Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2013

Ինչպես վերահսկել ծախսերը

Ինչպես վերահսկել ծախսերը

Բացի նրանից, որ գովազդների ճնշման տակ ենք գնումներ անում, մեր զգացումներն ու սովորությունները նույնպես կարող են նպաստել չափից շատ ծախսեր անելուն։ Ահա վեց առաջարկ, որոնք կօգնեն քեզ վերահսկելու ծախսերդ։

  1. Խուսափիր չնախատեսված գնումներ անելուց։ Սիրո՞ւմ ես գնումներ անել և ուրախանո՞ւմ ես, երբ հարմար գնով ապրանքներ ես գտնում։ Եթե այո, ապա թերևս հակված ես չնախատեսված գնումներ անելու։ Բայց որպեսզի դիմադրես, մի պահ կանգ առ ու մտածիր հետագայի մասին. որքա՞ն ժամանակ և գումար կպահանջվի այն լավ վիճակում պահելու համար։ Հիշիր անցյալում կատարած չնախատեսված գնումներդ, որոնց համար հետագայում ափսոսել ես։ Նախքան որոշում կայացնելը հանգիստ մտածիր։

  2. Խուսափիր տրամադրությունը բարձրացնելու համար գնումներ անելուց։ Գնումներ անելը կարող է ժամանակավորապես բարձրացնել տրամադրությունդ։ Բայց երբ նորից բացասական զգացումներով համակվես, քո մեջ թերևս հանգստանալու համար կրկին գնումներ անելու ավելի մեծ ցանկություն առաջանա։ Տրամադրությունը բարձրացնելու նպատակով գնումներ անելու փոխարեն՝ դիմիր ընկերներիդ օգնությանը, ֆիզիկապես ակտիվ եղիր, օրինակ՝ քայլիր։

  3.   Գնումներ մի՛ արա հաճույքի համար։ Շքեղ առևտրի կենտրոնները գնումներ կատարելը զվարճության են վերածել։ Թեև կարող ես խանութներ գնալ կամ ինտերնետում ապրանքներ նայել զուտ հաճույքի համար, սակայն հիշիր, որ դրանցից շատերն այնպես են ներկայացված, որ քո մեջ գնելու ցանկություն առաջանա։ Գնումներ արա միայն այն ժամանակ, երբ կոնկրետ գիտես, թե ինչ է քեզ անհրաժեշտ, և քո նախատեսածից ավել բան մի՛ գնիր։

  4. Զգուշորեն ընկերներ ընտրիր։ Ընկերներիդ ապրելակերպը և զրույցները մեծապես ազդում են քո ցանկությունների վրա։ Եթե շատ ես գումար ծախսում նրանցից հետ չմնալու համար, ապա այնպիսի մարդկանց հետ ընկերակցիր, ովքեր ավելի քիչ շեշտ են դնում փողի և նյութական իրերի վրա։

  5. Իմաստուն կերպով օգտագործիր կրեդիտ քարտը։ Կրեդիտ քարտով հեշտ է գնումներ անել՝ անտեսելով հետևանքները։ Ձգտիր ամեն ամիս ամբողջությամբ մարել կրեդիտ քարտով օգտագործված գումարը։ Տեղեկացիր կրեդիտ քարտիդ տոկոսադրույքների և բանկային ծառայության դիմաց վճարումների մասին։ Համեմատիր առաջարկվող վարկային պայմանները այլ կրեդիտ քարտերի պայմանների հետ, որպեսզի գտնես մատչելի տարբերակը։ Զգուշություն դրսևորիր պրեմիում քարտեր ձեռք բերելիս, որոնց վարկավորման ծախսերը մեծ են, իսկ առաջարկվող առավելությունները քեզ պետք չեն։ Խոշոր գնումները ապառիկով ձեռք բերելու փոխարեն՝ գումար հավաքիր և վճարիր կանխիկ։

  6. Իմացիր, թե ինչպիսին է ֆինանսական վիճակդ։ Հեշտ է չափից շատ ծախսել, եթե չգիտես քո ֆինանսական վիճակի մասին։ Պահիր վերջին տեղեկագրերը և տեղեկացիր քո ֆինանսների մասին։ Կազմիր ամսական ծախսերի իրական պլան՝ հաշվի առնելով քո եկամուտը և անցած ծախսերը։ Հետևիր ծախսերիդ և դրանք համեմատիր քո պլանի հետ։ Իսկ եթե ֆինանսների հետ կապված որոշ հարցեր քեզ անծանոթ են, դիմիր վստահելի ընկերոջդ օգնությանը։