Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հուլիս 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Բողոքը խնդրի լուծո՞ւմ է

Բողոքը խնդրի լուծո՞ւմ է

Եհովայի վկաները՝ այս ամսագրի հրատարակիչները, քաղաքական հարցերում չեզոք են (Հովհաննես 17։16; 18։36)։ Հետևաբար, թեև այս հոդվածներում բերվում են քաղաքացիական խռովությունների որոշ օրինակներ, սակայն նրանք մի ազգին մյուսից վեր չեն դասում կամ քաղաքական հարցերում որևէ մեկի կողմը չեն բռնում։

ԵՐԿՈՒ հազար տասը թվականի դեկտեմբերի 17-ին Թունիսում ապրող 26-ամյա մի առևտրականի՝ Մոհամեդ Բուազիզիի համբերությունը հատեց։ Նա վհատված էր, քանի որ չէր կարողանում ավելի լավ աշխատանք գտնել։ Նա գիտեր, որ անազնիվ պաշտոնյաները կաշառք են պահանջում։ Այդ առավոտյան ոստիկանները բռնագրավեցին Մոհամեդի խնձորի, բանանի և տանձի պաշարները։ Երբ նրանք վերցրին կշեռքը, նա ընդդիմացավ, և ինչպես ականատեսներն ասում են, մի կին ոստիկան ապտակեց նրան։

Ստորացված ու զայրացած՝ Մոհամեդը գնաց մոտակա կառավարական գրասենյակ՝ բողոքելու, բայց ոչ ոք չլսեց նրան։ Մարդիկ ասում են, որ նա շենքի առաջ բղավել էր. «Ինչպե՞ս եմ հոգ տանելու ընտանիքիս»։ Ապա իր վրա լցրել էր դյուրավառ հեղուկ և հրկիզել իրեն։ Երեք շաբաթ չանցած նա մահացավ ստացած այրվածքներից։

Մոհամեդ Բուազիզիի հուսահատ արարքը խորապես ազդեց ոչ միայն Թունիսի բնակիչների, այլև ուրիշ երկրներում ապրող մարդկանց վրա։ Շատերի կարծիքով՝ նրա արարքը պատճառ եղավ, որ երկրում ապստամբություն սկսվի, և այն ժամանակվա վարչակարգը տապալվի։ Շուտով բողոքի ալիքները տարածվեցին մյուս արաբական երկրներում։ Եվրախորհուրդը պարգևատրեց Բուազիզիին և չորս ուրիշ անհատների 2011թ. Սախարովի անվան՝ Մտքի ազատության մրցանակով։ Իսկ լոնդոնյան «Թայմս» օրաթերթը նրան անվանեց 2011թ. տարվա մարդ։

Ինչպես այս օրինակն է ցույց տալիս, բողոքը կարող է մեծ ուժ ունենալ։ Իսկ ի՞նչ պատճառներով են մեր օրերում բողոքի մեծ ալիքներ բարձրանում։ Կա՞ արդյոք խնդիրները լուծելու այլ միջոց։

 Բողոքի մեծ ալիք. ինչո՞ւ

Բողոքի ալիքները հաճախ բարձրանում են հետևյալ պատճառներով.

  • Դժգոհություն հասարակարգից։ Երբ մարդիկ համոզված են, որ կառավարությունը և տնտեսությունը ծառայում են իրենց շահերին, ցանկություն չեն ունենում բողոքելու. նրանք փորձում են, գործող կարգի համաձայն, լուծել իրենց խնդիրները։ Մյուս կողմից՝ երբ մարդիկ տեսնում են, որ այդ համակարգերն ապականված են, անարդար ու անթեք և ծառայում են միայն փոքր թվով «ընտրված» մարդկանց շահերին, ապա պատրաստ են ապստամբություն բարձրացնելու։

  • Դրդապատճառներ են լինում։ Հաճախ որևէ իրադարձություն մարդկանց մղում է գործերի, և նրանք սկսում են մտածել, որ ձեռքերը ծալած նստելու փոխարեն՝ պետք է որոշակի քայլերի դիմեն։ Մոհամեդ Բուազիզիի դեպքն, օրինակ, Թունիսում զանգվածային խռովությունների պատճառ դարձավ։ Իսկ Հնդկաստանում Անա Հազարե անունով մի ակտիվիստ հացադուլ արեց՝ բողոքելով կաշառակերության դեմ, և դա պատճառ եղավ, որ նրա աջակիցները բողոքի ցույցեր անեն 450 քաղաքներում։

Ինչպես Աստվածաշնչում տարիներ առաջ գրվել է, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «մարդն իշխում է մարդու վրայ ու չարչարում է նրան» (Ժողովող 8։9, Էջմիածնի հրատարակություն)։ Կաշառակերությունն ու անարդարությունը այսօր ավելի շատ են տարածված, քան հին ժամանակներում։ Իսկապես, ներկայումս մարդիկ ավելի շատ են տեղեկացված այն մասին, թե ինչպես են քաղաքական և տնտեսական համակարգերը թերանում իրենց դերը կատարելու հարցում։ Սմարթֆոնների, ինտերնետի և 24 ժամ անընդմեջ հեռարձակվող լուրերի միջոցով անգամ հեռավոր տարածքներում կատարված իրադարձություններն են մեծ արձագանք գտնում։

Ի՞նչ արդյունք է բերել

Հասարակական խռովությունների կողմնակիցները գուցե ասեն, որ բողոքները այսպիսի արդյունքներ են բերել.

  • Թեթևացրել են աղքատների վիճակը։ 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ, ի պատասխան Չիկագոյում (Իլինոյս, ԱՄՆ) վարձակալության հետ կապված խռովությունների, քաղաքի պաշտոնյաները քայլեր ձեռնարկեցին, վարձակալներին այլևս տներից դուրս չհանեն և ցուցարարներից ոմանց աշխատանքի տեղավորեն։ Նյու Յորքում նման բողոքի ցույցերի արդյունքում 77000 ընտանիքներ, որոնց հանել էին վարձակալված տներից, վերադարձան իրենց օթևանները։

  • Վերացվել են անարդարության դրսևորումներ։ 1955/1956թթ.-ին Մոնտգոմերիում (Ալաբամա, ԱՄՆ) ավտոբուսների հետ կապված բոյկոտը հանգեցրեց նրան, որ փոխվի այն օրենքը, ըստ որի՝ ավտոբուսում տարբեր ռասայի պատկանող մարդիկ պետք է առանձին նստեին։

  • Դադարեցվել են շինարարական նախագծեր։ 2011թ. դեկտեմբերին տասնյակ հազարավոր մարդիկ բողոքեցին Հոնկոնգի մոտ ածխի  էլեկտրակայան կառուցելու նախագծի դեմ, քանի որ նրանց մտահոգում էր միջավայրի աղտոտումը։ Ուստի նախագիծը դադարեցվեց։

Թեև որոշ ցուցարարներ գուցե հասնեն իրենց նպատակներին, սակայն Աստծու Թագավորությունը ավելի լավ լուծում է առաջարկում

Ինչ խոսք, բողոքի ձայն բարձրացնողները միշտ չէ, որ հասնում են իրենց ուզածին։ Օրինակ՝ իշխանությունները գուցե պատժեն ցուցարարներին՝ նրանց պահանջները բավարարելու փոխարեն։ Վերջերս Միջին Արևելքի երկրներից մեկի նախագահը հետևյալն ասաց բողոքի ցույցերի վերաբերյալ. «Հարկավոր է հարվածել երկաթե բռունցքով»։ Հետևանքը եղավ այն, որ հազարավոր մարդիկ մահացան այդ խռովության ժամանակ։

Նույնիսկ եթե ցուցարարները հասնում են իրենց նպատակներին, միևնույնն է, դրանք իրենց հետ նոր խնդիրներ են բերում։ Մի մարդ, որը մասնակցել էր Աֆրիկայի երկրներից մեկի ղեկավարին իշխանությունից հեռացնելու շարժմանը, «Թայմ» հանդեսին նոր վարչակարգի մասին ասաց. «Դա ուտոպիա էր, որն անմիջապես վերածվեց քաոսի»։

Կա՞ ավելի լավ միջոց

Շատ հանրահայտ մարդիկ կարծում են, որ բռնատիրական համակարգի դեմ բողոքի ձայն բարձրացնելը յուրաքանչյուրի բարոյական պարտքն է։ Օրինակ՝ Վացլավ Հավելը՝ Չեխիայի նախկին նախագահը, որը բանտարկվել էր մարդու իրավունքների համար պայքար մղելու պատճառով, 1985-ին գրեց. «[Այլախոհը] պատրաստ է տալ իր կյանքը և դա անում է միայն այն պատճառով, որ այլ տարբերակ չունի իր համոզմունքները հաստատելու համար»։

Հավելի խոսքերն ասես կանխատեսում էին Մոհամեդ Բուազիզիի և այլոց հուսահատ արարքները։ Ասիայի երկրներից մեկում վերջերս  բազմաթիվ մարդիկ իրենք իրենց հրկիզեցին՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը կրոնական և քաղաքական ճնշումների դեմ։ Մի մարդ, նկարագրելով այն զգացումները, որոնք մարդկանց մղում են այդպիսի ծայրահեղ արարքների, «Նյուսուիկ» շաբաթաթերթին ասաց. «Մենք զենքեր չունենք։ Մենք չենք ուզում վնասել որևէ մեկին։ Ուրիշ ի՞նչ է մեզ մնում անելու»։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կա անարդարությանը, կաշառակերությանը և կեղեքումներին վերջ դնելու միջոց։ Այն հայտնում է, որ Աստված երկնքում հաստատել է մի կառավարություն, որը պետք է փոխարինի ձախողված քաղաքական և տնտեսական համակարգերին, որոնց դեմ բողոքում են մարդիկ։ Այս կառավարության Թագավորի մասին մի մարգարեություն ասում է. «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին.... Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։12, 14

Եհովայի վկաները հավատում են, որ Աստծու Թագավորությունը երկրի վրա խաղաղություն հաստատելու միակ իրական հույսն է (Մատթեոս 6։9, 10)։ Հետևաբար, նրանք չեն մասնակցում բողոքի ցույցերին։ Արդյոք անիրատեսակա՞ն է այն, որ Աստծու կողմից հաստատված կառավարությունը կարող է վերացնել բոլոր խնդիրները, որոնց պատճառով մարդիկ բողոքում են։ Գուցե այդպես թվա։ Սակայն շատերը ամուր վստահություն են ձեռք բերել Աստծու ղեկավարության հանդեպ։ Դուք կարող եք ինքներդ համոզվել, թե արդյոք արժե վստահել այդ կառավարությանը։