Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Դեկտեմբեր 2012

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Google-ում «պոռնո» բառի որոնումների քանակը 2004թ.-ից ի վեր եռապատկվել է («ԷԿՈՆՈՄԻՍՏ», ԲՐԻՏԱՆԻԱ)։

«Երբ երիտասարդ [ռուս] կինը ամուսնանում է.... հավանականությունը, որ նրա ամուսինը կհարվածի նրան կամ որ կռվի ժամանակ ֆիզիկական վնաս կհասցնի, մոտ 60 տոկոս է» («MOSKOVSKIYE NOVOSTI», ՌՈՒՍԱՍՏԱՆ)։

«Միացյալ Թագավորությունում յոթ գիտնականներից կամ բժիշկներից մեկը ականատես է եղել, որ իր կոլեգաները հետազոտություններ անելիս կամ ինչ-որ բան հրապարակելու նպատակներով դիտավորյալ փոխում կամ կեղծում են տվյալները» (ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ, ԲՐԻՏԱՆԻԱ)։

«Սկսած 1971թ.-ից՝ ԱՄՆ-ում քաղցկեղից բուժվածների թիվը քառապատկվել է, և նրանց թիվը հասել է մոտ 12 միլիոնի.... Մեծ մասամբ դա պայմանավորված է սքրինինգի միջոցով ավելի վաղ հայտնաբերվող ախտորոշմամբ, ավելի արդյունավետ բուժմամբ և հետագա կատարելագործված խնամքով» (UC BERKELEY WELLNESS LETTER, ԱՄՆ)։

2011թ. Սուրբ ծնունդը նշելուց անմիջապես առաջ Բեթլեհեմի Սբ. Ծնունդ եկեղեցու տարբեր դավանանքների պատկանող մոտ 100 քահանաների և վանականների միջև կռիվ բռնկվեց։ «Դա մի չնչին խնդիր էր, որը.... ծագում է ամեն տարի,— ասել է ոստիկանության փոխգնդապետը։— Ոչ ոք չի ձերբակալվել, քանի որ բոլոր ներգրավվածները Աստծու մարդիկ են եղել» («ՌԵՅԹԵՐ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԱՄՆ)։

Կանաչ պատ Աֆրիկայի երկայնքով

2007թ.-ին Աֆրիկյան միությունը սկիզբ դրեց պան-աֆրիկյան նախագծին, որի նպատակն է կանաչ պատով կանգնեցնել անապատի ընդարձակումը։ Արևմուտքից արևելք՝ Սենեգալից Ջիբութի, 11 երկրներ տնկում են միլիոնավոր համապատասխան սածիլներ՝ ջանալով ստեղծել 7600 կիլոմետր երկարությամբ ու 15 կիլոմետր լայնությամբ բուսականության հնձաշերտ։ «Մենք պետք է տնկենք այնպիսի տեսակներ, որոնք հարմար չեն փայտամթերման համար»,— ասում է Դակարի (Սենեգալ) Չեյք Անթա Դիոփի անվան համալսարանի բույսերի էկոլոգիայի պրոֆեսոր Ալիու Գիսեյը։ Հույս կա, որ կրկին անտառապատված տարածքները նույնպես կծառայեն որպես արգելանոցներ և տեղի համայնքների համար կլինեն կայուն ռեսուրսներ։

Ինչո՞ւ ենք հորանջում

Գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչու է մեր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդ հորանջում և մեծ մասամբ՝ օրը մի քանի անգամ։ Նույնիսկ մոր որովայնում գտնվող երեխան է հորանջում։ Հորանջում են նաև ոզնիները, ջայլամները, օձերը, ձկները։ Բազմաթիվ վարկածներ կան, որոնք հաճախ հակասում են իրար, և դրանցից ոչ մեկը չի բավարարում հետազոտողներին։ Շատ գիտնականներ ենթադրում են, որ միջինը վեց վայրկյան տևող օդի այդ կլանումը ուղեղին մեծ քանակությամբ թթվածին է մատակարարում։ Այդուհանդերձ, «մինչև հիմա հետազոտողները այս ենթադրությունը չեն կարողանում ապացուցել»,— ասում է «Սայենս նյուս» հանդեսը։ Առնետների վրա կատարված նոր ուսումնասիրությունները ենթադրում են, որ «հորանջելը թերևս թերմոստատ է՝ զովացնում է գերտաքացած ուղեղը»։ Իրականում, սակայն, ոչ ոք հաստատ չի կարող որևէ բան ասել։