Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2013

 ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Ռոբերտ Բոյլ

Ռոբերտ Բոյլ

Պատմություն սիրողները թերևս հիշեն Ռոբերտ Բոյլին որպես մի գիտնականի, որի անունով կոչվում է Բոյլի օրենքը։ Դա բնական օրենք է, որը բացատրում է գազերի ճնշման ու ծավալի փոխազդեցությունը։ Նրա կարևոր հայտնագործությունները հիմք են հանդիսացել գիտական առաջընթացի համար։ Սակայն Ռոբերտ Բոյլը միայն գիտնական չէր։ Նա մեծ հավատ ուներ Աստծու և նրա ներշնչված Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ։

ԲՈՅԼԸ ծնվել է 1627թ.-ին Լիսմորի դղյակում (Իռլանդիա)։ Դա այն ժամանակաշրջանի սկիզբն էր, որը պատմաբանները կոչում են տրամաբանության դար՝ դարաշրջան, երբ մտածող մարդիկ փորձեցին ազատել մարդկանց մոլեռանդությունից, որը դարեր շարունակ գերության մեջ էր պահել նրանց։ Բոյլը նույնպես այդ նպատակին ծառայեց։ Իր վաղ տարիների ինքնակենսագրության մեջ նա իրեն կոչել է Ֆիլարետուս, ինչը նշանակում է «առաքինություն սիրող»։

Բոյլը և՛ ցանկություն ուներ իմանալու ճշմարտությունը, և՛ մեծ փափագ ուրիշներին պատմելու այն ամենը, ինչ իմանում էր։ Նա դարձավ բեղմնավոր գրող, որի աշխատությունները մեծ ազդեցություն թողեցին իր ժամանակակիցներից շատերի, այդ թվում հայտնի գիտնական Իսահակ Նյուտոնի վրա։ 1660-ին Բոյլը դարձավ Թագավորական ընկերության հիմնադիրներից մեկը, որը Լոնդոնում դեռևս գոյություն ունեցող գիտական հաստատություն է։

ԳԻՏՆԱԿԱՆ

Բոյլին համարում են քիմիայի հայրը։ Ի տարբերություն իր օրերի ալքիմիկոսների՝ նա բոլորովին այլ մոտեցում ուներ։ Նրանք իրենց հայտնագործությունները գաղտնի էին պահում կամ էլ գրում էին անհասկանալի տերմիններով, որոնք իրենց փակ շրջանից դուրս շատ քչերը կարող էին հասկանալ։ Իսկ Բոյլը բացահայտորեն հրապարակեց իր աշխատանքի բոլոր մանրամասները։ Ավելին, փոխանակ ընդունելու երկար ժամանակ գոյություն ունեցող հիպոթեզները՝ նա կարծում էր, որ ավելի ճիշտ կլինի վերահսկվող փորձերի միջոցով հաստատել փաստերը։

 Բոյլի փորձերը թիկունք էին կանգնում այն մտքին, որ նյութը կազմված է կորպուսկուլներից՝ որոշ տեսակի մասնիկներից, որոնք տարբեր կերպերով միաձուլվում են՝ կազմավորելու տարատեսակ մատերիաներ։

Բոյլը գիտական հետազոտությունների վերաբերյալ իր մոտեցումը ամփոփեց իր հայտնի գրքում՝ «Քիմիկոս-սկեպտիկ»-ում։ Դրանում նա խորհուրդ է տալիս, որ գիտնականները չգոռոզանան, չլինեն դոգմատիկ և ընդունեն իրենց սխալները։ Բոյլը պնդում էր, որ ովքեր արմատացած տեսակետներ ունեն, պետք է տարբերեն այն բաները, որ գիտեն, թե ճիշտ են, և այն բաները, որ կարծում են, թե ճիշտ են։

Բոյլը պնդում էր, որ ովքեր արմատացած տեսակետներ ունեն, պետք է տարբերեն այն բաները, որ գիտեն, թե ճիշտ են, և այն բաները, որ կարծում են, թե ճիշտ են

ՀԱՎԱՏԻ ՏԵՐ ՄԱՐԴ

Բոյլը նույն մոտեցումը ցուցաբերեց նաև հոգևոր հարցերի առնչությամբ։ Այն, ինչ բացահայտեց տիեզերքի և կենդանի արարածների հրաշալի կառուցվածքի մասին, համոզեց նրան, որ պետք է գոյություն ունենա Նախագծող և Արարիչ։ Ուստի նա մերժեց աթեիզմը, որը գնալով մեծ տարածում էր գտնում իր օրերի մտավորականների շրջանում։ Բոյլի կարծիքով՝ նա, ով ազնվորեն է գործի դնում տրամաբանելու կարողությունը, չի կարող չհավատալ Աստծուն։

Սակայն Բոյլը չէր կարծում, որ մարդու առողջ դատողությունն է ճշմարիտ լուսավորության միակ ուղին։ Նա մտածում էր, որ մարդիկ Աստծուց հայտնություն ստանալու կարիք ունեն։ Այդ հայտնությունը, ըստ նրա, Աստծու Խոսքն է՝ Աստվածաշունչը։

Բոյլին անհանգստացնում էր այն, որ շատերը ծանոթ չէին Աստվածաշնչի ուսմունքներին և լուրջ հիմքեր չունեին իրենց կրոնական հավատալիքների համար։ Նա հարցնում էր, թե ինչպես կարող է ճիշտ համարվել այն, որ անհատի կրոնական հավատալիքները հիմնված են միայն ծնողների հավատալիքների կամ իր ծննդավայրում ընդունված համոզմունքների վրա։ Բոյլը լցվեց ուժգին ցանկությամբ օգնելու մարդկանց խորացնելու աստվածաշնչյան գիտելիքները։

Ուստի նա ֆինանսական աջակցություն ցուցաբերեց, որ Աստվածաշունչը տպագրվի մի քանի լեզուներով։ Այդ թվում Հյուսիսային Ամերիկայի բնիկների որոշ լեզուներով, ինչպես նաև արաբերեն, իռլանդերեն, մալայերեն և թուրքերեն։ Ռոբերտ Բոյլը շնորհալի, բայց խոնարհ մարդ էր, որն անհագ ցանկություն ուներ բոլոր հարցերի հետ կապված գտնելու ճշմարտությունը և օգնելու մարդկանց նույն կերպ վարվելու։