Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2013

 ԱՆՑՅԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՊԱՀԱՆՋ

Ուլտիմատում Աստծու անունի՞ց

Ուլտիմատում Աստծու անունի՞ց

«Եթե դուք չանեք դա.... Աստծու օգնությամբ ու լիազորությամբ կգամ ձեզ մոտ և կպատերազմեմ ձեր դեմ բոլոր կողմերից և բոլոր միջոցներով, ձեզ վրա լուծ կդնեմ, կհնազանդեցնեմ Եկեղեցուն և Նորին մեծությանը, ձեր կանանց ու երեխաներին ստրուկներ կդարձնեմ.... կբռնագրավեմ ձեր ունեցվածքը և ամեն տեսակ վնաս կպատճառեմ ձեզ.... Մահն ու կորուստը, որ կունենաք դրա պատճառով, կլինի ձե՛ր մեղքով, ոչ թե Նորին մեծության կամ մեր»։

ՍԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ամենատարօրինակ դեկլարացիաներից մեկն է։ Դա մի մասն է այն հայտարարագրի, որը հայտնի է «Պահանջ» անունով, իսպաներեն՝ «el Requerimiento»։ 16-րդ դարի ընթացքում Ամերիկան նվաճելու արշավների ժամանակ իսպանացի կոնկիստադորները պետք է բարձրաձայն կարդային այդ տեքստը։

Կոնկրետ ի՞նչ էին կոնկիստադորները հայտարարում տեղաբնակներին և ինչո՞ւ։

Հարկադիր դավանափոխություն

Շատ չանցած այն բանից հետո, երբ 1492-ին Կոլումբոսը ոտք դրեց Ամերիկա, Իսպանիան և Պորտուգալիան հայտարարեցին, որ իրավունք ունեն իշխելու նոր երկրներին։ Քանի որ երկու պետություններն էլ պապին էին համարում Քրիստոսի ներկայացուցիչը երկրի վրա, նրան էին դիմում վեճերը հարթելու համար։ Պապի առաջնորդությամբ եկեղեցին բաժանեց նոր նվաճված երկրները Իսպանիայի և Պորտուգալիայի միջև՝ պայմանով, որ երկու պետություններն էլ միսիոներներ ուղարկեն բնիկներին դավանափոխ անելու համար։

Քանի որ ավելի ու ավելի շատ տարածքներ էին նվաճվում, իսպանական միապետությունը որոշեց օրինականացնել կոնկիստադորների սխրագործությունները։ Իսպանացիները պնդում էին, որ քանի որ պապը Աստծու կամքն է կատարում՝ նվիրելով երկրները իրենց, կոնկիստադորները կարող էին տեղաբնիկների ու նրանց ունեցվածքի հետ վարվել այնպես, ինչպես ուզում են, և սահմանափակել նրանց ազատությունը։

Իսպանացիները կազմեցին մի փաստաթուղթ՝ տեղեկացնելու  համար տեղաբնակներին պապի որոշման մասին։ Պապի լիազորությամբ բնիկներից պահանջում էին ընդունել քրիստոնեությունը և դառնալ Իսպանիայի թագավորի հպատակները։ Երբ նրանք հակառակվում էին, իսպանացիները համարում էին, որ իրավասու են Աստծու անունից «արդար» պատերազմ մղելու նրանց դեմ։

«Բռնությունը ներելի էր, եթե դրա համար կային արդարացի հիմքեր։ Ուստի Իսպանիան պետք է արդարացի հիմքեր հորիներ» (Ֆրանսիս Սալիվան, ճիզվիտ, աստվածաբանության պրոֆեսոր)։

«Անարդար, անհարգալից, խայտառակ»

«Պահանջ» փաստաթուղթը կարդալու նպատակը Իսպանիայի թագավորի խիղճը հանգստացնելն էր և գաղութային նվաճումները արդարացնելը։ Կոնկիստադորները հաճախ կարդում էին հայտարարագիրը նավի տախտակամածից արշավից առաջ կամ բնիկների երկրում, որոնք չէին հասկանում եվրոպական լեզուները։ Երբեմն փաստաթուղթը կարդացվում էր դատարկ խրճիթների առաջ, որոնց տերերը սարսափած թողել էին դրանք ու փախել։

Հարկադիր դավանափոխությունը մասսայական արյունահեղությունների պատճառ դարձավ։ Օրինակ՝ արաուկացիներից մոտ 2000 մարդ սպանվեց 1550թ.-ին Չիլիում տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Իսկ մնացածների մասին կոնկիստադոր Պեդրո դե Վալդիվիան ասաց թագավորին. «Երկու հարյուր հոգու ձեռքերն ու քիթը կտրել տվեցի, քանի որ շարունակեցին համառել այն բանից հետո, երբ շատ անգամներ պատգամաբերներ ուղարկեցի նրանց մոտ և հրամաններ տվեցի [Պահանջը], ինչպես պատվիրել էր Ձերդ գերազանցությունը» *։

«Պահանջ» փաստաթուղթը թերևս հանգստացնում էր զավթիչների խիղճը։ Սակայն դա գրեթե չնպաստեց Իսպանիայի կրոնի տարածմանը։ 16-րդ դարի միսիոներ վանական Բարտոլոմե դե լաս Կասասը՝ այդ փաստաթղթի բերած հետևանքների ականատեսը, գրեց. «Որքա՜ն անարդար, անհարգալից, խայտառակ, անմիտ ու անհեթեթ էր այդ հրամանը։ Էլ չեմ խոսում, թե ի՜նչ անպատվություն դա բերեց քրիստոնեությանը»։ Տարեգիր Գոնսալո Ֆերնանդես դե Օվիեդոն ողբում էր այն բանի համար, որ Ամերիկայի բնիկների դեմ արված չարագործությունների պատճառով վերջիններս քրիստոնեության մասին շատ վատ տպավորություն ստացան։

Ճի՞շտ է արդյոք Աստծուն մեղադրել այն չարագործությունների համար, որ արել են քաղաքական ու կրոնական ուժերը իր անունից։ Աստվածաշունչն ասում է. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10

^ պարբ. 12 Որոշ աղբյուրների համաձայն՝ «Պահանջ» փաստաթուղթը անվավեր ճանաչվեց 1573թ.-ին։