Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ՉԱՓԻՑ ՇԱՏ ՉԵ՞ՆՔ ԳՆՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ

Ինչո՞ւ ենք գնումներ անում

Ինչո՞ւ ենք գնումներ անում

2012 թվականին հրապարակված մի մեծամասշտաբ հարցման համաձայն՝ հարցվողների կեսն ընդունել է, որ գնում են այնպիսի իրեր, որոնց կարիքն իրականում չունեն։ Երկու երրորդը այն կարծիքին է, որ սպառողները չափից շատ են գնումներ կատարում։ Այս դիտարկումները ճիշտ են։ Շատերը այդպես խրվում են պարտքերի մեջ։ Հետազոտողներն ասում են, որ բավարարվածության զգացում ունենալու փոխարեն՝ շատ իրեր գնելը ավելի մեծ սթրես է պատճառում, ու մենք երջանիկ չենք դառնում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք այսքան շատ գնումներ անում։

ՄԵԶ՝ սպառողներիս վրա տեղում է գովազդների տարափը։ Ո՞րն է գովազդատուների նպատակը. ցանկությունները դարձնել պահանջմունք։ Մարկետոլոգները գիտեն, որ գնորդի վարքագիծը մեծ մասամբ պայմանավորված է էմոցիաներով։ Ուստի գովազդների և շոփինգի նպատակն է հասցնել սպառողներին առավելագույն ոգևորության։

«Ինչու են մարդիկ գնում այն, ինչի կարիքը չունեն» գրքում ասվում է. «Երբ անհատը ծրագրում է ինչ-որ բան գնել, ընկնում է այդ ապրանքը փնտրելու, գտնելու և ի վերջո գնելու ֆանտազիաների գիրկը»։ Որոշ մասնագետներ ենթադրում են, որ սպառողները հաճախ այնքան են տարվում գնումներով, որ արդյունքում ադրենալինի քանակը կտրուկ բարձրանում է։ Մարկետոլոգ Ջիմ Փուլերը բացատրում է. «Եթե վաճառողը զգա, որ գնորդը այդպիսի էմոցիոնալ վիճակում է, ապա կարող է օգտվել վերջինիս ոգևորվածությունից և թուլացած դիրքերից» (Why People Buy Things They Don’t Need)։

Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել խելացի մարկետոլոգների զոհը դառնալուց։ Մի՛ տրվիր զգացմունքներիդ և համեմատիր արտադրողի խոստումներն իրականության հետ։

 ԽՈՍՏՈՒՄ. «Կբարձրացնես կյանքիդ որակը»

Բնական է, որ մարդիկ ուզում են ավելի լավ կյանքով ապրել։ Գովազդատուները ռմբակոծում են մեզ՝ հավաստիացնելով, որ մեր բոլոր ցանկությունները՝ լավ առողջություն, անվտանգություն, սթրեսից զերծ կյանք և մտերիմ հարաբերություններ, կիրականանան, եթե ճիշտ ապրանքներ գնենք։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։

Երբ մեր ունեցվածքը շատանում է, մեր կյանքի որակը, իրականում, ավելի է ընկնում։ Լրացուցիչ ժամանակ և գումար է հարկավոր բոլոր նյութական բաներին հոգ տանելու համար։ Սթրեսն ավելանում է, քանի որ պարտքեր են կուտակվում, և քիչ ժամանակ է մնում ընտանիքի ու ընկերների համար։

Երբ մեր ունեցվածքը շատանում է, մեր կյանքի որակը, իրականում, ավելի է ընկնում

Սկզբունք. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15

ԽՈՍՏՈՒՄ. «Ձեռք կբերես դիրք և հեղինակություն»

Քչերը կընդունեն, որ գնումներ են անում ուրիշներին տպավորելու համար։ Սակայն Ջիմ Փուլերը նշում է. «Երբ մարդիկ գնումներ են անում, նրանց վարքագծին բնորոշ է մրցակցելը ընկերների, հարևանների, գործընկերների և բարեկամների հետ»։ Այս պատճառով հաճախ այնպիսի ապրանքներ են գովազդվում, որոնք ունեն հաջողակ և հարուստ մարդիկ։ Այսպիսի գովազդների միջոցով սպառողին ուզում են ասել. «Դա դո՛ւ կարող ես լինել»։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։

Ուրիշների հետ համեմատվելու արդյունքում քո ինքնագնահատականը որոշելը քեզ գցում է անբավարարվածության անվերջանալի շղթայի մեջ։ Մի ցանկությունը բավարարելուց հետո քո մեջ անմիջապես մեկ ուրիշ ցանկություն է ծնվում։

Սկզբունք. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա» (Ժողովող 5։10

ԽՈՍՏՈՒՄ. «Ցույց կտաս, թե ով ես»

Մի գրքում ասվում է. «Սովորաբար նյութական ունեցվածքն օգտագործելու կամ ցուցադրելու միջոցով ենք մարդկանց ասում, թե ով ենք (կամ ինչպիսին կցանկանայինք լինել)»։ Մարկետոլոգները գիտեն դա և համագործակցում են բրենդային ապրանքներ արտադրողների՝ հատկապես շքեղ բրենդային ապրանքներ արտադրողների հետ, որոնց ապրանքները ասոցացվում են հատուկ ապրելաոճի և արժեքների հետ (Shiny Objects)։

Ի՞նչ կարծիք ունես քո մասին և ի՞նչ կարծիք ես ուզում, որ քո մասին ունենան ուրիշները։ Հատուկ ոճ ունեցող մարդո՞ւ, ատլետի՞կ մարդու։ Ինչ իմիջ էլ ցանկանաս ունենալ, մարկետոլոգները խոստանում են, որ եթե գնես բրենդային ապրանք, կդառնաս այն, ինչ ուզում ես։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։

Ոչ մի գնում չի կարող փոխել մեր իսկական էությունը կամ օժտել հրաշալի հատկություններով, օրինակ՝ ազնվությամբ և անարատությամբ։

Սկզբունք. «Թող ձեր զարդարանքը չլինի.... ոսկյա զարդեր կրելը կամ հանդերձներ հագնելը։ Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը» (1 Պետրոս 3։3, 4