Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Պե՞տք է վախենալ չար աչքից

Պե՞տք է վախենալ չար աչքից

ԱՄԱԶՈՆԻ գյուղերից մեկում մի կին իր մանկիկին քնքշորեն դնում է ճոճքի մեջ։ Ապա նրա փոքրիկ դաստակին մի կարմիր թել կապելուց հետո մեկ ուրիշ թել է կապում նաև նրա մեջքին։ Այդ «արարողությունն» ավարտելուց հետո նա թեթևացած շունչ է քաշում ու ասում. «Այժմ փոքրիկս պաշտպանված է չար աչքից»։

Միայն Հարավային Ամերիկայում ապրող ցեղախմբերը չէ, որ վախենում են չար աչքից։ Դրանից սարսափում են նաև այլ վայրերում ապրող տարբեր մարդիկ՝ թե՛ իրավաբաններ, թե՛ հողագործներ և թե՛ բիզնեսմեններ։

Իսկ ի՞նչ է չար աչքը։ Շատերը հավատում են, որ որոշ մարդիկ զորություն ունեն վնասելու կամ նույնիսկ մահ պատճառելու որևէ մեկին՝ պարզապես նրան նայելով։ Նրանք կարող են չար աչքով վնասել, օրինակ՝ երբ նախանձում են որևէ մեկին՝ տեսնելով նրա բարեկեցությունը։ Բացի այդ, այն կարծիքը կա, որ անգամ բարի մղումներ ունեցող շատ մարդիկ ունեն չար աչք և կարող են դրանով վնասել ուրիշներին՝ անկախ իրենց կամքից։ Իսկ դու վախենո՞ւմ ես չար աչքից։ Եթե այո, արդյոք այդ վախը օգնո՞ւմ է քեզ, թե՞ վնասում։

Փա՞ստ, թե՞ հորինվածք

Շատ աշխատություններ չար աչքից վախենալը անվանում են սնահավատություն։ Սնահավատությունը սահմանվում է որպես «հավատալիք, որի հիմքում չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ փաստ», հետևաբար զարմանալի չէ, որ ոմանք չար աչքից վախենալը պարզապես անհեթեթություն են համարում։

Ճիշտ է, չար աչքի վերաբերյալ բազմաթիվ պատմություններ իսկապես լոկ հորինվածք են։ Օրինակ՝ հիվանդագին երևակայության արդյունք է այն, որ մարդիկ մտածում են, թե չար աչք ունեն հատկապես նրանք, ովքեր աչքի շլություն, կատարակտ կամ ցցված մազափունջ ունեն։ Հաճախ նաև մարդիկ պարզապես չափազանցնում են, երբ ամեն անգամ չար աչքին են վերագրում այն, որ երեխան հիվանդանում է, կովը սատկում է, կամ հավը այլևս ձու չի ածում։ Այնուամենայնիվ, ճիշտ ինչպես ընկույզի հաստ կեղևի տակ կա պինդ միջուկ, այնպես էլ չար աչքի մասին մտացածին պատմությունների «հաստ կեղևի» տակ կան որոշ ծանրակշիռ փաստեր։ Ուստի եկեք հեռացնենք հորինվածքների այդ «կեղևը» և տեսնենք, թե ինչ փաստեր են թաքնված դրա տակ։

Որտեղից է ծագել չար աչքի գաղափարը

«Կրոնագիտական և բարոյագիտական հանրագիտարանը» նշում է, որ Հին Բաբելոնում ապրող մարդիկ վախենում էին չար աչքից։ Ովքե՞ր էին այդպիսի վախ տարածում։ Բաբելոնի կախարդներն ու վհուկները։ Վերջիններս հայտնի էին նրանով, որ սարսափելի տառապանքներ էին պատճառում մարդկանց՝ կախարդելով նրանց իրենց հայացքով։ Սակայն այդ կախարդները իրենց ուժերով չէին անում այդ ամենը։ Այդ դեպքում ո՞վ էր տալիս նրանց այդ զորությունը։ Դևեր կոչվող ոգեղեն էակները։ «Բաբելոնի և Ասորեստանի կրոնը» գրքում ասվում է. «Վհուկները կարող էին իրենց ցանկությամբ կանչել դևերին և ցանկացած մարդու գցել նրանց ազդեցության տակ» (The Religion of Babylonia and Assyria)։

Աստվածաշունչը նույնպես ցույց է տալիս, որ «մոգական ուժերի» աղբյուրը ըմբոստացած և դևեր դարձած հրեշտակներն են (1 Սամուել 15։23; 1 Տիմոթեոս  4։1; Հուդա 6)։ Բացի այդ, Աստծու Խոսքը հաստատում է այն միտքը, որ դևերն իրենց վնասաբեր զորությունից տալիս են նաև ոգեհարցներին և դիվային իշխանության տակ գտնվող այլ մարդկանց (Գործեր 16։16–18; Հայտնություն 22։15)։ Արդյունքում այդ մարդիկ կարողանում են «ուրիշներին հմայել»՝ մոգություն անել՝ երբեմն պարզապես նայելով նրանց (2 Օրենք 18։10–12)։ Այսպիսով տեսնում ենք, որ չար աչքի գաղափարը իսկապես որոշ փաստերի վրա է հիմնված։

Եթե դու ապրում ես այնպիսի տեղանքում, որտեղ հեքիմների հմայությունները սովորական երևույթ են, ապա զարմանալի չէ, որ վախենում ես չար աչքից։ Սակայն որքան էլ վախազդու լինեն այդ հմայությունները, հարկ չկա, որ քո շրջապատի մարդկանց պես՝ վախի մեջ ապրես։ Ինչո՞ւ։ Քանի որ չար աչքի հանդեպ վախը կարող է պատճառ լինել, որ սկսես ծառայել դևերին, մի բան, որ Աստվածաշունչը դատապարտում է (տե՛ս 1 Կորնթացիներ 10։20, 21)։ Բացի այդ, դու կարող ես ունենալ հզոր պաշտպանություն՝ ձերբազատվելով չար աչքի ազդեցությունից և վախի բոլոր պատճառներից։ Ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը։ Արդյո՞ք այդ պաշտպանությունը կարելի է ստանալ՝ թալիսմաններ կրելով։

Իրական պաշտպանություն

Վերոհիշյալ հարցի պատասխանը գտնելու համար քննարկենք մի օրինակ։ Ենթադրենք դու վախենում ես, որ մի մեծ ծառ գուցե ընկնի քո տան վրա ու վնասի այն։ Արդյո՞ք դու կամրացնես տանիքը՝ հուսալով, որ այն կդիմանա ընկնող ծառի հարվածին, թե՞ կկանչես ծառահատի, որը ծառը անվտանգ կտրելու փորձ ունի։ Եթե ծառահատը կտրի ծառը, կվերանա վտանգի աղբյուրը և վախի պատճառը։

Նմանապես, ի՞նչ կարող ես անել, եթե վախենում ես, որ ինչ-որ մեկը գուցե վնասի քեզ իր չար աչքով։ Արդյո՞ք կփորձես պաշտպանել ինքդ քեզ՝ թալիսման կրելով, թե՞ կդիմես այն անձնավորության օգնությանը, ով կարողանում է դևերին զրկել զորությունից։ Երկրորդ տարբերակն ակներևաբար ավելի խելամիտ է, քանի որ այդ անձնավորությունը կարող է վերացնել վտանգի աղբյուրը և այդպիսով նաև վախի պատճառը։

Բայց գուցե դու էլ, սաղմոսերգուի նման, հարցնես. «Որտեղի՞ց է գալու իմ օգնությունը»։ Սաղմոսերգուն Աստծու ներշնչմամբ պատասխանում է. «Իմ օգնությունը Եհովայից է՝ երկինքն ու երկիրը Ստեղծողից»։ Արդյոք Ստեղծչի օգնությամբ կարո՞ղ ենք պաշտպանվել չար աչքից։ Այո՛, հենց դա են ցույց տալիս սաղմոսերգուի հաջորդ խոսքերը. «Եհովան ինքը կպահպանի քեզ ամեն չարիքից» (Սաղմոս 121)։ Քո հավատը Եհովայի պաշտպանելու զորության հանդեպ ավելի կամրանա, եթե քննես վստահություն ներշնչող արձանագրություններն այն մասին, թե ինչպես է նա վարվել դևերի հետ անցյալում։

Դևերը սարսռում են. ինչո՞ւ

Նոյի օրերում, Եհովան անհնազանդ հրեշտակներին զրկեց իրենց առանձնաշնորհյալ դիրքից՝ գցելով նրանց հոգևոր խավարի «բանտը» (1 Պետրոս 3։19; Ծննդոց 6։1–4)։ Հետագայում՝ առաջին դարում, Հիսուսը, գործելով որպես Աստծու ներկայացուցիչ, հանում էր զորեղ դևերի (Մատթեոս 8։31, 32; Մարկոս 1։39)։ Իսկ 20-րդ դարում Հիսուսը կրկին գործի դրեց իր աստվածատուր զորությունը և Սատանային ու նրա դևերին արտաքսեց երկնքից (Հայտնություն 12։7–9)։ Այդպիսով դևերը դառը փորձով հասկացան, որ իրենց ունեցած ուժը, Եհովայի զորության հետ համեմատած, ոչինչ է։ Շուտով Եհովան մեկ անգամ ևս ցույց կտա իր զորությունը և երկնքից վտարված այդ ըմբոստներին հազար տարով կգցի անդունդը (Հայտնություն 20։1–3

Այս բանի գիտակցումը ինչպե՞ս է ազդում դևերի վրա։ Աստվածաշունչը նշում է, որ «դևերը հավատում են ու սարսռում» (Հակոբոս 2։19)։ Իսկ այս տեղեկությունը ինչպե՞ս կազդի քեզ վրա։ Կշարունակե՞ս վախենալ այդ «սարսռացող» դևերից և նրանց հետ համագործակցող մարդկանցից, թե՞ միայն Եհովայից «կվախենաս»՝ լիովին վստահելով, որ նա կպաշտպանի քեզ չար աչքից (1 Սամուել 12։24

Եթե քո հավատը մղի քեզ դեն նետելու թալիսմաններդ և ամրացնելու փոխհարաբերությունդ Եհովայի հետ, ապա դու էլ նրա ժողովրդի հետ միասին կասես այն խոսքերը, որ ասացին Կորխի որդիները. «Աստված մեզ համար ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն։ Այդ պատճառով մենք չենք վախենա» (Սաղմոս 46։1, 2; համեմատի՛ր Հռոմեացիներ 8։31