Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Կով՝ երկու բրդյա մազածածկով

Կով՝ երկու բրդյա մազածածկով

ԵՐԲ մի օր հանդիպես մեծ կոտոշներով, աչքերին ընկած երկար մազափնջով և ամրակազմ մարմինը ծածկող հաստ բրդոտ մորթիով լեռնաբնակ կովին, միանգամից կճանաչես նրան։

Այս դիմացկուն լեռնաբնակը խոշոր եղջերավոր անասուններից ամենահին տեսակներից մեկն է, որը կարողացել է դիմանալ Շոտլանդիայի լեռների ու կղզիների անբարենպաստ եղանակին։ Սկզբնապես այս կենդանիները, որ արածում էին հեռավոր լեռներում, ավելի խոշորամարմին ու կարմրահեր էին, մինչդեռ արևմտյան ափի կղզիներում ապրողները ավելի փոքրամարմին և սևահեր էին։ Այսօր մարդիկ կովերի տեսակների մեջ այս լեռնաբնակին համարում են առանձին տեսակ։ Դրանց գույները տարբեր են՝ կարմիր, սև, բաց դարչնագույն, դեղին ու սպիտակ։

Հետաքրքիր այս կենդանու ճակատի խիտ, բայցև ծիծաղելի մազափունջը կարևոր դեր է կատարում։ Ձմռանը այն պաշտպանում է քամուց, անձրևից և ձյունից, իսկ ամռանը՝ թռչող միջատներից, որոնք կարող են ինֆեկցիա փոխանցել։

Թեև խոշոր եղջերավոր անասունների խումբը հաճախ կոչում են նախիր, բայց լեռնաբնակ այս կովերի խմբին անվանում են հոտ։ Հին ժամանակներում գիշերները ֆերմերները կամ ագարակների վարձակալները իրենց անասուններին բերում էին քարանձավներ, որոնք կոչվում էին փարախներ։ Այդպես նրանց պաշտպանում էին վատ եղանակից ու գայլերից։

Նրա յուրահատուկ մազածածկը

Լինելով խոշոր եղջերավոր կենդանիների մեջ առանձնահատուկ կենդանի՝ այս լեռնաբնակը ունի կրկնակի շերտով մազածածկ։ Վերին մազածածկը երկար, գզգզված մազեր են, որոնք երբեմն հասնում են մինչև 33 սանտիմետրի։  Այս յուղոտ, բրդոտ ծածկը անջրանցիկ է և չի թրջվում ձյունից ու անձրևից։ Իսկ դրա տակ փափուկ, բրդոտ ծածկ կա, որը կենդանուն տաք է պահում։

Ջիմը, որ երկար տարիներ գործ է ունեցել լեռնաբնակների հետ, ասում է. «Օճառով այդ կովերին լողացնելը շատ դժվար է, կարծես անհնար է նրանց մազերը թրջել»։ Իր խիտ ու բրդյա ծածկերի շնորհիվ նա ապրում ու բազմանում է լեռներում հորդահոս անձրևների և սառը քամիների տակ, որտեղ ոչ մի ուրիշ եղջերավոր կենդանի չի կարող դիմանալ։

Ամռանը, երբ եղանակը չոր է և տոթ, այս հարմարվող կենդանին իր վրայից գցում է այդ ծանր մազածածկը։ Հետո, երբ ցուրտ ու խոնավ օրերը սկսում են, նա նոր մազածածկ է հագնում։

Կարևոր առավելություն

Թեև ոչխարները փչացնում են բուսականությունը, երբ որոճում են արմատները և նուրբ ճյուղերը, բայց կովերը, այդ թվում նաև այս լեռնաբնակ կենդանին այդպես չեն վարվում։ Իրականում, նա նույնիսկ բարելավում է արոտավայրը։ Ինչպե՞ս։ Իր երկար ու զորեղ կոտոշներով և լայն դնչով նա մաքրում է տարածքը անցանկալի թփուտներից, որոնց շատ ուրիշ կովեր չեն էլ ուզում դիպչել։ Այս մաքրման աշխատանքների շնորհիվ խոտերն ու ծառերը վերականգնվում են։

Այս կովի բրդյա երկու մազածածկերը մեկ ուրիշ կարևոր առավելություն էլ ունեն։ Քանի որ նա կարիք չունի ճարպի լրացուցիչ շերտի՝ տաք մնալու համար, նրա միսը ճարպոտ չէ, խոլեստերինի քանակությունը քիչ է և սովորական տավարի մսից ավելի հարուստ է սպիտակուցներով ու երկաթով։ Ի դեպ, այս բարձրորակ միսը պարտադիր չէ, որ միշտ թանկ սեղաններին մատուցվի։

Զգուշացում

Լեռնաբնակ այս կենդանիները մարդկանց հետ համատեղ ապրելու երկար տարիների պատմություն ունեն։ Դեռ վաղ ժամանակներից շոտլանդացիները նրանց պահել են իրենց տների ներքնահարկերում։ Նրանց շնորհիվ տան վերնահարկերը, որտեղ մարդիկ ապրում էին, տաք էին լինում։

Թեև ընդհանուր առմամբ եղջերավոր կենդանիները հանգիստ ու հնազանդ են, սակայն երբեմն այս լեռնաբնակները կարող են վտանգավոր լինել։ Օրինակ՝ մայր կովը, որը հորթուկ ունի, կարող է շատ ագրեսիվ լինել։ Բացի այդ, հարկավոր է շրջել հոտի կողքը, ոչ թե լինել դրա մեջ։

Լեռնաբնակ այս ունիվերսալ կենդանին հայտնի տեսակ է ողջ աշխարհում։ Նա բնակվում է հեռավոր հյուսիսում՝ Ալյասկայում ու սկանդինավյան երկրներում, և կարող է արածել անգամ մինչև 3000 մետր բարձրության հասնող Անդերում։ Սակայն միևնույն ժամանակ նա լավ հարմարվում են նաև ավելի տաք տարածքներին։

Շոտլանդիան ճանաչված է տարտան բրդյա գործվածքով, կիլտով (ազգային լեռնականի կարճ ծալավոր շրջազգեստ) և պարկապզուկ երաժշտական գործիքով, բայց նաև հայտնի է իր լեռնաբնակ գեղեցիկ խոշոր եղջերավոր կենդանիներով։ Իսկ այնտեղ, որտեղ դու ես ապրում, կա՞ն կովեր բրդյա երկու մազածածկով։