշտությամբ մոռանում ես այն, ինչ ստացել ես։ Ինչի՞ վրա կցանկանաս կենտրոնանալ» (Fighting for Your Marriage)։ Հիշի՛ր, որ ոչ ոք կատարյալ չէ. դու նույնպես։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 3։2։

Եղիր ողջամիտ։ Երբ կողակցիդ խոսքերից կամ արարքից վիրավորվես, հարցրու ինքդ քեզ. «Մի՞թե իրավիճակն այդքան լուրջ է։ Կարիք կա՞, որ նա ներողություն խնդրի ինձնից, թե՞ կարող եմ անտեսել եղածը»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Պետրոս 4։8։

Անհրաժեշտության դեպքում խոսիր խնդրի մասին։ Մեղմորեն բացատրիր, թե ինչն է քեզ վիրավորել և ինչու։ Սխալ մղումներ մի՛ վերագրիր կողակցիդ և դոգմատիկ մի՛ եղիր, դա կդրդի նրան պաշտպանողական դիրք բռնելու։ Փոխարենը՝ պարզապես ասա, թե ինչպես է նրա արարքը ազդել քեզ վրա։

Իմացիր ավելին

Ինչպես լուծել խնդիրները

Ձեզանից է կախված՝ ձեր ամուսնական կապը կլինի ամուր, թե թույլ, դուք կլինեք ուրախ, թե տխուր։