Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Դեկտեմբեր 2012

Համբերություն էլ չկա՞

Համբերություն էլ չկա՞

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ չէ, որ մարդիկ այլևս համբերատար չեն։ Արդեն չես զարմանում, երբ տեսնում ես, որ շատերն իրենց համբերությունը կորցնում են երթևեկության խցանման ժամանակ կամ հերթի մեջ սպասելիս։ Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ այսօր մարդիկ ավելի անհամբեր են, քան անցյալում։ Իսկ պատճառները գուցե զարմացնեն քեզ։

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ վերջին տարիներին շատերը անհամբեր են դարձել տեխնիկայի պատճառով։ Կանադական մի թերթի տեղեկության համաձայն՝ հետազոտողներից մի քանիսը հայտնում են, որ «թվային տեխնիկան՝ բջջային հեռախոսներից մինչև լուսանկարչական ապարատներ, էլ. նամակներ, պլանշետներ, փոխում է մեր կյանքը.... Այն արագ արդյունքները, որ բերում է այսօրվա տեխնիկան, մեծացնում է մեր ախորժակը, և մենք ուզում ենք նույնպիսի արագությամբ տեսնել արդյունքներ կյանքի մյուս ոլորտներում» (The Gazette)։

Ընտանեկան հոգեբան դոկտոր Ջենիֆեր Հարթսթեյնը մի քանի լուրջ դիտարկումներ է անում։ Նա բացատրում է. «Մենք ակնկալում ենք, որ ամեն բան արվի արագ, որակյալ և մեր ուզած ձևով։ Երբ այդպես չի լինում, շատ ենք  հիասթափվում և դառնում ենք ավելի դյուրագրգիռ, ինչը անհամբերության [նշան] է»։ Նա նաև ավելացնում է. «Մենք կորցրել ենք կյանքի տեմպը դանդաղեցնելու և այդ պահերը վայելելու արվեստը»։

Ոմանք կարծում են, որ շուտով էլ. նամակները կկորցնեն իրենց ճանաչումը և կհամարվեն հնացած բան։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք, ովքեր էլ. նամակներ են գրում, չեն կարողանում համբերել մի քանի ժամ, նույնիսկ մի քանի րոպե, որ պատասխանը ստանան։ Բացի այդ, էլ. նամակ գրելիս ակնկալվում է նախաբան ու եզրափակիչ խոսքեր գրել։ Իսկ շատերը նման ընդունված բաները ձանձրալի և ժամանակատար են համարում։ Նրանք նախընտրում են կարճ հաղորդագրություններ ուղարկել, որոնց դեպքում չի ակնկալվում լրացուցիչ բաներ գրել, ինչպես անում են էլ. նամակ գրելիս։ Թվում է, թե մարդիկ համբերություն չունեն, որ կարողանան ողջույնի գեղեցիկ խոսքեր տպել։ Շատերն էլ ժամանակ չունեն իրենց գրածը ստուգելու։ Եվ արդյունքում նամակները սխալ հասցեատիրոջ են գնում կամ բազմաթիվ քերականական և տպագրական սխալներ են պարունակում։

Շատ մարդիկ համբերություն չունեն երկար տեքստ կարդալու համար

Արագ արդյունքների հասնելու ցանկությունը չի սահմանափակվում միայն թվային հաղորդակցմամբ։ Մարդիկ աստիճանաբար կորցնում են կյանքի այլ ոլորտներում սպասելու ունակությունը։ Օրինակ՝ նկատե՞լ ես, որ հաճախ չափից շատ արագ ես խոսում, չափից շատ արագ ես ուտում, չափից շատ արագ ես մեքենա վարում կամ չափից շատ փող ես ծախսում։ Երբեմն մի քանի րոպե վերելակի առաջ կանգնելը, լուսաֆորի գույնը փոխելուն կամ համակարգչի միանալուն սպասելը կարող է մի ամբողջ հավիտենություն թվալ։

Մասնագետները նկատել են, որ շատ մարդիկ համբերություն չունեն երկար տեքստ կարդալու համար։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք սովոր են արագ մի վեբ կայքից մյուսը մտնել, մի գովազդագրից մյուսին անցնել՝ ցանկանալով հնարավորինս արագ նշմարել գլխավոր կետերը։

Մի՞թե համբերություն էլ չկա։ Երբ հարցը վերաբերում է անհամբերության պատճառներին, մասնագետները բավարար պատասխաններ չեն տալիս։ Այդուհանդերձ, համոզիչ փաստեր կան, որ անհամբերությունը կարող է վնասակար լինել։ Հաջորդ հոդվածներում խոսվում է այդ մասին և թե ինչ կարող ես անել համբերատար լինելու համար։

Շատ մարդիկ սովոր են արագ մի վեբ կայքից մյուսը մտնել, մի գովազդագրից մյուսին անցնել