Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպես լավ հայր լինել

Ինչպես լավ հայր լինել

«Ո՞րն էր իմ սխալը»։ Այս հարցը տանջում է Մայքլին *, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է ապրում։ Նա ցանկացել է լավ հայր լինել, բայց ամեն անգամ, երբ մտածում է իր 19-ամյա ըմբոստ որդու մասին, ուզում է հասկանալ, թե ինչպես կարող էր ավելի լավ ծնող լինել։

Իսկ Թերին, որն ապրում է Իսպանիայում, այս հարցում հաջողությունների է հասել։ Նրա որդին՝ Էնդրյուն, ասում է. «Հիշում եմ, որ երբ փոքր էի, հայրս միշտ կարդում էր ինձ համար, խաղում էր ինձ հետ ու ճամփորդելիս ինձ տանում էր իր հետ, և այդպես մենք միասին ժամանակ էինք անցկացնում։ Նա նաև օգնեց ինձ սովորելը հաճելի բան դարձնել իմ կյանքում»։

Ինչ խոսք, հեշտ չէ լավ հայր լինել։ Սակայն կան հիմնական սկզբունքներ, որոնք կարող են օգնել։ Բազմաթիվ հայրեր նկատել են, որ երբ իրենք և իրենց ընտանիքները առաջնորդվում են Աստվածաշնչի իմաստությամբ, մեծ օգուտներ են քաղում։ Քննենք մի քանի սուրբգրային սկզբունքներ, որոնք կարող են օգնել հայրերին։

 1. Ժամանակ տրամադրիր ընտանիքիդ

Ինչպե՞ս ես ցույց տալիս երեխաներիդ, որ նրանք կարևոր են քեզ համար։ Անխոս, շատ բաներ ես անում զավակներիդ համար, ինչպես նաև զոհողությունների ես գնում, որ սննդով ու կացարանով ապահովես նրանց։ Դու չէիր անի դա, եթե նրանք կարևոր չլինեին քեզ համար։ Սակայն եթե բավականաչափ ժամանակ չտրամադրես երեխաներիդ, նրանք կարող են մտածել, թե քեզ համար ավելի շատ ուրիշ բաներն են կարևոր, օրինակ՝ աշխատանքդ, ընկերներդ, նախասիրություններդ։

Երբ հայրը պետք է սկսի ժամանակ տրամադրել երեխային։ Մայրը փոխհարաբերություններ է զարգացնում փոքրիկի հետ, երբ նա դեռ իր արգանդում է։ Բեղմնավորումից 16 շաբաթ հետո չծնված երեխան սկսում է լսել։ Այս փուլում հայրը նույնպես կարող է իր յուրահատուկ հարաբերությունները հաստատել նրա հետ։ Նա կարող է լսել երեխայի սրտի բաբախյունը, զգալ, թե ինչպես է տոտիկներով խփում մոր որովայնին, խոսել նրա հետ, երգել նրա համար։

Աստվածաշնչյան սկզբունք։ Աստվածաշնչյան ժամանակներում հայրերը նույնպես մեծ դեր ունեին երեխայի դաստիարակության մեջ։ Նրանց հորդոր էր տրվում կանոնավորաբար ժամանակ անցկացնել երեխաների հետ, ինչը երևում է 2 Օրենք 6։6, 7 համարներից. «Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում»։

2. Լավ հայրը լավ լսող է

Լսիր հանգիստ՝ առանց քննադատելու

Որպեսզի արդյունավետորեն հաղորդակցվես երեխաներիդ հետ, պետք է ուշադիր լսող լինես։ Պետք է սովորես լսել՝ առանց սուր արձագանքելու։

Եթե երեխաներդ գիտեն, որ արագ կորցնում ես ինքնատիրապետումդ և քննադատող ես, դժվար թե մղվեն պատմելու քեզ իրենց զգացմունքների մասին։ Բայց եթե հանգիստ լսես, ցույց կտաս, որ անկեղծորեն հետաքրքրված ես նրանցով։ Նրանք էլ կասեն քեզ իրենց թանկ մտքերն ու նվիրական զգացումները։

Աստվածաշնչյան սկզբունք։ Սուրբ Գրքի իմաստությունը օգնում է առօրյա կյանքի տարբեր բնագավառներում։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Այն հայրերը, որոնք կիրառում են այս սկզբունքը, ավելի լավ են կարողանում հաղորդակցվել իրենց երեխաների հետ։

 3. Սիրով դաստիարակիր և գովիր

Նույնիսկ երբ հիասթափված ես կամ զայրացած, խրատիր սիրուց մղված, որպեսզի երեխադ հարատև օգուտներ ստանա։ Դու պետք է խորհուրդ տաս, ուղղես նրան, կրթես ու, երբ անհրաժեշտ է, պատժես։

Բացի այդ, խրատը շատ ավելի արդյունավետ է լինում, երբ հայրը կանոնավորաբար գովում է իր երեխային։ Հին մի առակ ասում է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են» (Առակներ 25։11)։ Գովասանքը նպաստում է, որ երեխայի մեջ լավ հատկություններ զարգանան։ Նրանք ասես փթթում են, երբ իրենց վստահում են, երբ զգում են, որ իրենց գնահատում են։ Այն հայրը, որը առիթներ է փնտրում գովելու, օգնում է երեխային, որ նրա մեջ ինքնավստահություն զարգանա, և մղում է նրան թևաթափ չլինելու, այլ ձգտելու անել այն, ինչ ճիշտ է։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21

4. Սիրիր ու հարգիր կնոջդ

Այն, թե ինչպես է հայրը վերաբերվում իր կնոջը, անդրադառնում է երեխաների վրա։ Երեխայի զարգացումն ուսումնասիրող փորձագետների մի խումբ բացատրում է. «Լավագույն բաներից մեկը, որ հայրը կարող է անել իր երեխաների համար, նրանց մորը հարգելն է.... Երբ հայրն ու մայրը հարգանքով են վերաբերվում իրար, ու երեխաները տեսնում են դա, նրանք իրենց երջանիկ ու սիրված են զգում» (The Importance of Fathers in the Healthy Development of Children) *։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց.... Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը» (Եփեսացիներ 5։25, 33

 5. Սովորեցրու սիրել Աստծուն

Հայրը, որը անկեղծորեն սիրում է Աստծուն, կարող է իր երեխաներին ամենաթանկ ժառանգությունը տալ՝ մտերիմ հարաբերություններ իրենց երկնային Հոր հետ։

Անտոնիոն, որը Եհովայի վկա է և մեծացրել է վեց երեխաների, հետևյալ գրությունը ստացավ իր աղջիկներից մեկից. «Սիրելի՛ հայրիկ, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ սովորեցրել ես սիրել Եհովա Աստծուն, ինքս ինձ և մերձավորիս ու լինել հավասարակշռված մարդ։ Դու ցույց ես տվել, որ սիրում ես Եհովային ու հոգ ես տանում իմ մասին անհատապես։ Շնորհակալ եմ, որ Եհովային առաջին տեղում ես դրել քո կյանքում և երեխաներիդ համարել ես Աստծուց ստացած պարգև»։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։ Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն» (2 Օրենք 6։5, 6

Անշուշտ, լավ հայր լինելու համար այս հինգ կետերին հետևելուց ավելին է հարկավոր անել։ Իրականում, եթե անգամ փորձում ես քո լավագույնն անել լավ հայր լինելու համար, չես կարող կատարյալ հայր լինել։ Բայց քանի դեռ սիրով ու հավասարակշռված կերպով ես կիրառում այս սկզբունքները, դու կարող ես լավ հայր լինել *։

^ պարբ. 3 Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։

^ պարբ. 19 Նույնիսկ եթե հայրը բաժանված է իր երեխաների մորից, մոր հետ երեխաների փոխհարաբերությունների վրա լավ կանդրադառնա հոր հարգալից և արժանապատիվ վերաբերմունքը նրա հանդեպ։

^ պարբ. 25 Ընտանեկան կյանքի վերաբերյալ առաջնորդության համար տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը www.jw.org կայքում։

 

Իմացիր ավելին

Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ երջանիկ ընտանիք ունենալ

Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները օգնել են միլիոնավոր տղամարդկանց և կանանց երջանիկ ընտանիք ունենալ։