Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2013

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՊԱՈԼԱ ԿՅՈԹՍԻ

Բիոքիմիկը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Բիոքիմիկը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Ավելի քան քսան տարի Պաոլա Կյոթսին Ֆեռարայի (Իտալիա) համալսարանում աշխատում է որպես մոլեկուլային կենսաբան։ «Արթնացե՛ք»-ը հարցեր է տվել նրան գիտության այդ բնագավառի ու նրա հավատի մասին։

— Պատմեք ձեր մասին։

— Հայրս կոշկակար է եղել, իսկ մայրս՝ ֆերմայի աշխատող։ Բայց ես ուզում էի դառնալ գիտնական։ Գեղեցիկ ծաղիկները, թռչունները, միջատները միշտ իմ մեջ հիացմունք էին առաջացնում։ Ես զգում էի, որ դրանք գերմարդկային իմաստության արդյունք են։

— Ուրեմն դուք միշտ հավատացե՞լ եք Ստեղծչի գոյությանը։

— Ո՛չ։ Իրականում, Աստծու գոյության վերաբերյալ կասկածները ծագել են իմ մեջ դեռ մանկուց։ Հայրս հանկարծամահ եղավ ինֆարկտի պատճառով, ու ես մտածում էի. «Ինչո՞ւ է այսքան գեղեցիկ բաներ Ստեղծողը թույլ տալիս տառապանքն ու մահը»։

— Գիտության ոլորտում ձեր ուսումնասիրությունները օգնեցի՞ն գտնելու պատասխանը։

— Ոչ միանգամից։ Երբ դարձա մոլեկուլային կենսաբան, սկսեցի ուսումնասիրել մահը, բջիջների նորմալ ծրագրված մահվան գործընթացը, որոնցից կազմված է մեր մարմինը։ Սա տարբերվում է բջիջների անվերահսկելի մահվան գործընթացից, որը բորբոքում և գանգրենա է առաջացնում։ Դեռ մի քանի տարի առաջ գիտնականները շատ քիչ ուշադրություն էին դարձնում այս պրոցեսին, չնայած որ դա շատ կարևոր է մեր առողջության համար։

— Ի՞նչ եք ուզում ասել՝ նշելով, որ բջիջների ծրագրված մահվան գործընթացը կարևոր է։

— Մեր մարմինը կազմված է տրիլիոնավոր միկրոսկոպիկ բջիջներից։ Բոլոր այդ բջիջները պետք է մահանան և փոխարինվեն նորերով։ Յուրաքանչյուր տեսակի բջիջ ունի կյանքի տևողության տարբեր աստիճաններ. որոշները ինքնավերարտադրվում են մի քանի շաբաթը մեկ, մյուսները՝ մի քանի տարին մեկ։ Մեր բջիջների ծրագրված մահվան բնականոն գործընթացը պետք է լիովին վերահսկվի, որ հավասարակշռություն պահպանվի մահացող բջիջների և կազմավորվող բջիջների միջև։

 — Այդ դեպքում ի՞նչ սխալ բան կարող է լինել։

— Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ երբ բջիջները չեն մահանում, ռևմատոիդ հոդաբորբ կամ քաղցկեղ կարող է առաջանալ։ Մյուս կողմից՝ երբ բջիջները վաղաժամ են մահանում, Պարկինսոնյան կամ Ալցհեյմերի հիվանդություն կարող է ի հայտ գալ։ Իմ հետազոտությունները կապ ունեն այդ հիվանդությունները բուժելու կերպեր գտնելու հետ։

— Ի՞նչ ազդեցություն թողեց ձեզ վրա այն բանի ուսումնասիրությունը, որ բջիջը մահանում է։

— Անկեղծ ասած՝ այն ինձ շփոթության մեջ գցեց։ Հասկանում էի, որ այս հրաշալի պրոցեսը ծրագրավորված է ինչ-որ մեկի կողմից, ով ուզում է, որ մենք առողջ լինենք։ Բայց դեռ ինձ մի հարց էր անհանգստացնում. «Ինչո՞ւ են մարդիկ տառապում ու մահանում»։ Պատասխանը չէի կարողանում գտնել։

— Բայց դուք համոզված էիք, որ բջիջների մահվան բնականոն գործընթացը ծրագրավորված է մեկի կողմից։

— Այո՛։ Ողջ պրոցեսի բարդությունը ուղղակի ապշեցնող է, բացառիկ իմաստության դրսևորում։ Հավատում եմ, որ դա Աստծու իմաստությունն է։ Հզոր մանրադիտակների միջոցով ուսումնասիրում եմ բազում բարդ մեխանիզմներ, որոնք կարգավորում են այդ պրոցեսը։ Որոշ մեխանիզմներ անհրաժեշտության դեպքում կարող են ընդամենը մի քանի վայրկյանում խթանել այդ կործանարար պրոցեսը։ Բջիջները մասնակցում են իրենց իսկ կործանման գործընթացին։ Այդ պրոցեսը այնքան լավ է ծրագրավորված, որ այն իրոք ակնածանք է ներշնչում։

Քանի որ գրեթե բոլոր բջիջները կանոնավոր ինքնավերարտադրվում են, հավիտյան ապրելը միանգամայն հնարավոր է

— Դուք հարցեր ունեիք Աստծու և տառապանքի վերաբերյալ։ Ինչպե՞ս իմացաք պատասխանները։

— Երկու Եհովայի վկա 1991թ.-ին եկան մեր տուն, ու ես հարցրի նրանց, թե ինչու ենք մահանում։ Նրանք Աստվածաշնչից ցույց տվեցին պատասխանը. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմեացիներ 5։12)։ Եթե առաջին մարդը հնազանդ լիներ Աստծուն, նա կապրեր հավիտյան։ Ես հասկացա, որ այս տեղեկությունը ներդաշնակ է այն բանին, ինչ իմացել եմ իմ հետազոտություններից։ Ինձ համար պարզ դարձավ, որ Աստված չի ծրագրել, որ մարդիկ մահանան։ Քանի որ գրեթե բոլոր բջիջները կանոնավոր ինքնավերարտադրվում են, հավիտյան ապրելը միանգամայն հնարավոր է։

— Ի՞նչը ձեզ համոզեց, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։

Սաղմոս 139։16-ում Աստծու մասին գրված է. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը»։ Որպես կենսաբան՝ ես ուսումնասիրում եմ գենետիկ ինֆորմացիան, որը գրված է մեր բջիջներում։ Որտեղի՞ց սաղմոսերգուն գիտեր այս մասին։ Որքան շատ բան իմացա Աստվածաշնչից, այնքան շատ համոզվեցի, որ այն ներշնչված է Աստծուց։

— Ինչպե՞ս հասկացաք, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում։

— Եհովայի վկաներից մեկը ինձ առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Վերջապես ես իմացա, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Իմացա նաև, որ Աստված նպատակ ունի «կլանելու մահը հավիտյան» (Եսայիա 25։8)։ Մեր Ստեղծչի համար հեշտ կլինի այնպես անել, որ մեր մարմնի հրաշալի համակարգը կատարելապես գործի, որպեսզի անվերջ վայելենք կյանքը։

— Ինչպե՞ս եք Աստվածաշնչի ձեր գիտելիքներով օգնել ուրիշներին։

— 1995թ.-ին դարձա Եհովայի վկա և այդ ժամանակվանից Աստվածաշնչից ձեռք բերած իմ գիտելիքները հայտնում եմ ուրիշներին։ Օրինակ՝ իմ կոլեգաներից մեկը ցնցվել էր, երբ եղբայրը ինքնասպանություն էր գործել։ Նրա եկեղեցին սովորեցնում է, որ Աստված երբեք չի ներում նման արարքը։ Ես ասացի նրան, որ Աստվածաշունչը հարության հույս է տալիս (Հովհաննես 5։28, 29)։ Նա անչափ մխիթարվեց՝ իմանալով, որ Ստեղծիչը հոգ է տանում մեր մասին։ Այդ պահերին զգում եմ, որ աստվածաշնչյան ճշմարտությունները ուրիշներին պատմելը ինձ ավելի մեծ բավականություն է պարգևում, քան գիտությունը։