Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՅԻՍ 2013

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՌԱՔԵԼ ՀԱԼ

Հրեա կինը բացատրում է, թե ինչու է վերանայել իր համոզմունքները

Հրեա կինը բացատրում է, թե ինչու է վերանայել իր համոզմունքները

Ռաքել Հալի մայրը հրեա էր, իսկ հայրը՝ ավստրիացի, որն ընդունել էր հուդայականություն։ Մոր ծնողները սիոնիստներ էին։ Նրանք ներգաղթել էին Իսրայել 1948 թ.-ին՝ այն տարի, երբ Իսրայելը անկախություն ձեռք բերեց։ «Արթնացե՛ք»-ը հարցրել է Ռաքելին, թե ինչն է մղել նրան վերանայելու իր համոզմունքները։

— Պատմեք ձեր մասին։

— Ծնվել եմ 1979թ.-ին Միացյալ Նահանգներում։ Երբ երեք տարեկան էի, ծնողներս ամուսնալուծվեցին։ Մայրս մեծացրել է ինձ հրեական ավանդույթների համաձայն և ուղարկել եշիվա՝ հրեական դպրոց։ Երբ յոթ տարեկան էի, մեկ տարով տեղափոխվեցինք Իսրայել, ու ես սկսեցի հաճախել դպրոց կոլեկտիվ համայնքում, որը կոչվում է կիբուց։ Հետո ես ու մայրս գնացինք Մեքսիկա։

Թեև այդ տարածքում սինագոգ չկար, ես պահում էի հրեական սովորույթները։ Շաբաթ օրը մոմ էի վառում, կարդում էի մեր Թորան և աղոթում սիդդուրի, կամ՝ աղոթագրքի օգնությամբ։ Դպրոցում հաճախ դասարանցիներիս ասում էի, որ ամենաառաջինը իմ կրոնն է եղել։ Երբեք չէի կարդացել Նոր Կտակարանը, որը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի ծառայության և սովորեցրած բաների վրա։ Մայրս զգուշացնում էր ինձ, որ չկարդամ, քանի որ վախենում էր, որ դրա միջի ուսմունքները կպղծեն ինձ։

— Ինչո՞ւ որոշեցիք կարդալ Նոր Կտակարանը։

— 17 տարեկանում վերադարձա Միացյալ Նահանգներ, որ ավարտեմ ուսումս։ Այնտեղ ծանոթներիցս մեկը, որը քրիստոնյա է, ասաց ինձ, որ իմ կյանքը առանց Հիսուսի լիարժեք չի լինի։

— Հիսուսին հավատացողները կորած մարդիկ են,— պատասխանեցի ես։

— Իսկ կարդացե՞լ ես Նոր Կտակարանը,— հարցրեց նա։

— Ո՛չ,— պատասխանեցի։

— Այդ դեպքում տգիտություն չէ՞ կարծիք արտահայտել մի բանի մասին, որի վերաբերյալ ոչինչ չգիտես։

Նրա խոսքերը մինչև սրտիս խորքը խոցեցին ինձ, քանի որ միշտ հիմարություն եմ համարել  կուրորեն կարծիք հայտնելը։ Սթափված՝ վերցրի նրա Աստվածաշունչը ու սկսեցի կարդալ Նոր Կտակարանը։

— Ի՞նչ ազդեցություն թողեց կարդացածը ձեզ վրա։

— Ի զարմանս ինձ՝ հայտնաբերեցի, որ Նոր Կտակարանը գրողները հրեաներ էին։ Կարդալիս տեսնում էի, թե ինչ բարի, խոնարհ հրեա է եղել Հիսուսը, որը օգնել է մարդկանց և ոչ թե շահագործել։ Նույնիսկ գնացի գրադարան ու գրքեր վերցրի նրա մասին։ Սակայն դրանցից ոչ մեկը չհամոզեց ինձ, որ նա է Մեսիան։ Դրանցից մի քանիսում անգամ ասվում էր, որ նա Աստված է, մի տեսակետ, որը տրամաբանական չէր ինձ համար։ Ի վերջո, ո՞ւմ էր Հիսուսը աղոթում՝ ինքն իրե՞ն։ Բացի այդ, Հիսուսը մահացավ, իսկ Աստվածաշունչն Աստծու մասին ասում է. «Դու չես մահանում» *։

— Ինչպե՞ս գտաք այդ հարցերի պատասխանները։

— Ճշմարտությունը չի հակասում ինքն իրեն, ու ես վճռեցի գտնել այն։ Ուստի անկեղծորեն ու արտասվելով աղոթեցի Աստծուն և առաջին անգամ՝ առանց իմ սիդդուրի։ Չէի հասցրել ավարտել աղոթքս, երբ դռան թակոց լսեցի։ Երկու Եհովայի վկա էին։ Նրանք տվեցին ինձ մի ձեռնարկ, որի օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրում։ Այդ ձեռնարկը և Վկաների հետ հետագա զրույցները համոզեցին ինձ, որ նրանց հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Օրինակ՝ նրանք ընդունում են, որ Հիսուսը ոչ թե Երրորդության մաս է, այլ «Աստծու Որդին» * և «Աստծու ստեղծագործության սկիզբը» *։

Դրանից հետո վերադարձա Մեքսիկա, որտեղ Վկաների օգնությամբ շարունակեցի ուսումնասիրել Մեսիային վերաբերող մարգարեությունները։ Ապշել էի, թե որքան շատ են այդ մարգարեությունները։ Բայց դեռ թերահավատությամբ էի լցված։ Մտածում էի. «Արդյոք Հիսուսը միա՞կ անձնավորությունն է, որը համապատասխանում է այդ նկարագրությանը։ Գուցե նա պարզապես խելացի դերասա՞ն էր»։

— Ի՞նչը շրջադարձային եղավ ձեզ համար։

— Վկաներն ինձ որոշ մարգարեություններ ցույց տվեցին՝ բացատրելով, որ ինչ խաբեբա էլ լիներ, չէր կարող դրանք կատարել։ Օրինակ՝ Մեսիայի ծնունդից ավելի քան 700 տարի առաջ Միքիա մարգարեն ասել էր, որ նա ծնվելու էր Բեթլեհեմում (Հրեաստան) *։ Ո՞վ կարող է վերահսկել, թե որտեղ է ծնվելու։ Եսայիան գրել էր, որ Մեսիան սպանվելու էր որպես անարգված հանցագործ, բայց թաղվելու էր հարուստների հետ *։ Այս բոլոր մարգարեությունները կատարվեցին Հիսուսի վրա։

Վերջին ապացույցը Հիսուսի ծագումն էր։ Աստվածաշունչն ասել էր, որ Մեսիան լինելու էր Դավիթ թագավորի հետնորդներից *։ Հնում ապրած հրեաները պահում էին տոհմաբանական տեղեկությունների արձանագրությունները, ու եթե Հիսուսը չլիներ Դավթի շառավղից, նրա թշնամիները ողջ աշխարհին կհայտնեին այդ մասին։ Բայց նրանք նման բան չարեցին, որովհետև Հիսուսի կապը Դավթի հետ անվիճելի է։ Բազմությունը նրան նույնիսկ անվանեց «Դավթի Որդի» *։

Մ.թ. 70-ին՝ Հիսուսի մահից 37 տարի անց, հռոմեական բանակը ավերեց Երուսաղեմը, և տոհմաբանական արձանագրությունները կա՛մ կորան, կա՛մ վերացան։ Եվ որպեսզի հնարավոր լիներ ստուգել Մեսիայի տոհմաբանությունը, նա պետք է հայտնված լիներ մ.թ. 70-ից առաջ։

— Այդ ամենը ինչպե՞ս ազդեց ձեզ վրա։

2 Օրենք 18։18, 19-ում կանխագուշակվել էր, որ Աստված Իսրայելին Մովսեսի նման մի մարգարե էր տալու։ Ով «չլսի իմ խոսքերին, որոնք նա կասի իմ անունից, այդ մարդուց հաշիվ կպահանջեմ»,— ասել էր Աստված։ Երբ խորապես ուսումնասիրեցի ողջ Աստվածաշունչը, համոզվեցի, որ Հիսուս նազովրեցին հենց այդ մարգարեն է։