Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հուլիս 2013

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Արկտիկական գետնասկյուռի վերականգնվող ուղեղը

Արկտիկական գետնասկյուռի վերականգնվող ուղեղը

ԱՐԿՏԻԿԱԿԱՆ գետնասկյուռը (Spermophilus parryii) ձմեռային քուն մտնող կենդանի է։ Այդպիսի կենդանիների մարմնի ջերմաստիճանը սովորաբար նվազում է։ Իսկ որքա՞ն է իջնում այս գետնասկյուռի մարմնի ջերմաստիճանը։ Այդ տեսակին պատկանող մի քանի ներկայացուցիչներ ռեկորդ են սահմանել. նրանց մարմնի ջերմաստիճանը իջել է մինչև -2,9°C։ Թվում է, թե այդ ջերմաստիճանում նրանց ուղեղը պետք է որ սառչի։ Այդ դեպքում ինչպե՞ս է արկտիկական գետնասկյուռը ողջ մնում։

Նկատի առնենք հետևյալը։ Ձմեռային քնի ընթացքում երկու կամ երեք շաբաթը մեկ արկտիկական գետնասկյուռը սկսում է դողալ, ու նրա մարմնի ջերմությունը բարձրանում է՝ հասնելով իր նորմալ ջերմաստիճանին՝ 36,4°C-ի, և այդ ջերմաստիճանը չի իջնում մոտ 12–15 ժամ։ Հետազոտողներն ասում են, որ ջերմության բարձրացման այդ կարճ ժամանակահատվածը նպաստում է այն բանին, որ ուղեղի բջիջները չմահանան։ Բացի այդ, ձմեռային քնի ընթացքում գետնասկյուռի գլուխը ըստ երևույթին փոքր-ինչ ավելի տաք է մնում, քան մարմնի մնացած մասերը։ Լաբորատոր փորձերի ժամանակ գետնասկյուռի պարանոցի ջերմաստիճանը 0,7°C-ից չի իջել։

Երբ արկտիկական գետնասկյուռը արթնանում է ձմեռային քնից, մոտ երկու ժամ անց նրա ուղեղը սկսում է իր նորմալ գործունեությունը։ Իսկ մեկ ուրիշ ուսումնասիրություն ցույց է տալիս, որ ձմեռային քնից հետո այս գետնասկյուռի ուղեղը սկսում է նույնիսկ ավելի լավ գործել։ Մասնագետները պարզապես ապշում են, թե ինչպես է նրա ուղեղը զարմանալի կերպով վերականգնվում։ Նրանք այդ պրոցեսը համեմատում են անտառային հրդեհից հետո մի քանի օրվա ընթացքում այրված հողից նոր բուսականություն աճելու հետ։

Հետազոտողները հույս ունեն, որ արկտիկական գետնասկյուռի մասին ուսումնասիրությունները կօգնեն ավելի լիարժեքորեն հասկանալու մարդու ուղեղի հնարավորությունները։ Նրանց նպատակն է ավելի շատ տեղեկություններ ձեռք բերել այն մասին, թե ինչպես է հնարավոր կանխել ուղեղի բջիջների վնասումը և նույնիսկ վերականգնել բջիջները, որոնք վնասվել են ուղեղի տարբեր հիվանդությունների, այդ թվում Ալցհեյմերի հիվանդության պատճառով։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք արկտիկական գետնասկյուռի վերականգնվող ուղեղը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։