Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Փետրվար 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ավելի լավ կյանքի որոնման ճանապարհին

Ավելի լավ կյանքի որոնման ճանապարհին

Ավելի լավ կյանքի որոնման ճանապարհին

ՋՈՐՋԸ հուսահատված էր։ Նա չէր կարողանում իր ընտանիքին բավարար սննդով ապահովել։ Այդ նույն ընթացքում հարևանները հիվանդանում էին, ոմանք էլ սովահար էին լինում։ Իսկ հարյուրավոր կիլոմետրեր դեպի հարավ գտնվում էր ավելի հարուստ մի երկիր։ «Ես կգնամ արտասահման, աշխատանք կգտնեմ, հետո ընտանիքիս ինձ մոտ կկանչեմ»,— մտածեց նա։

Պատրիսիան նույնպես երազում էր արտասահմանում լավ կյանք ունենալու մասին։ Նա ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ էլ կյանքը բարելավելու հեռանկար։ Պատրիսիան և իր ընկերը որոշել էին տեղափոխվել Իսպանիա՝ անցնելով Նիգերիայից Ալժիր։ Նրանք չգիտեին, թե որքան դժվար է ճանապարհորդել Սահարա անապատով։ «Ես հղի էի,— ասում է նա,— և որոշել էի, որ երեխաս ավելի լավ կյանքով պիտի ապրի»։

Ռեյչլը ցանկանում էր նոր կյանք սկսել Եվրոպայում։ Նա կորցրել էր իր աշխատանքը Ֆիլիպիններում։ Նրա հարազատները վստահեցնում էին, որ սպասուհու գործը արտերկրում լավ է վարձատրվում։ Ռեյչլը պարտքով գումար վերցրեց ինքնաթիռի տոմս գնելու համար ու հրաժեշտ տվեց իր ամուսնուն և աղջկան՝ խոստանալով. «Շուտով կտեսնվենք»։

Ըստ հաշվարկների՝ վերջին տասնամյակներում ավելի քան 200 միլիոն մարդ, ինչպես Ջորջը, Պատրիսիան և Ռեյչլն են, տեղափոխվել են արտասահման։ Թեև ոմանք փախել են պատերազմներից, բնական աղետներից կամ հալածանքից, հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են։ Ի՞նչ խնդիրների են բախվում արտագնա աշխատողները։ Արդյոք բոլո՞րն են սկսում ապրել ավելի լավ կյանքով։ Ինչպե՞ս են երեխաները հարմարվում, երբ ծնողները հեռանում են՝ լավ կյանք որոնելու։ Նկատի առ այս հարցերի պատասխանները։

Տեղ հասնել և հաստատվել

Արտասահման տեղափոխվելու առաջին դժվարությունը ճանապարհորդությունն է։ Ջորջը, որի մասին խոսեցինք առաջին հոդվածում, հարյուրավոր կիլոմետրեր անցավ՝ առանց բավականաչափ ուտելիք ունենալու։ «Ճանապարհորդությունը սարսափելի մղձավանջ էր»,— հիշում է նա։ Բազմաթիվ արտագնա աշխատողներ անգամ չեն էլ հասնում իրենց նշանակետին։

Պատրիսիայի նպատակն էր հասնել Իսպանիա։ Նա Սահարա անապատը անցավ բաց բեռնատար մեքենայով։ «Նիգերիայից Ալժիր ճանապարհորդությունը տևեց մեկ շաբաթ, իսկ բեռնատարում խցկված էին 25 մարդ։ Ճանապարհին տեսանք շատ դիակներ, ինչպես նաև մարդկանց, որոնք թափառում էին անապատում՝ սպասելով իրենց մահին։ Ակներևաբար, որոշ վարորդներ անգթորեն թողել էին ուղևորներին կես ճամփին»։

Ի տարբերություն Ջորջի և Պատրիսիայի՝ Ռեյչլը ինքնաթիռով հասավ Եվրոպա, որտեղ պիտի աշխատեր որպես սպասուհի։ Բայց նա չէր էլ կարող պատկերացնել, թե ինչքան էր կարոտելու իր երկու տարեկան աղջկան։ «Ամեն անգամ, երբ տեսնում էի, թե ինչպես է մայրը հոգ տանում իր փոքրիկին, սիրտս կտոր-կտոր էր լինում»,— հիշում է նա։

Ջորջը պետք է հարմարվեր նոր երկրի պայմաններին։ Ամիսներ անցան, մինչև կարողացավ փող ուղարկել տուն։ «Շատ անքուն գիշերներ եմ անցկացրել, լաց եմ եղել, տխրել, տառապել մենակության զգացումից»,— ասում է նա։

Ալժիրում մի քանի ամիս մնալուց հետո Պատրիսիան հասավ Մարոկկոյի սահմանին։ Նա պատմում է. «Այդտեղ լույս աշխարհ բերեցի իմ աղջկան։ Ստիպված էի թաքնվել թրաֆիքինգով զբաղվողներից, որոնք առևանգում էին արտագնա աշխատանքի եկած կանանց և ստիպում էին անբարոյությամբ զբաղվել։ Ի վերջո բավարար գումար ձեռք բերեցի և վտանգավոր ծովային ճանապարհով անցա Իսպանիա։ Նավը նախատեսված չէր շատ ուղևորներ փոխադրելու համար։ Ստիպված էինք ջուրը նավից դատարկել մեր կոշիկներով։ Երբ հասանք Իսպանիա, ես այլևս քայլելու ուժ չունեի»։

Ինչ խոսք, արտագնա աշխատողները ճանապարհորդության հետ կապված հնարավոր վտանգներից բացի, պետք է ավելի շատ բան հաշվի առնեն, օրինակ՝ նոր երկրի լեզվական և մշակութային խնդիրները, ինչպեսև թե ինչ կարժենան օրինական քաղաքացիություն կամ մշտական բնակություն ձեռք բերելու ծախսերը և դրանց հետ կապված իրավական հարցերը։ Այն մարդիկ, որոնց չի հաջողվել օրինական կարգավիճակ ձեռք բերել, դժվարություններ են ունեցել լավ աշխատանք, տուն, կրթություն կամ որակյալ բուժօգնություն ստանալու հետ կապված։ Խնդիրներ են ունեցել նաև վարորդական իրավունք ստանալու կամ բանկային հաշիվ բացելու հարցում։ Շատ հաճախ նրանք, ովքեր փաստաթղթեր չեն ունենում, շահագործվում են՝ դառնալով էժան աշխատուժ։

Մեկ այլ գործոն, որը պետք է հաշվի առնել, փողն է։ Իրոք, արժե՞ ապավինել դրան։ Աստվածաշունչը իմաստուն խորհուրդ է տալիս. «Հարստություն ձեռք բերելու համար տքնաջան մի՛ աշխատիր.... Այն անպայման արծվի թևերի պես թևեր կշինի իր համար և դեպի երկինք կթռչի» (Առակներ 23։4, 5)։ Նաև մի՛ մոռացիր, որ մեր ամենակարևոր կարիքները  փողով չենք կարող գնել, օրինակ՝ սեր, էմոցիոնալ ապահովություն և ընտանեկան միասնություն։ Որքա՜ն ցավալի է, որ ծնողները փող աշխատելու ցանկությունը ավելի կարևոր են համարում իրար հանդեպ ունեցած սիրուց կամ երեխաների նկատմամբ ունեցած «բնական կապվածությունից» (2 Տիմոթեոս 3։1–3

Բացի այդ, մարդիկ ստեղծված են հոգևոր կարիքներով (Մատթեոս 5։3)։ Ուստի պատասխանատվության զգացում ունեցող ծնողները ամեն ջանք ներդնում են, որ կատարեն Աստծու կողմից իրենց վստահված պարտականությունը՝ սովորեցնել երեխաներին Աստծու, նրա նպատակների ու չափանիշների մասին (Եփեսացիներ 6։4

 Միավորված ընտանիք. փողից կարևոր

Արտագնա աշխատողների պատմությունները տարբեր են, բայց դրանցից շատերը նման ավարտ են ունենում, ինչպես տեսնում ենք Ջորջի, Ռեյչլի և Պատրիսիայի օրինակներից։ Երեխաները տանջվում են, երբ ծնողները մեկնում են ուրիշ երկիր, կողակցի հեռանալը ցավ է պատճառում մյուսին։ Ու տարիներ կարող են անցնել, մինչև ընտանիքը նորից կմիավորվի։ Ջորջի ընտանիքի պարագայում դա չորս տարուց ավել տևեց։

Ռեյչլը ի վերջո վերադարձավ Ֆիլիպիններ, որ միանա իր աղջկան մոտ հինգ տարի տևած բաժանումից հետո։ Պատրիսիան հասավ Իսպանիա իր փոքրիկ աղջկա հետ։ «Նա էր իմ ընտանիքը, ուստի ես պետք է լավ հոգ տանեի նրա մասին»,— ասում է նա։

Բազմաթիվ արտագնա աշխատողներ ուզած-չուզած մնում են նոր երկրում՝ չնայած մենակությանը, տնտեսական վատ վիճակին և ընտանիքի հետ երկարատև բաժանմանը։ Նրանք շատ բան են ներդնում՝ ժամանակ, էներգիա և փող, ու երբ գործերը լավ չեն գնում, քչերն են քաջություն ունենում ընդունելու դա և վերադառնալու տուն՝ կրելու ամոթն ու նվաստացումը։

Ալենը, որը Ֆիլիպիններից է, քաջություն ունեցավ վերադառնալու։ Նա լավ աշխատանք գտավ Իսպանիայում, բայց 18 ամիս հետո վերադարձավ տուն։ «Ես շատ էի կարոտել կնոջս և փոքր աղջկաս,— ասում է նա։— Ուստի որոշեցի, որ այլևս չեմ աշխատելու արտասահմանում, մինչև ընտանիքիս հետ չկարողանամ տեղափոխվել։ Եվ մենք ի վերջո այդպես էլ արեցինք։ Ընտանիքը փողից կարևոր է»։

Մի բան էլ կա, որ փողից կարևոր է, ինչպես հասկացավ Պատրիսիան։ Նա ժամանեց Իսպանիա՝ Նոր Կտակարանը ձեռքին։ «Ես հավատում էի, որ այդ գիրքն ինձ հաջողություն կբերի,— ասում է նա։— Հետո հանդիպեցի մի կնոջ, որը Եհովայի վկա է։ Առաջներում ինձ չէին հետաքրքրում նրանք։ Բայց այս անգամ շատ հարցեր տվեցի այդ կնոջը՝ փորձելով ապացուցել, որ նրա հավատալիքները սխալ են։ Սակայն նա կարողացավ պաշտպանել իր համոզմունքները և իմ հարցերին պատասխանել Աստվածաշնչով»։

Պատրիսիան սովորեց, որ հարատև երջանկություն և ապագայի իրական հույս ունենալը կախված չէ տեղից կամ փողից, այլ Աստծուն ճանաչելուց և նրա նպատակներին տեղյակ լինելուց (Հովհաննես 17։3)։ Պատրիսիան սովորեց, որ ճշմարիտ Աստված անուն ունի՝ Եհովա (Սաղմոս 83։18)։ Նա նաև կարդաց Աստվածաշնչում, որ Աստված շուտով կվերացնի աղքատությունը իր Թագավորության միջոցով, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է (Դանիել 7։13, 14)։ «[Հիսուսը] կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին»,— ասվում է Սաղմոս 72։12, 14-ում։

Արժե՛ ժամանակ հատկացնել Աստվածաշունչն ուսումնասիրելու համար։ Աստվածային իմաստություն պարունակող այս գիրքը կօգնի քեզ ողջամիտ առաջնահերթություններ դնելու կյանքում, խելամիտ որոշումներ կայացնելու և ցանկացած դժվարություն ուրախությամբ և հույսով տանելու (Առակներ 2։6–9, 20, 21