Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2013

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին

Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին

ԽՆԴԻՐ

Երբ երկու տարեկան փոքրիկդ ինչ-որ բանից վշտացած է, նա սկսում է ճչալ, ոտքերը գետին խփել ու ձեռքերը թափահարել։ Գուցե մտածում ես. «Նորմա՞լ է, որ երեխաս իրեն այսպես է պահում։ Արդյո՞ք նա կամակորություն է անում այն պատճառով, որ ես ինչ-որ բան սխալ եմ անում։ Ժամանակի ընթացքում դա կանցնի՞»։

Դու կարող ես օգնել փոքրիկիդ փոխելու իր պահվածքը։ Սակայն նախ պետք է պարզես, թե որն է նման վարքի պատճառը։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Փոքր երեխաները այդքան էլ լավ չեն կարողանում տիրապետել իրենց զգացմունքներին։ Հենց այդ պատճառով նրանք ժամանակ առ ժամանակ կարող են կամակորություններ անել։ Բայց դա միակ պատճառը չէ։

Նկատի առ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում երեխայի կյանքում մոտ երկու տարեկանում։ Ծնված օրվանից ծնողները բավարարել են նրա բոլոր կարիքները։ Օրինակ՝ երբ նա լաց էր լինում, նրանք վազում էին նրա մոտ. ինչ-որ տեղ ցավո՞ւմ է, քաղցա՞ծ է, միգուցե պետք է ներքնաշո՞րը փոխել կամ պարզապես հանգստացնե՞լ։ Ծնողներն ամեն բան անում էին, որ երեխան լավ զգար իրեն։ Եվ այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ փոքրիկը ամբողջությամբ կախված էր իր ծնողներից։

Երկու տարեկանում, սակայն, երեխան սկսում է հասկանալ, որ իր ծնողներն այլևս չեն կատարում այն ամենը, ինչ ինքն է ուզում։ Իր ցանկությունները կատարելու փոխարեն՝ նրանք ակնկալում են, որ ինքը անի այն, ինչ իրենք են ուզում։ Հիմա ամեն ինչ փոխվել է, և այդ փոփոխությանը երեխան գուցե այդքան էլ լավ չարձագանքի և սկսի ընդդիմանալ ու կամակորություններ անել։

Սովորաբար ժամանակի ընթացքում փոքրիկը հաշտվում է այն մտքի հետ, որ իր ծնողները ոչ միայն հոգ են տանում իր մասին, այլև դաստիարակում են իրեն։ Նա նաև սկսում է հասկանալ, որ պետք է «հնազանդվի [իր] ծնողներին» (Կողոսացիներ 3։20)։ Սակայն մինչ երեխան կսկսի հասկանալ այդ ամենը, նա, բազմիցս կամակորություններ անելով, գուցե լցնի ծնողների համբերության բաժակը։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Հասկացողություն դրսևորիր։ Երեխադ չափահաս չէ, նա ընդամենը երեխա է։ Քանի որ նա չի կարողանում տիրապետել իր զգացմունքներին, գուցե կտրուկ արձագանքի, երբ ինչ-որ բանից վշտացած է։ Փորձիր իրավիճակին նայել նրա աչքերով։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 13։11։

Հանգստություն պահպանիր։ Երբ երեխադ սկսում է կամակորություն անել, ափերից դուրս գալով՝ իրավիճակը չես փոխի։ Աշխատիր ուշադրություն չդարձնել նրա կամակորություններին և սուր մի արձագանքիր։ Եթե հիշես, թե ինչու է նա կամակորություն անում, հանգստություն կպահպանես։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 19։11։

Խոսքիդ տերը եղիր։ Եթե տեղի տաս և կատարես երեխայիդ ցանկությունը, երբ նա համառորեն ինչ-որ բան է պահանջում, ապա հավանական է, որ մյուս անգամ էլ նա կամակորություն կանի իր ուզածը ստանալու համար։ Խոսքիդ տերը եղիր։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Մատթեոս 5։37։

Եթե հիշես, թե ինչու է նա կամակորություն անում, հանգստություն կպահպանես

Եղիր համբերատար։ Մի՛ ակնկալիր, որ երեխայի կամակորությունները մեկ օրում կանցնեն, հատկապես եթե տեղիք ես տվել նրան մտածելու, որ կամակորությամբ կարող է հասնել իր ուզածին։ Սակայն եթե ճիշտ արձագանքես և լինես հետևողական, նա գուցե հետզհետե ավելի քիչ կամակորություն անի։ Ի վերջո, նա վերջ կտա այդ պահվածքին։ Աստվածաշունչն ասում է. «Սերը համբերատար է» (1 Կորնթացիներ 13։4

Փորձիր նաև հետևյալը.

  • Երբ երեխան կամակորություն է անում և ընկնում է հիստերիայի մեջ, փորձիր ձեռքերով պահել նրան (եթե հնարավոր է) և առանց ցավեցնելու՝ սահմանափակիր նրա ջղային շարժումները։ Մի՛ բղավիր նրա վրա։ Պարզապես սպասիր, որ նա հանդարտվի։ Արդյունքում երեխան կհասկանա, որ իր այդ պահվածքով ոչ մի բանի չի հասնի։

  • Տան մեջ մի տեղ ընտրիր, որտեղ կարելի է թողնել երեխային, երբ նա սկսի կամակորություն անել։ Ասա նրան, որ երբ հանգստանա, այն ժամանակ էլ դուրս կգա այդտեղից, իսկ հետո հեռացիր։

  • Եթե երեխադ սկսում է կամակորություն անել ուրիշների ներկայությամբ, նրան մի կողմ տար։ Մի՛ զիջիր զուտ այն պատճառով, որ նա թատրոն է սարքում։ Հակառակ դեպքում նա կմտածի, թե այդ պահվածքով կարող է հասնել իր ուզածին։