Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Մայիս 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Պաշտպանվիր հանցագործներից

Պաշտպանվիր հանցագործներից

«Սովորաբար ընկերներս ինձ տուն են ուղեկցում, երբ դրսում մութ է։ Բայց մի երեկո այնքան հոգնած էի, որ տաքսի պատվիրեցի։

Վարորդն ինձ տուն չտարավ։ Փոխարենը՝ տարավ մի ամայի դաշտ ու փորձեց բռնաբարել։ Ես ողջ ձայնով սկսեցի գոռալ, և նա հետ քաշվեց։ Երբ նորից մոտեցավ, ուժգին բղավեցի ու վազեցի։

Միշտ մտածել եմ, որ նման իրավիճակներում բղավելը չի օգնի։ Բայց անձնական փորձով համոզվեցի, որ դա օգնում է» (ՔԵՐԸՆ) *։

ՇԱՏ երկրներում հանցագործությունը տարածված երևույթ է։ Մի դատավոր ասել է. «Ցավալի իրականությունն այն է, որ ասում ենք ոչ թե եթե, այլ երբ դառնաս հանցագործության զոհ»։ Ճիշտ է, որոշ վայրերում հանցագործությունը գուցե այդքան էլ տարածված չէ, սակայն խելամիտ չի լինի ինքնավստահ լինել, քանի որ ինքնավստահությունը կարող է քո խոցելի տեղը դառնալ։

Անկախ այն բանից՝ քո բնակավայրում հանցագործությունը տարածված է, թե ոչ, ինչպե՞ս կարող ես պաշտպանել քեզ ու քո սիրելիներին։ Գործնական քայլերից մեկը կլինի Աստվածաշնչի հետևյալ սկզբունքին ուշադրություն դարձնելը. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում» (Առակներ 22։3, Արարատ)։ Ոստիկանները խորհուրդ են տալիս, որ մարդիկ նախապես մտածեն, թե ինչ անեն հանցագործության զոհ չդառնալու համար։

Հանցագործության հետևանքը միայն մարմնական վնասվածք ստանալը և նյութական կորուստ ունենալը չէ։ Շատերը տառապում են երկարատև մտային և էմոցիոնալ վնասներից։ Որքա՜ն կարևոր է, ուրեմն, որ հնարավորինս մեծացնենք մեր անվտանգությունը։ Սա ի մտի ունենալով՝ քննենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որ պաշտպանվենք չորս տեսակի հանցագործությունից։ Կխոսենք կողոպուտի, սեռական բռնության, կիբեռհանցագործության և անձնական տվյալների գողության մասին։

 ԿՈՂՈՊՈՒՏ

Ի՞նչ է դա։ Կողոպուտը բռնի ուժ գործադրելով կամ սպառնալով գողություն անելն է։

Ինչպե՞ս է անդրադառնում մարդկանց վրա։ Մեծ Բրիտանիայում զինված կողոպուտի մի քանի դեպքերից հետո դատախազը նկատեց, որ թեև զոհերը ֆիզիկական վնաս չեն կրել, բայց բոլորը մտային ցավ են ապրել։ Նա նշում է. «Մի քանիսը ասացին, որ անընդհատ անհանգստության զգացում են ունենում և քնի հետ կապված խնդիրներ։ Բոլորն ասացին, որ իրենց առօրյա կյանքի վրա վատ է անդրադարձել տեղի ունեցածը»։

Ի՞նչ կարող ես անել

  • Գողերը օգտվում են ցանկացած առիթից։ Ուշադիր եղիր, թե ինչ է կատարվում շուրջդ

    Զգոն եղիր։ Գողերը օգտվում են ցանկացած առիթից։ Նրանք փնտրում են այնպիսի մարդկանց, ովքեր ոչինչ չեն կասկածում ու բոլորին վստահում են։ Ուստի հետևիր այն մարդկանց, ովքեր քեզ են հետևում, ուշադիր եղիր, թե ինչ է կատարվում շուրջդ, մի՛ մթագնիր ուղեղդ ու մի՛ բթացրու դատելու կարողությունդ՝ ալկոհոլը չարաշահելով կամ թմրադեղեր օգտագործելով։ «Երբ անհատը խմում է կամ թմրադեղ օգտագործում», նրա համար ավելի դժվար է լինում «սթափ դատել և ճիշտ կողմնորոշվել վտանգավոր իրավիճակներում»,— ասվում է մի բժշկական հանրագիտարանում։

  • Պաշտպանիր ունեցվածքդ։ Ուշադիր եղիր, որ մեքենադ և տանդ դռներն ու պատուհանները ապահով ու անվտանգ լինեն։ Երբեք անծանոթ մարդու տուն մի՛ հրավիրիր։ Թանկարժեք իրերդ տեսանելի տեղերում մի՛ թող, դրանք ի ցույց մի՛ դիր։ «Իմաստությունը համեստների հետ է»,— ասվում է Առակներ 11։2-ում։ Գողերը, այդ թվում կարիքի մեջ հայտնված երեխաները հաճախ իրենց զոհն են դարձնում այն մարդկանց, ովքեր ի ցույց են դնում իրենց թանկարժեք իրերն ու տեխնիկան։

  • Խորհուրդ հարցրու։ «Հիմարի ճանապարհը ճիշտ է իր աչքերին, բայց նա, ով խորհուրդ է լսում, իմաստուն է» (Առակներ 12։15)։ Եթե ճամփորդում ես, հետևիր տեղացիների ու իշխանությունների խորհուրդներին։ Նրանք ցույց կտան այն վայրերը, որտեղից հարկավոր է խուսափել, և կասեն, թե ինչպես կարող ես պաշտպանել քեզ ու քո իրերը։

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է դա։ Սեռական բռնությունը չի սահմանափակվում միայն բռնաբարությամբ։ Դրա մեջ կարող են մտնել սպառնալիքը, ուժ գործադրելը, վախեցնելը։

Ինչպե՞ս է անդրադառնում մարդկանց վրա։ «Ամենավատ բանն այն է, որ դա չի ազդում քեզ վրա միայն այն ժամանակ, երբ քո դեմ ոտնձգություն են կատարում,— ասում է մի կին, որը բռնաբարության զոհ է դարձել։— Երկար ժամանակ այդ հիշողությունները մնում են քեզ հետ ու հետապնդում են։ Դրանք փոխում են կյանքի նկատմամբ քո վերաբերմունքը, ինչպես նաև սիրելիներիդ կյանքը»։ Ինչ խոսք, սեռական բռնության զոհ դարձած անհատը պատասխանատու չէ դրա համար։ Այդ պատասխանատվությունը կրում է բռնություն գործադրած անհատը։

Ի՞նչ կարող ես անել

  • Մի՛ անտեսիր զգացումներդ։ «Եթե քեզ լավ չես զգում որևէ վայրում կամ որևէ անհատի ներկայությամբ, հեռացիր,— խորհուրդ է տալիս Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) ոստիկանության բաժինը։— Ոչ ոքի թույլ մի՛ տուր, որ համոզեն քեզ մնալ, եթե ներքին զգացողությունդ քեզ հակառակն է հուշում»։

  • Վստահությամբ գործիր, կենտրոնացած եղիր։ Սեքսուալ մանյակները հետևում են ոչինչ չկասկածող ու խոցելի մարդկանց։ Ուստի վստահությամբ քայլիր ու զգոն եղիր։

  • Արագ արձագանքիր։ Բղավիր (2 Օրենք 22։25–27)։ Փախիր կամ դիմադրիր՝  հակառակորդիդ հանկարծակիի բերելով։ Եթե հնարավոր է, ապահով տեղ փախիր ու զանգահարիր ոստիկանություն *։

ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է դա։ Կիբեռհանցագործությունը վերաբերում է օնլայն հանցագործությանը։ Այն ներառում է խարդախություններ հարկերի, նպաստների, կրեդիտ քարտերի հետ կապված, ինչպես նաև նախապես գումար վերցնելը այն իրերի դիմաց, որոնք այդպես էլ չեն ուղարկվում։ Կիբեռհանցագործության մեջ մտնում են նաև այնպիսի կեղծ գործարքներ, ինչպիսիք որ խարդախ ներդրումներն ու օնլայն աճուրդներն են։

Ինչպե՞ս է անդրադառնում մարդկանց վրա։ Կիբեռհարձակումը զոհերին և հասարակությանը միլիարդավոր դոլարների կորուստներ է պատճառում։ Նկատի առ Սանդրայի օրինակը։ Նա էլ. նամակ ստացավ, որում ասվում էր, որ պետք է թարմացնի իր օնլայն բանկային տվյալները։ Սանդրան մտածեց, թե նամակը ուղարկվել է իր բանկի կողմից։ Մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ նա ուղարկեց իր անձնական տվյալները, ցնցվեց, երբ իմացավ, որ 4000 ամերիկյան դոլար իր հաշվից փոխանցվել է ուրիշ բանկ։ Սանդրան անմիջապես հասկացավ, որ խարդախության զոհ է դարձել։

Ի՞նչ կարող ես անել

  • Զգույշ եղիր։ Մի՛ խաբվիր պրոֆեսիոնալ երևացող վեբ կայքերի կողմից ու հիշիր, որ օրինական ֆինանսական հաստատությունները չեն խնդրում գաղտնի տեղեկությունները ուղարկել էլ. փոստով։ Նախքան օնլայն գնումներ կամ ներդրումներ անելը ստուգիր, թե ինչ համբավ ունի տվյալ ընկերությունը։ «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»,— ասվում է Առակներ 14։15-ում։ Բացի այդ, զգույշ եղիր, երբ գործ ես ունենում ուրիշ երկրներում գտնվող ընկերությունների հետ։ Եթե խնդիրներ ծագեն, ավելի դժվար կլինի դրանք լուծել։

  • Ուսումնասիրիր այդ ընկերությունը և նրա գործելակերպը։ Հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է ընկերության հասցեն։ Հեռախոսահամարը ճի՞շտ է։ Ապրանքների գինը վերջնակա՞ն է։ Ե՞րբ եմ ստանալու պատվերը։ Հնարավո՞ր է այն վերադարձնել կամ փոխհատուցում ստանալ»։

  • Մի՛ շտապիր, երբ առաջարկը անսովոր լավն է թվում։ Օնլայն գողերի գլխավոր թիրախը ագահ մարդիկ են, ինչպես նաև նրանք, ովքեր ինչ-որ բան են ուզում ձեռք բերել գրեթե ձրի։ Խայծերը կարող են տարբեր լինել. շատ փող չնչին աշխատանքի դիմաց, վարկի կամ կրեդիտ քարտի առաջարկ, թեև դու չես համապատասխանում դրանք ունենալու պայմաններին, կամ մեծ շահույթ «չնչին ռիսկով» քո ներդրման դիմաց։ «Մի՛ շտապիր և ժամանակ հատկացրու, որ ստուգես ներդրում անելու ցանկացած առաջարկի օրինական լինելը,— ասում է ԱՄՆ առևտրի ֆեդերալ հանձնաժողովը։— Որքան մեծ է խոստացված հատուցումը, այնքան մեծ է ռիսկը։ Թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը ճնշի քեզ, որպեսզի ներդրում անես, մինչև որ չհամոզվես, որ դա օրինական է»։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է դա։ Անձնական տվյալների գողությունը ուրիշի մասին ապօրինի կերպով տեղեկություններ ձեռք բերելն ու օգտագործելն է խարդախություն անելու կամ այլ հանցանք գործելու նպատակով։

Ինչպե՞ս է անդրադառնում մարդկանց վրա։ Գողերը կարող են օգտագործել քո անձնական տվյալները, որ ձեռք բերեն կրեդիտ քարտ, վարկ վերցնեն կամ նոր հաշիվ բացեն։ Իսկ պարտքերը կկուտակվեն քո հաշվեհամարին։ Նույնիսկ եթե ի վերջո պարտքերը անվավեր դառնան, քո ֆինանսական համբավը կարող է արատավորված մնալ տարիներ շարունակ։ «Վատ կրեդիտային վարկանիշ ունենալը անդրադառնում է ամեն ինչի վրա, դա ավելի վատ է, քան փող կորցնելը»,— ասում է այդպիսի հանցագործության զոհերից մեկը։

Ի՞նչ կարող ես անել

  • Պահպանիր գաղտնի տեղեկությունները։ Եթե օնլայն դրամական գործարքներ կամ գնումներ ես անում, կանոնավորաբար փոխիր քո գաղտնաբառը, հատկապես եթե հանրային համակարգչից ես օգտվում։ Ինչպես արդեն նշվեց, ընդհանրապես մի՛ վստահիր այն էլ. նամակներին, որոնք անձնական գաղտնի տեղեկություններ են ուզում։

     Անձնական տվյալների գողերը չեն օգտվում միայն համակարգիչներից։ Նրանք փորձում են ցանկացած միջոց, որ ձեռք բերեն կարևոր փաստաթղթեր՝ բանկային հաշվետվություն, վճարագրի գրքույկ, կրեդիտ քարտեր և սոցիալական քարտեր։ Ուստի ապահով տեղում պահիր դրանք։ Թափելուց առաջ մանրացրու բոլոր գաղտնի փաստաթղթերը։ Եթե հայտնաբերես, որ որևէ փաստաթուղթ կորել կամ գողացվել է, անմիջապես հայտնիր այդ մասին։

  • Հետևիր հաշիվներիդ։ «Տեղյակ լինելը արդյունավետ զենք է.... անձնական տվյալների գողության դեմ,— նշում է ԱՄՆ առևտրի ֆեդերալ հանձնաժողովը։— Պոտենցիալ գողությունը շուտ հայտնաբերելը կարող է շատ բան փոխել»։ Ուստի կանոնավորաբար ստուգիր հաշիվներդ և զգուշացիր տարօրինակ գործարքներից։ Եթե հնարավոր է, վստահելի գործակալությունից վերցրու քո կրեդիտի հաշվետվության կրկնօրինակը և ուշադրություն դարձրու քո անվան հետ կապված հաշիվներին ու կրեդիտ քարտերին։

Անշուշտ, այսօրվա աշխարհում չկա ոչ մի երաշխիք։ Նույնիսկ ամենազգուշավոր մարդիկ են հանցագործության զոհ դարձել։ Այդուհանդերձ, միշտ օգուտ կքաղենք, եթե հետևենք Աստվածաշնչի խոսքերին. «Մի՛ թող իմաստությունը, և այն կպահպանի քեզ։ Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ» (Առակներ 4։6)։ Աստվածաշունչը խոստանում է, որ հանցագործություններին վերջ է դրվելու։

Վերջ հանցագործությանը. շուտո՛վ

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված վերացնելու է հանցագործությունը։ Նկատի առ հետևյալը։

  • Աստված ցանկանում է վերջ դնել հանցագործությանը։ «Ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում, ատում եմ կողոպուտն ու անարդարությունը» (Եսայիա 61։8

  • Նա ի զորու է վերջ դնելու հանցագործությանը։ «Նա բարձր է զորությամբ և արդարադատությունն ու արդարության առատությունը չի նսեմացնի» (Հոբ 37։23

  • Նա խոստացել է վերացնել ամբարիշտներին ու պահել արդարներին։ «Չարագործները կկործանվեն»։ «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։9, 29

  • Նա խաղաղ նոր աշխարհ է խոստացել իրեն հավատարիմ եղողներին։ «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11

Այս խոսքերը հասնո՞ւմ են սրտիդ։ Եթե այո, ժամանակ հատկացրու, որ ուսումնասիրես Աստվածաշունչը, որպեսզի ավելին իմանաս մարդկանց առնչությամբ Աստծու նպատակի մասին։ Ուրիշ ոչ մի գրքում այսքան առատ գործնական իմաստություն չկա։ Եվ ոչ մի ուրիշ գիրք իրական հույս մեզ չի տալիս հանցագործությունից զերծ ապագայի համար *։

Աստված խոստանում է խաղաղ նոր աշխարհ, որտեղ չի լինի հանցագործություն

^ պարբ. 5 Անունները փոխված են։

^ պարբ. 22 Շատ դեպքերում զոհերը ճանաչում են իրենց վրա հարձակվողին։ Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի՝ «Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական բռնությունից» գլուխը (հատ. 1, էջ 228)։ Այս գիրքը մատչելի է օնլայն www.jw.org կայքում։

^ պարբ. 44 Ավելի շատ տեղեկություններ աստվածաշնչյան կարևոր ուսմունքների մասին կարելի է գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում։ Այն կարող ես անվճար ձեռք բերել Եհովայի վկաներից կամ կարդալ օնլայն www.jw.org վեբ կայքում։