Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՕԳՈՍՏՈՍ 2013

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԻՌԵՆ ՀՈՖ ԼՈՐԵՆՍՈ

Օրթոպեդ-վիրաբույժը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Օրթոպեդ-վիրաբույժը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Իռեն Հոֆ Լորենսոն Շվեյցարիայում օրթոպեդ-վիրաբույժ է։ Մի ժամանակ նա չէր հավատում Աստծու գոյությանը։ Բայց տարիներ անց համոզվեց, որ Աստված կա, և որ նա է ստեղծել կյանքը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Ի՞նչը մղեց ձեզ հետաքրքրվելու գիտությամբ։

— Մանկուց շատ եմ սիրել բնությունը։ Մեծացել եմ Շվեյցարիայում՝ Ցյուրիխի լճի ափին գտնվող Ռիխտերսվիլ գեղեցիկ գյուղում։ Ծնողներիս, մեծ քրոջս ու եղբորս հետ հաճախ գնում էի զբոսնելու։ Ճանապարհին նրանք պատմում էին ինձ այն կենդանիների ու բույսերի մասին, որ տեսնում էինք։

— Ինչո՞ւ ընտրեցիք օրթոպեդ-վիրաբույժի մասնագիտությունը։

— Մի որոշ ժամանակ հայրս աշխատում էր հիվանդանոցում։ Նա վիրահատարանում օգնում էր վիրաբույժին և քույրերին։ Երբ գալիս էր տուն, ոգևորված պատմում էր մեզ վիրահատությունների մասին։ Դա ինձ շատ էր տպավորում, ու ես որոշեցի դառնալ վիրաբույժ։ Ընտրեցի օրթոպեդիան, քանի որ ինձ հետաքրքրում էր մարդու հենաշարժական կառուցվածքը։ Օրթոպեդ-վիրաբույժը պետք է ինժեների պես մտածի, որպեսզի վերականգնի վնասված ոսկորները, մկաններն ու ջլերը, որոնց շնորհիվ մարդը կարողանում է շարժվել։

Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են իմ հիվանդներն ապաքինվում։ Ինձ շատ է դուր գալիս մարդկանց հետ աշխատելը։

— Ինչո՞ւ էիք կասկածում Աստծու գոյությանը։

— Կասկածել սկսել էի դեռ դպրոցական տարիքում։ Հիասթափվեցի, երբ իմացա, որ մեր եկեղեցու կրոնական առաջնորդներից ոմանք անբարո վարք ունեն։ Բացի այդ, դպրոցում կենսաբանության ուսուցիչներից մի քանիսը հավատում էին էվոլյուցիային։ Հատկապես համալսարանում սովորելու տարիներին ես էլ սկսեցի հավատալ էվոլյուցիայի տեսությանը։

— Ի՞նչը դրդեց ձեզ հավատալու էվոլյուցիայի տեսությանը։

— Ես հավատում էի ինձ դասավանդող պրոֆեսորներին։ Բացի  այդ, մտածում էի, թե կենդանիների որոշ տեսակների միջև եղած նմանությունները ցույց են տալիս, որ նրանք մի տեսակից են առաջացել, և որ գենետիկ մուտացիաները նպաստում են նոր տեսակների առաջացմանը։

— Ինչո՞ւ ժամանակի ընթացքում փոխեցիք ձեր կարծիքը։

— Մի օր ընկերներիցս մեկը հրավիրեց ինձ Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ Ինձ անչափ տպավորեցին ջերմ մթնոլորտն ու հետաքրքրիր ելույթները։ Հետագայում ժողովից մի բարեհամբույր կին այցելեց ինձ, և ես հարցրի նրան. «Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ Աստվածաշնչում գրվածը ճշմարտություն է»։

Նա ինձ ցույց տվեց աստվածաշնչյան տարբեր մարգարեություններ, որոնք բնորոշում են մեր օրերը, օրինակ, ներկա համակարգի վերջին օրերի նշանների մասին Հիսուսի մարգարեությունը, որ լինելու են պատերազմներ, մեծ երկրաշարժեր, համաճարակներ ու սովեր *։ Նաև նշեց մարգարեություններ այն մասին, որ մարդիկ լինելու են ագահ, չար, ինչը և տեսնում ենք այսօր *։ Շուտով ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և համոզվեցի, որ աստվածաշնչյան մարգարեությունները միշտ կատարվում են։ Նաև վերանայեցի իմ տեսակետը կյանքի ծագման վերաբերյալ։

— Բժշկական հետազոտություններն օգնեցի՞ն ձեզ խորհելու կյանքի ծագման մասին։

— Այո՛։ Այն ժամանակ, երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, ծնկի վիրահատության վերաբերյալ հետազոտություններ էի կատարում։ 1960-ականների վերջում գիտնականները սկսեցին ավելի լավ հասկանալ ծնկի բարդ կառուցվածքը։ Նրանք հայտնաբերեցին, որ ծնկահոդը ոչ միայն ծալվում է ճակատային առանցքի շուրջ, ինչպես, օրինակ, դռան ծխնին, այլև կարող է սահել և պտտվել, ինչը հնարավորություն է տալիս մարդուն քայլելու, պարելու, սահելու և այլն։

Մոտ 40 տարի է, ինչ մասնագետները փորձում են արհեստական ծունկ ստեղծել։ Բայց քանի որ ծունկը բարդ կառուցվածք ունի, դժվար է այն նույնությամբ կրկնօրինակել։ Բացի այդ, արհեստական ծունկը հնարավոր չէ երկար օգտագործել։ Նույնիսկ եթե պատրաստված լինի բարձր որակի նյութերից, այն պիտանի կլինի լավագույն դեպքում 20 տարի։ Մեր ծունկը կազմված է կենդանի բջիջներից, որոնք անընդհատ նորոգվում են։ Ինձ համար ծնկի կառուցվածքը ապացույց է, որ այն ոչ թե էվոլյուցիայի արդյունք է, այլ իմաստուն Աստծու ձեռքի գործ։

— Իսկ ի՞նչ եք մտածում մուտացիաների և որոշ տեսակների միջև եղած նմանությունների մասին։

— Այդ նմանությունները մատնանշում են, որ դրանք մի Ստեղծիչ ունեն։ Բացի այդ, մուտացիաները չեն վերափոխում կենդանի օրգանիզմները ավելի բարձր տեսակների, ընդհակառակը՝ վնասում են գեները։ Ինչ խոսք, երբեմն վնասը կարող է որոշակի օգուտ տալ։ Օրինակ՝ եթե գնացքը պատճառ դառնա, որ կամուրջը փլվի, դա կարող է պաշտպանել քաղաքը թշնամու զորքից, որն ուզում էր գրավել այն։ Բայց այդ վթարը չի բարելավի քաղաքի վիճակը։ Այդպես էլ մուտացիաները չեն նպաստում օրգանիզմի բարեփոխմանը։ Մուտացիաների արդյունքում չէր ստեղծվի այնպիսի մի գլուխգործոց, ինչպիսին որ մարդու ծունկն է կամ մեր մարմինը։

Մուտացիաների արդյունքում չէր ստեղծվի այնպիսի մի գլուխգործոց, ինչպիսին որ մարդու ծունկն է

— Ինչո՞ւ դարձաք Եհովայի վկա։

— Երբ սկսեցի կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, կյանքս լիովին փոխվեց։ 2003թ.-ին ներկա եղա Եհովայի վկաների միջազգային համաժողովին։ Ինձ անչափ տպավորեց ջերմ ընտանեկան մթնոլորտը, անգամ այն մարդկանց միջև, ովքեր նախկինում չէին ճանաչել իրար։ Վկաները անկեղծ սեր էին դրսևորում իրար հանդեպ։ Ուստի ես էլ որոշեցի դառնալ այդ ընտանիքի անդամը։