Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2013

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Ինչպես հաղորդակցվել պատանի երեխայիդ հետ

Ինչպես հաղորդակցվել պատանի երեխայիդ հետ

ԽՆԴԻՐ

Երբ փոքր երեխա էր, ամեն ինչ պատմում էր ձեզ։ Երբ պատանի դարձավ, ոչինչ չի պատմում։ Իսկ երբ փորձում եք խոսել նրա հետ, նա կա՛մ կարճ պատասխաններ է տալիս, կա՛մ վեճի վերածում խոսակցությունը, և ձեր տունը դառնում է մարտադաշտ։

Դուք կարո՛ղ եք սովորել խոսել ձեր պատանի երեխայի հետ։ Բայց հաշվի առեք երկու գործոն, որ կարող են խնդիրներ հարուցել։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Անկախության ձգտում։ Պատասխանատվության զգացում ունեցող չափահաս անձնավորություն դառնալու համար ձեր պատանին պետք է փոխաբերական իմաստով աստիճանաբար ուղևորի աթոռից տեղափոխվի վարորդի աթոռ և սովորի վարել կյանքի վտանգավոր ճանապարհներով։ Ինչ խոսք, որոշ պատանիներ ավելի շատ ազատություն են ուզում ձեռք բերել, մյուս կողմից, սակայն, որոշ ծնողներ շատ քիչ ազատություն են տալիս երեխաներին։ Եվ այս ամենի արդյունքում առաջացած պատերազմը կարող է մեծ իրարանցում ստեղծել ծնող-երեխա հարաբերության մեջ։ 16-ամյա Բրեդը * բողոքում է. «Ծնողներս ամեն փոքր բան վերահսկում են։ Եթե նրանք ինձ ավելի շատ ազատություն չտան մինչև 18 տարեկան դառնալս, ես կհեռանամ տնից»։

Տրամաբանելու ունակություն։ Փոքր երեխաները ամեն բան սև ու սպիտակ են պատկերացնում, նրանք մտածում են, որ տվյալ բանը կա՛մ ճիշտ է, կա՛մ սխալ, մինչդեռ պատանիները կարող են ավելի խոր ձևով նայել տվյալ երևույթին։ Սա տրամաբանելու ունակության կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը օգնում է պատանուն ողջամտություն զարգացնելու։ Բերենք օրինակ։ Փոքր երեխայի համար արդարության գաղափարը շատ պարզ է։ Նա այսպես է մտածում. «Մայրիկը թխվածքը երկու մասի կբաժանի և մի մասը ինձ կտա, իսկ մյուսը՝ եղբորս»։ Այս դեպքում արդարությունը մաթեմատիկական ֆորմուլա է։ Սակայն պատանիները հասկանում են, որ այս գաղափարը այդքան էլ պարզ չէ։ Ի վերջո, արդար վերաբերմունքը միշտ չէ, որ հավասար է դրսևորվում, և հավասար վերաբերմունքը միշտ չէ, որ արդար է լինում։ Տրամաբանելու ունակությունը օգնում է ձեր պատանուն պայքար մղելու նման բարդ հարցերը վերլուծելիս։ Բայց այս պարագայում կա նաև բացասական կողմ. այդ ունակությունը կարող է դրդել նրան պայքարի մեջ մտնելու ձեզ հետ։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Ընկերական զրույցներ։ Օգտվեք առօրյա իրավիճակներից։ Որոշ ծնողներ նկատել են, որ պատանիները ավելի շատ հակված են խոսելու, անկեղծանալու, երբ միաժամանակ ինչ-որ գործ են անում կամ երբ մեքենայով ինչ-որ տեղ են գնում, քանի որ այդ ժամանակ նրանք ոչ թե դեմ առ դեմ են իրենց ծնողին, այլ կողք կողքի։ Աստվածաշնչյան սկզբունք. 2 Օրենք 6։6, 7։

Խոսեք հակիրճ։ Կարիք չկա ամեն հարցի շուրջ վիճել այնքան, որ ամեն բան վատ ավարտ ունենա։ Դրա փոխարեն՝ ասեք ձեր ասելիքը.... և հետո կանգ առեք։ Ասվածի իմաստը նա հետո կհասկանա, երբ մենակ լինի ու խորհի ձեր խոսքերի շուրջ։ Տվե՛ք նրան այդպես վարվելու հնարավորություն։ Աստվածաշնչյան սկզբունք. Առակներ 1։1–4։

Լսեք և ճկուն եղեք։ Ուշադիր լսեք՝ առանց նրան ընդհատելու, որպեսզի խնդրի ողջ պատկերը տեսնեք։ Պատասխան տալիս եղեք խելամիտ։ Եթե անթեք լինեք ու խստորեն կառչեք օրենքներից, ձեր երեխան կսկսի կերպեր փնտրել, որ առանց պատիժ կրելու՝ շրջանցի ձեր կանոնները։ «Նման իրավիճակներում է, որ երեխան սկսում է երկու կյանքով ապրել։ Մի դեպքում նա դառնում է մեկը, ով ասում է ծնողներին այն, ինչ նրանք ուզում են լսել, մյուս դեպքում դառնում է մեկը, ով վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում, երբ ծնողի տեսադաշտից դուրս է»,— զգուշացնում է «Ինչպես կապի մեջ մնալ երեխայի հետ» գիրքը (Staying Connected to Your Teenager)։ Աստվածաշնչյան սկզբունք. Փիլիպպեցիներ 4։5։

Հանգստություն պահպանեք։ Կարի անունով մի դեռահաս աղջիկ ասում է. «Երբ մենք համաձայնության չենք գալիս, մայրս սրտին մոտ է ընդունում իմ ամեն ասածը և վիրավորվում է ինձնից։ Դա ինձ ջղայնացնում է, ու մեր խոսակցությունը վերածվում է կռվի»։ Սուր արձագանքելու փոխարեն՝ ասեք մի բան, ինչը ցույց կտա, որ հասկանում եք երեխայի զգացմունքները։ Օրինակ՝ ճիշտ չի լինի ասել. «Դա ինչ մի անհանգստանալու բա՞ն է որ»։ Դրա փոխարեն՝ ասեք. «Հասկանում եմ, թե ինչքան շատ է դա քեզ անհանգստացնում»։ Աստվածաշնչյան սկզբունք. Առակներ 10։19։

Առաջնորդեք, ոչ թե թելադրեք։ Պատանիների տրամաբանելու ունակությունը նման է մկանի, որը պետք է մարզել։ Ուստի երբ նա խնդրի առաջ է կանգնում, նրա փոխարեն դուք մի՛ արեք վարժությունը։ Կարող եք հարցը քննարկել նրա հետ և հնարավորություն տալ, որ ինքնուրույն անի դա։ Մի քանի տարբերակներ քննարկելուց հետո ասեք. «Ահա մի քանի լուծում։ Մտածիր դրանց մասին մեկ կամ երկու օր, հետո կխոսենք, թե որ տարբերակն ես նախընտրում և ինչու»։ Աստվածաշնչյան սկզբունք. Եբրայեցիներ 5։14։

^ պարբ. 7 Այս հոդվածում սկզբունքները վերաբերում են թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։

Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

 

Իմացիր ավելին

Խոսիր դեռահաս երեխայիդ հետ՝ առանց վիճելու

Դեռահաս երեխան այն տարիքում է, երբ ձևավորվում է նրա անհատականությունը, և նա ցանկանում է արտահայտել իր տեսակետը։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրան։

Ինչպես հաղորդակցվել պատանիների հետ

Ինչպես զրույց սկսել պատանու հետ, ով չի ուզում պատասխանել ձեր հարցերին։