Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՕԳՈՍՏՈՍ 2013

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Երբ ձեր դեռահաս երեխան վնասվածքներ է հասցնում իրեն

Երբ ձեր դեռահաս երեխան վնասվածքներ է հասցնում իրեն

ԽՆԴԻՐ

Մի օր դուք իմանում եք, որ ձեր երեխան միտումնավոր կերպով վնասվածքներ է հասցնում իրեն։ Գուցե մտածեք. «Նա ինքնասպանության փորձե՞ր է անում»։

Հավանաբար ոչ։ Սակայն եթե ձեր երեխան վնասվածքներ է հասցնում իրեն, նշանակում է՝ օգնության կարիք ունի։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրան։ Նախևառաջ տեսնենք, թե ինչը կարող է դրդել նրան այդպես վարվելու։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Պատճառն այն է, որ շատե՞րն են այդպես վարվում։ Ինչ խոսք, որոշ երիտասարդներ վնասվածքներ են հասցնում իրենք իրենց, քանի որ իմանում են, որ ուրիշներն են այդպես վարվում։ Անգամ եթե ոմանք այդպես են վարվում, այնուամենայնիվ, շատերի դրդապատճառն այլ է։ Իրեն վնասվածքներ հասցնողը սովորաբար դա գաղտնի է անում և ամաչում է իր արարքից։ Քսանամյա Սելիան * ասում է. «Չէի ուզում, որ որևէ մեկը իմանա այդ մասին, թաքցնում էի իմ սպիները»։

Վնասվածքներ հասցնելը ուշադրություն գրավելու միջո՞ց է։ Ոմանց համար գուցե այդպես է։ Սակայն այն պատանիները, որոնց մասին կխոսենք այս հոդվածում, գաղտնի են դա անում և չեն ցանկանում, որ որևէ մեկը նկատի իրենց վնասվածքները։ Բայց մի անհատ, ով նախկինում վնասվածքներ էր հասցնում իրեն, խոստովանում է, որ շատ էր ուզում՝ ուրիշները նկատեն իր սպիները, որպեսզի հնարավորինս շուտ օգնություն ստանար։

Ինչո՞ւ են ոմանք վնասվածքներ հասցնում իրենց։ Պատճառները տարբեր են, սակայն հիմնական պատճառն այն է, որ երիտասարդները սովորաբար զգացական ցավ են ապրում, որը դժվարանում են արտահայտել բառերով։ Հոգեբան Ստիվեն Լեվենկրոնը իր գրքում նշում է, որ ոմանք «կարծում են, թե զգացական ցավից կարող են ազատվել՝ ֆիզիկական վնասվածքներ հասցնելով իրենց» (Cutting)։

Ինքն իրեն վնասվածքներ հասցնողը զգացական այնպիսի ցավ է ապրում, որը դժվարանում է արտահայտել բառերով

Եթե մեղադրում եք ձեզ։ Ձեր երեխայի արարքի համար ձեզ մեղադրելու փոխարեն՝ մտածեք, թե որպես հոգատար ծնող ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր երեխային։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Հորդորեք երեխային խոսել ձեզ հետ իր խնդրի մասին։ Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ։

Մխիթարեք։ Եթե ձեր երեխան խոստովանում է, որ վնասվածքներ է հասցնում իրեն, կտրուկ մի՛ արձագանքեք։ Փոխարենը՝ խոսեք մեղմորեն և համբերատարությամբ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Թեսաղոնիկեցիներ 5։14։

Դատապարտող հարցեր մի՛ տվեք։ Օրինակ՝ կարող եք ասել. «Նկատել եմ, որ ինչ-որ բան է կատարվում քեզ հետ, ի՞նչն է անհանգստացնում քեզ» կամ «ինչո՞վ կարող եմ օգնել» կամ էլ «կուզեի, որ ազատ զգաս ու պատմես ինձ քո մտահոգությունների մասին»։ Լսեք ձեր դեռահաս երեխային՝ առանց նրան ընդհատելու։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 1։19։

Օգնեք դեռահասին իր մասին հավասարակշռված տեսակետ ունենալու։ Նրանք, ովքեր վնասվածքներ են հասցնում իրենց, կենտրոնանում են իրենց բացասական հատկությունների վրա։ Ուստի լավ կլինի, որ օգնեք երեխային տեսնելու իր դրական հատկությունները։ Կարող եք առաջարկել նրան, որ գրի առնի դրանցից առնվազն երեքը։ 24-ամյա Բրիանան ասում է. «Իմ լավ կողմերը գրի առնելը օգնեց ինձ համոզվելու, որ ես արժանիքներ ունեմ» *։

Հորդորեք դեռահասին աղոթել Եհովային։ Աստվածաշունչն նշում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ 17 տարեկան Լորենան ասում է. «Երբ ինքս ինձ վնասվածքներ հասցնելու ցանկություն էր առաջանում, ինձ ստիպում էի աղոթել և սիրտս բացել Եհովա Աստծու առաջ։ Դա օգնեց, որ ավելի շատ ջանք թափեմ այդ սովորությունից ձերբազատվելու համար»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Թեսաղոնիկեցիներ 5։17։

^ պարբ. 7 Անհատը վնասվածքներ է հասցնում իրեն, երբ գիտակցաբար կտրվածքներ է անում իր մարմնի վրա, կապտուկներ առաջացնում կամ հարվածում ինքն իրեն։

^ պարբ. 15 Հոդվածում քննարկված սկզբունքները վերաբերում են և՛ աղջիկներին, և՛ տղաներին։

Այս հոդվածում անունները փոխված են։

Ինքն իրեն վնասվածքներ հասցնելը հաճախ դեպրեսիայի կամ ուրիշ խանգարման նշան է։ Նման դեպքերում անհրաժեշտ է բժշկական օգնության դիմել։ «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ ձև չի խրախուսում։ Սակայն քրիստոնյաները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտրած բուժումը չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։

Իմացիր ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում

Շատ երիտասարդներ վնասվածքներ են հասցնում իրենց։ Եթե դու էլ ունես նման սովորություն, ի՞նչը կօգնի քեզ։