Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Վե՛րջ ընտանեկան բռնությանը

Վե՛րջ ընտանեկան բռնությանը

Տեսարան #1. Իզաբելի * ծնողները հյուր էին եկել։ Նրանք հրաշալի երեկո անցկացրին իրենց աղջկա և փեսայի հետ՝ հաճելի զրույցներ վարելով։ Ո՞ր ծնողը չէր հպարտանա այս տղամարդով, ում հետ ամուսնացած է իր աղջիկը։ Չէ՞ որ նա այնքան լավ է վերաբերվում իր կնոջը։

Տեսարան #2. Ֆրենկը գազազած է։ Ինչպես միշտ, նա իր բարկությունը թափում է կնոջ վրա՝ ապտակելով, աքացի տալով, մազերից քաշելով և գլուխը պատին խփելով։

ԹԵՐԵՎՍ քեզ զարմացնի այն փաստը, որ այս տեսարաններում խոսքը նույն ամուսնական զույգի մասին է։

Շատերի նման, ովքեր ընտանիքում բռնություն են գործադրում, Ֆրենկը գիտի՝ ինչպես խաղալ լավ տղամարդու դերը ուրիշների կամ իր կնոջ ծնողների ներկայությամբ։ Բայց երբ մենակ են, նա շատ դաժան մարդ է։

Ֆրենկի պես՝ շատերը մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ բռնությունը սովորական  բան է եղել։ Ու հիմա, երբ արդեն չափահաս են, մտածում են, որ իրենց վարքագիծը ընդունելի է, նույնիսկ նորմալ։ Բայց ընտանեկան բռնությունը նորմալ բան չէ։ Դա է պատճառը, որ շատերը զարհուրում են, երբ իմանում են, որ ամուսինը ծեծում է կնոջը։

Ցավոք, ընտանեկան բռնությունը տարածված երևույթ է։ Միացյալ Նահանգներում, օրինակ, մի հարցման ժամանակ պարզվեց, որ մեկ օրվա ընթացքում մեկ րոպեում ավելի քան 16 զանգ է արվում թեժ գիծ ընտանեկան բռնության զոհերի կողմից։ Ընտանիքում բռնությունը համաշխարհային համաճարակ է, որը չի խնայում մշակութային, տնտեսական կամ սոցիալական ոչ մի խմբի։ Ցավալի է, բայց բռնության բազմաթիվ դեպքերի մասին այդպես էլ չի իմացվում։ Անկասկած, իրավիճակն ավելի վատ է, քան ցույց են տալիս վիճակագրական տվյալները *։

Ընտանեկան բռնության մասին լսելով՝ մարդիկ մտածում են. «Ինչպե՞ս կարող է բանը հասնել նրան, որ տղամարդը ձեռք բարձրացնի որևէ մեկի վրա, հատկապես դաժանորեն վերաբերվի իր կնոջը։ Հնարավո՞ր է օգնել այդպիսի տղամարդկանց փոխելու իրենց վարքը»։

Եհովայի վկաները՝ այս ամսագրի հրատարակիչները, համոզված են, որ Աստվածաշնչի գործնական խորհուրդները կարող են օգնել բռնի կողակիցներին փոխելու իրենց վարքը։ Իսկ հե՞շտ է այդպիսի փոփոխություններ անել։ Ո՛չ։ Բայց հնարավո՞ր է։ Այո՛։ Աստծու Խոսքի տված կրթության շնորհիվ շատ կոպիտ մարդիկ դարձել են բարի ու հարգալից (Կողոսացիներ 3։8–10)։ Նկատի առնենք Տրոյի ու Վալերիի օրինակը։

— Ինչպիսի՞ն էին ձեր փոխհարաբերությունները սկզբում։

Վալերի. «Մեր նշանադրության օրը Տրոյը այնքան ուժեղ հարվածեց ինձ, որ մի շաբաթ  կապտուկը չէր անցնում։ Նա հազար անգամ ներողություն խնդրեց ու խոստացավ, որ նման բան էլ չի անի։ Տարիներ շարունակ լսել եմ այդ նույն խոսքերը»։

Տրոյ. «Ես միանգամից կատաղում էի, երբ ուզում էի ճաշել, բայց կինս դեռ պատրաստած չէր լինում կերակուրը։ Մի անգամ ատրճանակի կոթով խփեցի Վալերիին։ Մի օր էլ այնքան ուժեղ ծեծեցի նրան, որ մտածեցի, թե սպանել եմ։ Հետո վախեցրի նրան՝ սպառնալով, որ կսպանեմ մեր որդուն, ու դանակը դրեցի տղայիս կոկորդին»։

Վալերի. «Ես անընդհատ ահ ու սարսափի մեջ էի ապրում։ Երբեմն փախչում էի տնից, մինչև Տրոյը հանգստանար։ Ճիշտ է, նա շատ ուժեղ էր ծեծում ինձ, բայց վիրավորական խոսքերի ցավին ավելի դժվար էր դիմանալ»։

— Տրո՛յ, մի՞շտ ես բռնի եղել։

Տրոյ. «Այո՛, փոքր տարիքից։ Մեծացել եմ բռնի ընտանիքում։ Հայրս կանոնավորաբար ծեծում էր մորս իմ ու քույր-եղբայրներիս ներկայությամբ։ Երբ նա լքեց մեզ, մայրս սկսեց ապրել մի ուրիշ տղամարդու հետ, որը նույնպես ծեծում էր նրան։ Նա նաև բռնաբարեց քրոջս ու ինձ։ Այդ արարքի համար նրան բանտարկեցին։ Բայց ես հասկանում եմ, որ այս ամենը չի արդարացնում իմ վարքագիծը»։

— Վալե՛րի, իսկ ինչո՞ւ չէիր ամուսնալուծվում։

Վալերի. «Ես վախենում էի։ Մտածում էի. «Բա որ հետապնդի ու սպանի ինձ կամ ծնողների՞ս։ Իսկ եթե հայտնեմ նրա մասին, ու իրավիճակն ավելի վատանա՞»»։

— Ե՞րբ ամեն ինչ սկսվեց փոխվել։

Տրոյ. «Կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Սկզբում խանդում էի, որ նոր ընկերներ ունի, և մտածում էի, որ պետք է փրկեմ նրան այդ տարօրինակ «աղանդից»։ Ուստի ավելի դաժան դարձա ոչ միայն Վալերիի, այլև Վկաների հանդեպ։ Բայց մի օր մեր չորս տարեկան որդին՝ Դանիելը, որը նոպաներ էր ունենում, երեք շաբաթով հիվանդանոց պառկեց։ Այդ ընթացքում Վկաները այնքան բան արեցին մեզ համար, նույնիսկ հոգ տարան մեր վեցամյա աղջկա՝ Դազերայի մասին։ Մի Վկա էլ ամբողջ գիշեր աշխատելուց հետո օրն անցկացրեց Դանիելի հետ, որ Վալերին կարողանա մի քիչ քնել։ Բարի վերաբերմունքը, որ դրսևորեցին այդ մարդիկ, որոնց մի ժամանակ շատ էի վիրավորել, ինձ խորապես տպավորեց։ Ես հասկացա, որ նրանք իսկական քրիստոնյաներ են, ուստի հարցրի Վկաներին, թե ինձ հետ էլ Աստվածաշունչ կուսումնասիրեն։  Ուսումնասիրության ընթացքում սովորեցի, թե ինչպես պետք է տղամարդը վերաբերվի իր կնոջը և ինչպես չպետք է վերաբերվի։ Ես մեկընդմիշտ փոխեցի դաժան ու անգութ վարքագիծս։ Ի վերջո, դարձա Եհովայի վկա»։

— Աստվածաշնչյան սկզբունքների շնորհիվ ի՞նչ փոփոխություններ արեցիր։

Տրոյ. «Դրանք այնքան շատ են։ 1 Պետրոս 3։7-ը ասում է, որ ես պետք է «պատիվ» տամ իմ կնոջը։ Գաղատացիներ 5։23-ը հորդորում է «մեղմություն» և «ինքնատիրապետում» դրսևորել։ Եփեսացիներ 4։31-ը դատապարտում է «վիրավորական խոսքը»։ Եբրայեցիներ 4։13-ը ասում է, որ «բոլոր բաները.... բացահայտ են» Աստծու համար։ Այսինքն՝ Աստված տեսնում է իմ վարքը, նույնիսկ եթե հարևաններս չեն տեսնում։ Ես նաև սովորեցի, որ պետք է փոխեմ ընկերական շրջապատս, քանի որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Իմ նախկին ընկերները ինձ դրդում էին բռնություն գործադրելու։ Նրանք մտածում էին, որ պետք է կնոջդ ծեծես, որ կարողանաս «բռիդ մեջ» պահել»։

— Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է հիմա քո ամուսնությունը։

Վալերի. «Արդեն 25 տարի է, ինչ Տրոյը Եհովայի վկա է։ Այս տարիների ընթացքում նա անկեղծ սեր, բարություն և ուշադրություն է դրսևորել իմ հանդեպ»։

Տրոյ. «Ես չեմ կարող ջնջել այն ցավն ու տառապանքը, որ կրել է իմ ընտանիքը։ Կինս էլ, անխոս, արժանի չի եղել այն վերաբերմունքին, որ դրսևորել եմ նրա հանդեպ։ Բայց ես սպասում եմ Եսայիա 65։17-ի կատարմանը, երբ մեր կյանքի այս «սև» էջը այլևս չենք հիշի»։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն ընտանիքներին, որոնցում բռնություն է գործադրվում։

Տրոյ. «Եթե վիրավորում և բռնություն ես գործադրում ընտանիքում, ընդունիր, որ օգնության կարիք ունես և օգնություն խնդրիր։ Շատ կերպեր կան, որոնք կարող են օգնել քեզ։ Ես, օրինակ, Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու և նրանց հետ ընկերակցելու շնորհիվ կարողացա ձերբազատվել բռնության արմատացած հակումից»։

Վալերի. «Մի՛ համեմատիր քո իրավիճակը ուրիշների իրավիճակի հետ ու մի՛ հետևիր այն մարդկանց խորհուրդներին, որոնք կարծում են, թե գիտեն՝ ինչն է լավագույնը քեզ համար։ Թեև բոլոր դեպքերում չէ, որ խնդիրը նույն լուծումն է ստանում, բայց ես ուրախ եմ, որ չեմ հեռացել ամուսնուցս, քանի որ օրհնություն եմ համարում այն փոխհարաբերությունները, որ ունենք հիմա»։

ՎԵ՛ՐՋ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

Աստվածաշնչի ուսումնասիրությունը շատ զույգերի է օգնել փոփոխություններ անելու

Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Տրոյի նման՝ շատ բռնի տղամարդիկ են կիրառել Աստվածաշնչի խորհուրդը և փոխել իրենց մտածելակերպն ու վարքը։

Ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ այն մասին, թե ինչպես Աստվածաշունչը կարող է օգնել պահպանելու ամուսնությունը։ Լրացուցիչ տեղեկության համար կապ հաստատիր Եհովայի վկաների հետ կամ այցելիր www.jw.org կայք։

^ պարբ. 3 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 8 Պետք է ընդունել, որ շատ տղամարդիկ ծեծվում են կնոջ կողմից։ Սակայն ըստ հաշվետվությունների՝ մեծ մասամբ բռնություն գործադրվում է հենց տղամարդկանց կողմից։